News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես անձամբ եմ հրաման տվել զորքերը դուրս բերել Հայաստանի Սյունիքի մարզից։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նպատակով։

«Մենք ցանկանում էինք գոնե ժամանակավորապես չկորցնել ռազմավարական նշանակության ճանապարհը»,- պարզաբանեց Փաշինյանը։

Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ ադրբեջանցի սահմանապահները Սյունիքում են հայտնվել զորքերի դուրսբերման մասին հրամանից անմիջապես հետո, որը ստացվել է դեկտեմբերի 18-ին։ «Դա չէր նախատեսվում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս առումով հարց է առաջանում՝ զորքերը դուրս բերելու հրամանը բանավո՞ր էր, թե՞ գրավոր։ Ինչպե՞ս են անվանում նման հրաման տվողին։ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվե՞լ է մինչ այս որոշման ընդունումը», - հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Վարչապետի պատասխանը չուշացավ.

«Ինչ վերաբերում է Սյունիքին, ես երբեւէ հերքե՞լ եմ իմ պատասխանատվությունը այս որոշման համար։ Գրավո՞ր, թե՞ բանավոր ձեւով: Հրամանները տրվում են ըստ ընթացակարգերի։ Քննարկում եղե՞լ է։ Այո, դա եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց այս քննարկմանը մասնակցել են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, արտգործնախարարը, ով հայտարարեց, որ ոչինչ չի իմացել, ինչպես նաեւ փոխնախարարը։ Քննարկումը տեղի է ունեցել Կառավարության շենքում։ Որոշում է ընդունվել: Մենք ցանկանում էինք խուսափել նոր պատերազմից։ Եվ եթե այս որոշումը չընդունվեր, ռազմական գործողությունները նոր թափով կբորբոքվեին։ Այդ ժամանակ Սյունիքում, իսկապես, լուրջ խնդիրներ կառաջանային։ Մենք տասնյակ կիլոմետրերով առաջ էինք, սակայն, ցավոք, ստիպված եղանք հեռանալ»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նա նշեց, որ որոշումը կայացվել է բանակցային գործընթացի արդյունքներին համապատասխան։

«Մենք պայմանավորվածություն ունեինք 7 շրջան փոխանցելու վերաբերյալ։ Դրանք գրված են եղել վարչատարածքային բաժանման մասին օրենքում, եւ դա նորություն չէ», - պարզաբանեց Փաշինյանը։

Վարչապետը խոստովանեց, որ զորքերը դուրս բերելու հրամանն անձամբ իրենից է եկել, եւ այդ հրամանի կատարումը ստանձնել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Այս որոշման եւ Սյունիքում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն անձամբ ես եմ կրում»,- հայտարարեց Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանը հաստատեց, որ նույնիսկ այն ժամանակ, ինչպես նաեւ հետագայում, Ադրբեջանը չի կատարում եռակողմ պայմանավորվածությունները։ Դրանց համաձայն՝ կողմերը պետք է մնային այնտեղ, որտեղ հասել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ