News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը, ով նախկին պատգամավոր, Գյոմւրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, ավելի շատ ցանկանում է կուսակցական աշխատանքով զբաղվել. «Միաժամանակ երիտասարդներին այդպես ճանապարհ կտրվի աշխատանքի համար»,-ասաց նա՝ մեկնաբանելով իր որոշումը՝ հրաժարվեց ավագանու անդամի մանդատից:

Արտյոմ Ղուկասյանը նաեւ նշեց, որ մինչեւ այժմ առաջարկ չի ստացել Գյումրիի ավագանի անցած որեւէ ուժից կոալիցիա կազմելու համար: Հարցին, թե «Բալասանյան դաշինքից» կոալիցիայի առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞ այն, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Մենք արմատական ընդդիմություն ենք, պատրաստ ենք համագործակցել ուժերի հետ, բացառությամբ ՔՊ-ի»:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:

Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ:

Տպել
Ամենաշատ