News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող վերջին հարցերը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Արման Անդրեասյանը, ՀՀ ոստիկանության անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, գնդապետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածին համայնքի ղեկավարի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը և հանձնաժողովի մյուս անդամները:

Հիշեցնենք, որ մրցաշարը հոկտեմբերի 30-ին կայանալու է Երևան-Էջմիածին ճանապարհին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, իսկ տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն արդեն վաղը. «Խնդրում եմ՝ մինչև վերջին պահը չթուլանալ և անել ամեն ինչ՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար»:

Մրցաշարի անցկացման ամբողջ ընթացքում Էջմիածնի քաղաքային հրապարակը փակ է լինելու երթևեկության համար, տեղում աշխատելու է շտապօգնության 6 մեքենա:

Լուծված են նաև մրցավարությանը վերաբերող բոլոր հարցերը. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի ժամանակ կաշխատի 40 մրցավար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև հեռարձակման ապահովման հարցը. քաղաքում տեղադրված էկրանների միջոցով հավաքվածները կկարողանան ուղիղ հեռարձակմամբ հետևել կրոսավազքի ընթացքին:

Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբերի համար`

1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004- 2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ,

2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ - 10 կմ,

3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:

Առաջին խմբի մրցումը կմեկնարկի ժամը 13:00-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից:

Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո: Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:

Տպել
Ամենաշատ