News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 32-րդ՝ հոկտեմբերի 28

Առավոտյան Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք», գրել է Ա.Հարությունյանը, հավելելով, որ Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի եւ նա շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել.

«Երեկոյան Մարտունին եւ Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել»։

Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։

Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել են դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Նրանց ձեռքին ծածանվում են Հայաստանի, Արցախիեւ Ֆրանսիայի դրոշները:Ցուցարարները վանկարկում են. «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ալիեւ տեռորիստ», «Էրդողան տեռորիստ», «Հաղթանակ», «Հաղթելու ենք», «Փառք զինվորին»:Ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե անեն օր են նմանատիպ ցույցեր անելու՝ մինչեւ աշխարհը չի բարձրացրել իր ձայնն ընդդեմ խաղաղ հայ բնակչության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։

Նշենք, որ օրվա ընթացքում հայ ցուցարարների վրա հարձակվել են մի խումբ թուրքեր, որոնցից մեկը մուճով հարվածել է հայ երիտասարդներից մեկի գլխին։

Չեխիայի հայ երիտասարդները 3-րդ բողոքի ակցիան են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջերի օրերին կիրառում է Արցախի դեմ։ Երիատասարդները լուռ ակցիա են իրականացրել իրենց հետ տանելով արյունոտ փողեր ու մանկական հագուստ։

«Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն Հայկական արյունը ձեր ձեռքերին է», պաստառներին գրել էին նրանք։

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, երկուսը՝ վիրավորվել։«Սմերչից» մեկ հարված էլ հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է տարածել Հայաստանի հարավ-արեւելյան ուղղությամբ վերջին եւ պատերազմի թիկունքում գտնվող առաջին գյուղի՝ Նռնաձորի մասին, որտեղ լսվում են հրետակոծությունների ձայները:

«Թուրքը մեզ չի վախեցնի: Մենք շարունակում ենք ապրել: Ճիշտ է, բոլորիս սրտում ցավ կա, բայց այդ ցավը մեզ ավելի ուժ է տալիս: Չենք գնում, որ տղերքն իմանան, թե ինչի համար են կռվում: Ո՞ւմ թողնենք մեր հողը գնանք: Մենք էդ պատվին չենք արժանացնի թուրքին», ասել են գյուղի կանայք։

Մեկ ուրիշ բնակիչ էլ ասել է. «Կարող եմ վստահ ասել ամբողջ գյուղի անունից՝  ոչ մեկն այստեղից դուրս չի գա: Բոլոր տղամարդիկ էլ այս րոպեին պատրաստ են գնալ պատերազմ: Մենք մեր հողը, ջուրը չենք թողնի: Մենք գրաված տարածք չունենք, ունենք ազատագրած տարածք: Մենք ունենք հայկական պատմական հողեր, որոնք ժամանակին ազատագրել ենք»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կարճ գրառում արեց Ֆեյսբուքում.

«Պահեստազորի պարապմունքները շարունակվում են»:

Արցախի ՊԲ-ն հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 59 զինծառայողների անուններ:

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին Բաքու հասնելուն պես հայտարարել է Իրանի` ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնության մասին։ IRNA-ն հայտնել է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը Բաքվումորպես իր այցի հիմնական նպատակ նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումը:

«Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն Իրանի պլանի հիմնական գործոններն են»,- ասել է իրանցի դիվանագետը` հավելելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով:

«Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում երկու կողմերն էլ խախտել են հրադադարի ռեժիմի շուրջ երեք պայմանավորվածությունները: Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ պատերազմի չորս շաբաթների ընթացքում զոհվել է  5000 մարդ: Չնայած ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երեք տասնամյակ, այսօր այն ունի նոր կողմ` ադրբեջանական կողմի զգալի տեխնոլոգիական առավելության տեսքով», գրել է Marianne-ը, որը հարցազրույց է հրապարակել Amnesty International-ի սպառազինությունների փորձագետ Բրայան Քասթների հետ:

Ըստ Բ.Քասթների՝ Ադրբեջանին առավելություն է տալիս իսրայելական զենքը, ինչպիսիք են կասետային ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջվճռորոշ են դառնում զենքի նոր տեսակները, դա վերաբերում է անցյալ պատերազմներում չտեսնված զենքերին, ինչպիսիք են կամիկաձե դրոնները: Դրանք երկար ժամանակ թռնում են, ապա մխրճվում են թիրախի մեջ, երբ օպերատորը գտնում է այն: Եթե ​​դուք հայ զինվոր եք եւ անընդհատ անօդաչու թռչող սարքերի բզզոց եք լսում, դուք գաղափար անգամ չունեք, թե երբ եւ որտեղից այն ձեզ վրա կընկնի: Ադրբեջանն ունի դրոնների նոր տարբերակը՝ իսրայելական HARPY-ն։ Դրանք տարբերվում են փոքր չափերով եւ բարձր գնով՝ այն սարքերի համեմատ, որոնք ավանդաբար օգտագործում են ամերիկյան, ֆրանսիական եւ չինական ուժերը», ասել է փորձագետը,  հաստատելով ադրբեջանական ուժերի կողմից Ստեփանակերտում կասետային ռումբերի կիրառման փաստը.

«Ինչ վերաբերում է Գյանջային, չգիտեմ, թե քաղաքին ինչպես է հարված հասցվել, քանի որ Ադրբեջանը լրագրողների եւ դիտորդների համար բավականին փակ երկիր է, որտեղ դժվար է հավաստի տեղեկություն ստանալ», ասել է Բ.Քասթները։

Ըստ նրա՝  Թուրքիայի մասնակցությունն անչափ խնդրահարույց է.

«Ադրբեջանին նրա աջակցության առումով ոչ մի կասկած չկա։ Անկարան Ադրբեջանում է տեղակայել իր F-16-ները։ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում եւ Լիբիայում առճակատման մեջ են։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղը դառնում է երրորդ ճակատ»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, չնայած ավելի վաղ ընդունված հրադադարի մասին որոշումներին, ինչը ափսոսանք ու մտահոգություն է հարուցում։ Նա նշել է, որ տարածաշրջանում չկա կայուն հրադադար։

Ըստ Դմիտրի Պեսկովի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: «Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա:

ՊԲ-ն ներկայացրել է հակառակորդի կորուստների թարմացված վիճակագրությունը.  223 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 618 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, ունի 6749 սպանված։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է զինվորական մեդալների ու շքանշանների արժանացած զինծառայողներին:

Ակտիվ հրետակոծությունից հետո թշնամին 4 տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհել է ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, որը պաշտպանող ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառել թշնամուն եւ  ետ շպրտել: Կապիտան Աբրահամյանը վիրավորվել է, նա ներկայացված է «Արիության համար» մեդալի:

ԳնդապետներՀրայր  Աթոյանը,Սամվել Գրիգորյանն ու Էրիկ Գրիգորյանը, մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման եւ հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար, ներկայացվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:Նույն կարգի պետական պարգեւի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը:

«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Դանիելյանն ու Լեռնիկ Ասրյանը:

Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Խաչատրյանը, Հովիկ Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Բալայանը եւ սերժանտ-պայմանագրային Կարեն  Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով.

«Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»:

Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է, որ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության օբյեկտները:

«Այս նոր հանցագործությունները հետևանքն են նախորդների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը», նշված է հաղորդագրությունում:

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունները:Օրենքի համաձայն՝ երկրում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կարող է օգտագործվել ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրների լուծման համար: Հնարավոր հասցված վնասը կփոխհատուցվի:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Շուշիի հրթիռակոծությունը շարունակվում է, քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «առանց որեւէ պայմանի» Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, սակայն կասկածում է, որ Երեւանն ունակ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կառուցողական աշխատանքի:

«Մոսկվայում բանակցությունների համար հրավեր չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ եռակողմ հանդիպումների, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել: Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախկին նախագահների օրոք, եւ ես երբեք այդ հանդիպումներից չեմ հրաժարվել»,-ասել է Ալիեւը «Ինտերֆաքսին»:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծման վերաբերյալ.

«Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»։

Washington Post-ում Դեւվիդ Իգնատիուսը գրել է, որ հրադադարի մասին բանակցությունները դիվանագետի համար մղձավանջ են: Հարձակվող կողմը չի ցանկանում հրաժարվել իր առավելությունից, իսկ պաշտպանվող կողմը չի ցանկանում զենքի սպառնալիքով զիջումների գնալ եւ հենց դա է Պետքարտուղարության պաշտոնյաների խնդիրը, որոնք փորձում են հասնել կայուն հրադադարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սարսափելի պատերազմում:

«ԱՄՆ պաշտոնյաները սեղմում են ճիշտ կոճակներ, որոնց նպաստում է նախագահ Թրամփի թվիթը: Նրանք առաջարկում են հոկտեմբերի 29-ին հանդիպում անցկացնել Ժնեւում` իրական հրադադարի միջազգային մոնիտորինգ կազմակերպելու համար (որը ցանկանում է Հայաստանը) եւ բանակցություններ վարել «համապարփակ կարգավորման» (որին ձգտում է Ադրբեջանը) «ժամկետների» վերաբերյալ:

Թրամփի վարչակազմը հասունացող հրդեհի տագնապալի նշանները նկատել էր դեռեւս սեպտեմբերի 25-ին, երբ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը նախազգուշացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին ռազմական հզորության աճեցման մասին: Երկուսն էլ երդվեցին, որ չեն պատրաստվում կռվել, բայց 48 ժամ անց Ադրբեջանը սկսեց հարձակումը, իսկ Հայաստանն անմիջապես պատասխանեց: Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անցած ուրբաթ երկու երկրների արտգործնախարարներին համատեղ բանակցությունների համար Վաշինգտոն կանչեց: Շաբաթ երեկոյան Բիգանը պայմանավորվեց երկու միջազգային խմբերի վերահսկողության ներքո հրադադարի եւ Ժնեւում այս հինգշաբթի կայուն կարգավորման շուրջ բանակցությունների մասին:«Իհարկե, մենք պատրաստ ենք խելամիտ փոխզիջումների»,-ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը:Սակայն ադրբեջանցիները՝ զգալով, որ առավելություններ ունեն, դիմադրում են: Կիրակի օրը գիշերը ժամը 3-ին Պետդեպը հաղորդագրություն է ստացել, որ Ալիեւը մերժել է գործարքը, քանի որ դրանում նշված չի եղել, որ Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը: Նոր ձեւակերպում է եւ մոդայիկ բառեր են ավելացել՝ «համալիր որոշման» համար, որն ուզում է Ալիեւը: Նոր տարբերակը հավանություն է ստացել Բաքվում եւ Երեւանում, ինչպես նաեւ Մոսկվայում եւ Փարիզում: Թրամփը գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ «շնորհավորելով» եւ ասելով, որ «շատ կյանքեր կփրկվեն»:

Սակայն կիրակի հրադադարը չի պահպանվել: Թվում էր, թե Ալիեւը ցանկանում է զգալ մարտի դաշտում Ադրբեջանի հաղթանակը, իսկ հայերը վճռական էին՝ խանգարելու Ադրբեջանին գրավել այսպես կոչված «Լաչինի միջանցքը», որը Հայաստանին կապում է Ղարաբաղի հետ:

ԱՄՆ-ն պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի մարտական գործողությունների գինը. Բաքվին Իսրայելի կողմից զենքի մատակարարումների դադարեցո՞ւմ: Ռուսաստանը մկանախա՞ղ է ցույց տալիս, որպեսզի աջակցի Հայաստանին: ԱՄՆ-ի կողմից հայտարարությո՞ւն, որը դատապարտում է Ադրբեջանին եւ նրա դաշնակից Թուրքիային խաղաղ համաձայնությունն անտեսելու համար:Realpolitik-ի տարբերակը Ղարաբաղի համար. հրադադարի ռեժիմը չի գործի, եթե այլընտրանք ավելի ցավոտ չլինի: Խաղաղության հասնելու համար դիվանագետները պետք է ձգեն սանձերը»:   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա իրեն «մի զարմանալի տեղեկություն է հայտնել»։

«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է վարչապետը։

Ոստիկանությունը շարունակել է ներկայացնել «արգելված հրապարակումներով» ռազմական ռեժիմի խախտումների վերաբերյալ վիճակագրությունը։ Հոկտեմբերի 28-ի ժամը 15-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք, որոնցից 80-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 144-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 54-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Գանձվել են տուգանքներ՝ 300 հազար դրամից մինչեւ 1,5 մլն դրամ։

ՊԲ-ն հայտնել է, որ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են.

«Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Թշնամու կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին եւ Ստեփանակերտը, ինչի հետեւանքով մեծ վնաս է հասվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Մեկ մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավոր են։ ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Արցախի ՊՆ-ն կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը եւ բնակելի թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին:

«Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների եւ նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է նա եւ տեսանյութ հրապարակել հրթիռային հարվածների հետեւանքներից։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ արձագանքելով վարչապետի կոչին,  Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  ՔԿ-ի ծառայողներից  զինվորագրել է 180 կամավորական,  ձեւավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ ՔԿ-ի  նախագահի գլխավորությամբ, ՀՀ ԶՈւ ԳՇ միջոցով մեկնել է մարտական ծառայության:

Կորոնավիրուսից  ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի մահվան առիթով Ֆեյսբուքում հրճվանքի գրառումներին արձագանքելով, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է.

«Լավ, դուք ո՞վ եք, հրեշներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք, հրեշներ, որ ձեր նողկալի, զարհուրելի չարությունն ու մաղձը վաղը բումերանգի նման փշրվելու է ձեր ու ձեր երեխաների վրա։ Լրագրողը, պատկերացնո՞ւմ եք, տղամարդ լրագրողը, որ մանկահասակ աղջիկ ունի, գրում է՝ «բա ասում էիք անասուններին կորոնան չի՞ կպնում»։Բժիշկը, բժիշկը, որ Հիպոկրատի երդում է տվել ու որը մարդ փրկելու առաքելություն ունի, գրում է՝ «վերջապես թուրքը սատկեց»։Լիքը կանայք, մայրեր, որ երեխաներ ունեն, գրում են՝ «վերջապես մի լավ լուր լսեցինք ու տարոսը 5-րդ ալիքի բոլոր հյուրերին»։Ու էս կարգի նողկալի, անմարդկային դաժան գրառումները հարյուրավոր էին։ ... Երբ այդ լյումպենի մեջ ես տեսնում եմ հայոց լեզվի երիտասարդ ուսուցչուհու, որը գրում է՝ «սատկեցիր օձ, երեխիքդ էլ վարակեիր՝ հետդ տանեիր», ես հրաժարվում եմ ընդունել, ես չեմ ուզում հավատալ, որ  հասել ենք բարոյական կոլապսի էս արհավիրքին, էս անդունդին։Ո՞նց կարող է սեփական նորածին երեխայի նկարը դրած ու ժպտացող մայրը գրի՝ «ոնց որ թուրքի ոչնչացրած լինեն, այ էդ զգացողությունն ունեմ»։Էս ի՞նչ արհավիրք էր։ Լավ, էս ի՞նչ եղավ էս բարի, կարեկցող ու սրտացավ ժողովրդին։ էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց.

«Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետեւեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին»:

Արծրուն Հովհաննիսյանն «Արմնյուզ» ՀԸ հետ հարցազրույցում ասել է, որ ՊԲ-ն Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի:

«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի եւ այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը, չթաքցնելով, որ պատերազմի օրերին որոշ սխալներ, խնդիրներ են ի հայտ եկել, որոնք բանակի հրամանատարությունը փորձել է հնարավորինս արագ լուծել, շտկել:

«Իրավիճակը շատ արագ է զարգանում, երկու կողմերն էլ վերախմբավորումներ են կատարում, մեզ մոտ էլ տեսնում եք՝ պահեստազորն ակտիվ պատրաստվում է, մենք մի փոքր երկարացրել ենք, խորացրել ենք պահեստազորի պատրաստման պրոցեսը, պահեստազորից հավաքել ենք մեծ թվով փորձառու սպաների» ,- ասել է նա:

ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն Financial Times-ի իր հոդվածում գրել է, որԼեռնային Ղարաբաղի շուրջ լարված մարտերը արագորեն մոտենում են իրենց ամենավտանգավոր փուլին, Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը խոչընդոտում է հրադադարի ռեժիմի վերականգնմանը:

«Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, չխթանեն իրենց դիվանագիտական ջանքերը բանակցությունների հաջորդ փուլում ռազմական գործողությունները կարող են կտրուկ սրվել: Արտասահմանյան երկրները, մասնավորապես Թուրքիան եւ Ռուսաստանը, կարող են պատերազմի մեջ մտնել: Դրա արդյունքը կլինի մահերի, ավերածությունների եւ տառապանքների անհավանական մակարդակը:

Սրանք արդեն ամենադաժան ռազմական գործողություններն են 1994 թվականից հետո: Չնայած հրադադարը հաճախ էր խախտվում, սակայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ունեցավ զգալի մարդկային կորուստներ: Հենց այդ ժամանակ Ադրբեջանը պարզեց, որ կարող է բռնի ուժով հետ վերցնել այն տարածքը, որը կորցրել էր 1990-ականներին:Դրանից հետո երեք նոր գործոն է գործի դրվել. Ադրբեջանը Իսրայելից եւ Թուրքիայից ձեռք է բերել բարդ ռազմական տեխնիկա, Անկարան ուղղակիորեն միջամտել է հակամարտությանը, իսկ երեք երկրները, որոնց հանձնարարված է զբաղվել միջնորդությամբ, զբաղված են ներքին եւ միջազգային ավելի հրատապ խնդիրներով», գրել է Քավանոն, շեշտելով, որ խաղաղության կոչ անող միջազգային երգչախմբի անարդյունավետության հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որը Ադրբեջանին մղում է շարունակել պատերազմը: Մեկ այլ պատճառ էլ այն է, որ բարձր տեխնոլոգիական զենքերը (ներառյալ անօդաչու թռչող սարքեր եւ զինամթերք), որոնք Իսրայելն ու Թուրքիան մատակարարել են Ադրբեջանին, շատ արդյունավետ եղան: Դա ակնհայտորեն մեծացրեց մարտական գործողությունները շարունակելու նախագահ Ալիեւի հակվածությունը:

Ադրբեջանը մղվում է դեպի Լաչինի միջանցք, եթե այն կտրվի, ապա հակամարտությունը կհայտնվի հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կհայտնվի թակարդում, խաղաղ բնակիչները խուճապի կմատնվեն: Դա կարող է դրդել Մոսկվային գործել Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական պակտին համապատասխան, ինչը, իր հերթին, կարող է դրդել թուրք զինվորականների հայտնվելը:Պատերազմի ընդլայնման ռիսկը օրեցօր աճում է: Հակամարտությունը շուտով կարող է հասնել անդառնալի կետի, երբ այն չի դադարի առանց ռազմական գործողությունների կտրուկ ընդլայնման եւ մարդկային զոհերի մեծացման:

Այս ամսվա վերջին Ժնեւում Մինսկի խմբի բանակցությունների հաջորդ փուլում միջազգային դիվանագիտությունը պետք է դառնա ավելի վճռական: Ռուսաստանը, թերեւս, ամենահարմարն է այս ջանքերը գլխավորելու համար, մանավանդ որ ԱՄՆ-ը գտնվում է նախագահական ընտրությունների վերջին փուլում», գրել է նա:

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով եւ հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին մարտավարական նպատակներով հայկական ստորաբաժանումների զիջած հատվածներում Արդբեջանի ԶՈւ-ն ջանադրաբար ստեղծում է ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնք  կարող են ավելի սրել եւ ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմաններում, այլ նաեւ լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ պատերազմը գնալով ավելի է մոտենում կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։

«Տեխնիկան իհարկե կարեւոր է, հատկապես 5-րդ սերնդի պատերազմում, սակայն, միեւնույնն է, պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարեւորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը»,- գրել է նա։

Առանց մեկնաբանության։

Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ.

«ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն դրանց մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Այդպես չի կարող լինել»։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին եւ կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ եւ դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործությունները՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար:

Կրկին նախազգուշացնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում եւ չի մնալու. ուշքի եկեք...

Իսկ ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, եւս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով եւ մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ բացահայտել և կանխել է Արցախից դեպի ՀՀ անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Թուրքիայի ՊՆ պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

«Անկարող լինելով կոծկել Սիրիայից եւ Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ եւ սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը:Հայաստանը եւ Արցախը, ի տարբերություն մեր երկու հարեւանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»։

ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, մտահոգություն հայտնել ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ եւ հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են արել: «Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանը այլընտրանքներ չլինելը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը», նշված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակություն գործուղել Մոսկվա՝ ԲՀԿ գործընկեր՝ ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ Արցախում եւ Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը քննարկելու համար: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է

գործընկերային եւ դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը եւ նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, ապա ավելացրել, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա՝ ՌԴ զինվորականները նախկինում եւս կանգնած էին Իրանի եւ Թուրքիայի հետ հանրապետության սահմաններին, իսկ հարավում սրման հետ կապված՝ նաեւ այնտեղ։Իսպանական EFE գործակալության հետ զրույցում նա այսպես է մեկնաբանել սոցիալական ցանցերում հայտնված ռուս զինվորների լուսանկարները Ղարաբաղի տարածաշրջանում:

EFE գործակալությանը Փաշինյանն ասել է նաեւ, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի:

«Նախ, թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը սկսելու համար:Պատերազմը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածությունն այս գործընթացում և նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներ, Թուրքիայի ագրեսիվությունը և Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար», ասել է նա:

Երեկոյան ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մարտերը շարունակվում են, դրանք տեղական են, ոչ թե ինտենսիվ, բայց համառ բնույթ են կրում:

«Ամբողջ օրը Ադրբեջանի զինված ուժերը եւ նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են տարբեր գործողությունները՝ Հայաստանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի հյուսիսից հարավ:Բերձորի ուղղությամբ եւ հարավային հատվածում տեղի են ունեցել ոչ լայնամասշտաբ գործողություններ: Հակառակորդը,չնայած ջանքերին, չի կարողացել առաջ շարժվել Բերձորի ուղղությամբ: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավել իրենց դիրքերը: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում տեղի են ունեցել հրետանային մարտեր՝ Մարտակերտի ուղղությամբ եւ դեպի հյուսիս: Օրվա ընթացքում դուք տեսել եք հակառակորդի բարբարոսության, բնակավայրերի հրթիռակոծման ապացույցները»,- ընդգծել է Արծուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հարավում դիվերսիոն խմբերի ոչնչացումը շարունակվում է, մարտերը տեղական են, ոչ թե ինտենսիվ, բայց համառ բնույթ են կրում, ընդհանուր առմամբ, կրակի խտությունը եւ ռազմական գործողությունների մասշտաբներն ու դինամիկան նվազել են։

Արծրուն Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ տարածաշրջանային երկրները պետք է անհանգստանան Ադրբեջանի ստեղծած ահաբեկչական հենակետերից.

«Որոշ ուղղություններով Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկողությունը փոխանցել է ահաբեկիչներին: Մենք տարածաշրջանային երկրների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ թշնամու հարձակման ուժգնությունը կոտրվել է: Մարտերը շարունակվում են, դրանք տեղական բնույթ ունեն, մեծ թվով դիվերսիոն խմբերի վերացումը ժամանակ է պահանջում:

«Մենք պաշտպանում ենք մեր տունը: Մենք տան տերն ենք եւ կհաղթենք»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինեն Ստեփանակերտի ծննդատան գնդակոծման հետ կապված գործողությունները, ՊՆ ներկայացուցիչը նշել է.

«Մենք բազմիցս ասել ենք, որ վրեժ չենք լուծում խաղաղ բնակիչներից, ինչպես անում են Ադրբեջանի զինված ուժերը: Մենք պայքարում ենք մեր տուն ներխուժած թշնամու դեմ: Լինեն դրանք Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ պետության զինված ուժերի ներկայացուցիչներ, թե ահաբեկիչներ: Մենք ասում ենք՝ բարի գալուստ դժոխք: Նրանք դժոխքում են հայտնվելու: Այո, պայքարը երկար կլինի, բայց մենք կհաղթենք, եւ թշնամիները դժոխքում կվառվեն»:

Առանց մեկնաբանության։

ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները շարունակելու կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք մեր անհանգստությունն ու բացահայտ հիասթափությունը արտահայտել շարունակական ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Երեք անգամ կողմերը համաձայնել են հումանիտար հրադադարի հաստատմանը: Անհրաժեշտ է, որ նրանք իսկապես կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Մեզ անհապաղ հրադադար է անհրաժեշտ` մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար»- ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դյուժարիկը:

Մամուլը հայտնեց, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բալասանյանն առաջարկել է Շուշիի պաշտպանությունը վստահել իրեն եւ մերժում ստացել։

«Շողակաթ» ՀԸ-ն տեսանյութ է տարածել, թե ինչպես է առաջնագծի գնդերեցը երգում է զինվորների համար: Տ. Վարազդատ քահանան զինվորների մկրտությունից հետո երգել է զինծառայողների համար: 

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ վաղուց ժամանակն է, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ դեէսկալացիայի եւ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար:

«Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարած հրադադարի ռեժիմի խախտումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետը շարժվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որոնք արդեն իսկ չափազանց շատ են տառապել եւ պաշտպանության ու անվտանգության կարիք ունեն: Թեեւ Թարմփը պարծենում է նախընտրական հանրահավաքներում գործարքներ կնքելու իր հմտությամբ, նա ստիպված կլինի անձամբ միջամտել այս նաեւ պատերազմը դադարեցնելու համար: Վարչակազմը պետք է լիովին կատարի եւ չհրաժարվի Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջներից, որպեսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան, կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին դադարեցնել հակամարտության բորբոքումը զենքի մատակարարումներով, եւ, Թուրքիայի դեպքում, վարձկաններով:

ԱՄՆ-ն՝  եվրոպացի գործընկերների հետ պետք է առաջնորդի ռազմական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերը եւ պահանջի միջազգային մարդասիրական օգնություն՝ տառապանքները վերացնելու համար։ Իմ ղեկավարությամբ մենք հենց դրանով էլ կզբաղվենք»:

Պետքարտուղարությունում հրաժարվել են պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ կառավարությունը քննարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

«Բանը միայն հրադադարը չէ: Մենք, իհարկե, ձգտում ենք դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ուղղված են բնակավայրերին: Դա, անկասկած, իրականացվում է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում, որի համանախագահներից է ԱՄՆ-ը: Ահա այստեղ էլ աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին եւ Հայաստանին հասնել այն փուլին, երբ հնարավոր կլինի կարգավորել հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ