News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

500-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ: Այս մասին ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծի վերաբերյալ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝  հղում անելով օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ կետում առաջարկվող փոփոխությանը, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը  վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու կազմում, եթե համայնքի ղեկավարի լիազորություններն ինչ-որ անհնարինության դեպքում չեն կատարվում, ապա այն դրվում է առաջին տեղակալի վրա, որը պետք է լինի ավագանու անդամ, նման կարգավորում կա: Նոր առաջարկը արդյո՞ք չի առաջացնում այդ կարգավորման անհնարինություն, միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, բայց ոչ ավագանու կազմից, արդյո՞ք վտանգ չեք տեսնում»,-հարցրեց պատգամավորը:

Տերտերյանն արձագանքեց, որ համամասնականի պարագայում այդ խնդիրը չենք ունենա, որովհետև ենթադրաբար միշտ կլինեն տեղակալներ: «Այս օրենքի կարգավորումը պրակտիկ կյանքում եղած խնդիրների լուծմանն է ուղղված: Մեծամասնական ընտրակարգից համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում ոչ միայն այս, այլև նաև շատ դրույթներ քիչ կիրառելի կլինեն»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ