News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին:

Ըստ այդմ՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, մասնավորապես՝

•        մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից),

•        առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից),

•        պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը),

•        նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում,

•        գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում։

Հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։

Շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որպեսզի սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսն աշխատանքի անցնելիս, պահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը։

Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, եղբայրը, քույրը։

Առավել հստակեցվել է սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Տպել
Ամենաշատ