News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե այս որոշումով 2022 թվականին կխնայվի 1 միլիրադ 200 միլիոն դրամ:

«Սա շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ ու, եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով ու պայմանները լավացնելով՝ մենք կկարողանանք էլ ավելի օպտիմալացնել համակարգը՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրները», - ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ այսօր 5346 տեղ կա, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց այն համալրված է 2113-ով. «Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը», - ասաց նա:

Նախարարը նշեց, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչը կարող է առաջացնել որոշակի դժգոհություն. «Բայց մենք խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնել ՔԿՀ-ում, այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու է Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը՝ կադրերի ռեզերվում», - ասաց արդարադատության նախարարը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչեւ հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, եւ պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։

Հիմնավորման մեջ նշվում է. «Հրազդան» ՔԿՀ-ն նախատեսված է 215 անձի պահման համար (80 կալանավորված անձի և 135 դատապարտյալի համար)։ Ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, որից 69 կալանավորված անձինք և 88 դատապարտյալներ (28 դատապարտյալներ պահվում են փակ, 57 դատապարտյալներ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկներում, իսկ 3 դատապարտյալներ՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված պայմաններում)։

Հիմնարկի համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի շուրջ 73%-ը:

Սակայն, հիմնարկը խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ հարևան, բնակելի շենքերի հետ համեմատությամբ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը:  Բացի այդ, շենքային սահմանափակ պայմանները թույլ չեն տալիս ունենալ վերասոցիալականացման միջոցառումների համար նախատեսված սենյակներ, ինչը խոչընդոտում է Հիմնարկի հիմնական գործառույթի իրականացմանը:

Ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ն ներկա դրությամբ ունի 120 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, այնինչ, այս դեպքում հավասարակշռությունը որոշ չափով խախտված է, ինչը չի բխում նաև քրեակատարողական հիմնարկների միջև հաստիքների համաչափ և օբյեկտիվ բաշխվածության տեսլականից:

Ընդ որում, Հիմնարկի պահպանման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 497.501.586 ՀՀ դրամ:

«Սևան» ՔԿՀ վարչական տարածքում կառուցվում է «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

Ինչ վերաբերում է «Կոշ» ՔԿՀ-ին, ապա այն նախատեսված է 640 անձի պահման համար (ունի երկու տիպի ուղղիչ հիմնարկ՝ կիսաբաց (615 մարդու համար) և բաց (25 մարդու համար)): Ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 66 անձ (բոլորը պահվում են կիսաբաց ուղղիչ հիմնարկում), այսինքն՝ համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի 10.3%-ը: Ընդ որում՝ պետք է նկատել, որ համալրվածության նման ցածր տոկոսի առկայությունը ունի կայուն բնույթ վերջին տարիների ընթացքում:

Հատկանշական է նաև, որ ընդամենը 66 անձի համար նախատեսված գործառույթների պատշաճ իրականացման համար Հիմնարկը ներկա դրությամբ ունի 167 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, այնինչ, այս դեպքում հավասարակշռությունը էականորեն խախտված է, ինչը չի բխում նաև քրեակատարողական հիմնարկների միջև հաստիքների համաչափ, օբյեկտիվ և օպտիմալ բաշխվածության տեսլականից:

Ընդ որում, Հիմնարկի պահպանման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 677.078.900 ՀՀ դրամ:

Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ Հիմնարկի գործունեության դադարեցումը անհրաժեշտություն է նաև ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ