News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը։

«Նախկինում էլ եմ ասել՝ եթե ժողովուրդը ցանկանա ու «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպանի, ես կառաջադրվեմ, այլ կուսակցության ցուցակով ես չէի առաջադրվի։ Այնպես ստացվեց, որ երկու կողմն էլ այդ մտքին էին, ես էլ բնականաբար առաջադրվեցի։ Առաջարկն արվել է, երբ քննարկումներ են եղել, կուսակցությունից կոնկրետ անձ չի առաջարկել իմ թեկնածությունը, քննարկում է եղել եւ կուսակցության վարչությունը հրապարակել է իմ անունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Տիգրան Մխիթարյանը Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2021թ․փետրվարի 26-ին։ Նա դիմում է գրել, որ անդամակցի ՔՊ-ին։ Դիմումն ընթացքի մեջ է։

Տիգրան Մխիթարյանը  հերքեց նախօրեին մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ինքը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, ապա ճամբարափոխ  եղել, ինչպես նաեւ, որ նա Քարինջում զբաղվել է անասնապահությամբ,  եւ գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ աշխատել, այն դեպքում, երբ չունի բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում:

«Բացարձակ սուտ է այդ տեղեկությունը, ես ՀՀԿ անդամ չեմ եղել։ Մամուլում գրում են, թե գյուղապետ հայրս է ինձ դպրոցում տեղավորել որպես ուսուցիչ։ Հայրս 2005 թվականից Քարինջի գյուղապետը չէ։ 2014 թվականից մինչ իմ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը, ես Քարինջում շախմատի ուսուցիչ եմ աշխատել, իսկ մինչ այդ էլ հասարակական կազմակերպությունում սոցիալական աշխատող եմ եղել։ Ես երկու բարձրագույն կրթություն ունեմ՝ մաթեմատիկայի ուսուցչի եւ սոցիալական աշխատողի որակավորումներով։ Առաջին դեպքում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն եմ ավարտել, երկրորդը՝ Երեւանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանք բաժինը, երկուսն էլ բակալավրի աստիճանով»,- նշեց Տիգրան Մխիթարյանը։

Թումանյան համայնքը առաջին անգամ խոշորացվել էր 2016թ․-ին։ Համայնքի կազմում են Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը։ Նոր խոշորացման արդյունքում այս բնակավայրերին են միանալու նաեւ Դսեղն ու Չկալովը։ Թումանյան համայնքում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Այս խոշորացված համայնքում, ըստ ԿԸՀ–ի՝ ընտրողների թիվը 4889– է։ 

Թումանյան համայնքի ՔՊ-ի ավագանու ցուցակը դեռ պատրաստ չէ, բայց Մխիթարյանի խոսքով՝ չի բացառվում, որ ցուցակում 30-ից ավելի անդամ լինի։ Հոկտեմբերի 31-ը վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերն ընտրություններին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը պիտի ներկայացնեն տարածքային ընտրական հանձնաժողով։

«Ցուցակում գրեթե բոլորը պատկառելի, համայնքներում ընդունված մարդիկ են,  տարբեր ոլորտներում աշխատած, օրինակ՝ նախկինում ավագանիներ, մանկավարժներ, տնօրեններ, մի խոսքով՝ համայնքի խնդիրներին տիրապետող անձինք»,- ասաց Տիգրան Մխիթարյանը։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը որեւէ խնդիր չի տեսնում, որ ավագանու ցանկում կան նաեւ մանկավարժներ․ «Եթե մարդը ցանկություն ունի ավագանու անդամ դառնալ, ու եթե ուսուցիչ է, չի կարո՞ղ դառնալ։ Կրթությունը բնավ չի քաղաքականացվում, պարզապես հիմա ուսուցիչը ցանկանում է նաեւ ավագանու անդամ լինել, օրենքը չի արգելում նման բան։  Եթե նա իր արձակուրդին կամ ոչ աշխատանքային ժամին քարոզարշավ իրականացնի, ի՞նչ կա»։

Տիգրան Մխիթարյանը չի բացառում նաեւ, որ ավագանու ցուցակում լինեն գյուղերի վարչական ղեկավարներ։ NEWS.am-ը նրան հիշեցրեց, որ տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր ՀՀԿ-ին մեղադրում կրթական համակարգը քաղաքականացնելու եւ  ընտրություններին վարչական լծակներ օգտագործելու մեջ, մինչդեռ հիմա գործող իշխանություններն են շարունակում նախկին ավանդույթները։ Ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասում է երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։

«Չգիտեմ՝ տեղյակ եղե՞լ եք, թե մինչեւ 2018 –ը Թումանյանում ինչ մթնոլորտ էր տիրում, բայց 2018 թվականից Թումանյան համայնքում բացարձակ վախի մթնոլորտ չկա։ Նույն ձեւով ես էլ համայնքապետի պաշտոնակատարն եմ, չառաջադրվե՞մ։ Ես քարոզարշավի ժամանակ կլինեմ արձակուրդում եւ որեւէ վարչական լծակ չենք ունենա, որ օգտագործենք։ Բնակիչը ոչ թե կաշկանդվելով, այլ հարգելով է ընտրելու։ Ես եւ իմ թիմը թույլ չենք տա, որ Թումանյանում վախի մթնոլորտ ձեւավորվի, ճնշումներ լինեն, անցել են այդ թվերը»,- նկատեց Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

 Ինչ վերաբերում է համայնքի խնդիրներին, ապա ըստ Տիգրան Մխիթարյանի,  առաջնահերթը ճանապարհների խնդիրն է, որի մրցույթն արդեն անցկացվել է եւ շինաշխատանքներն առաջիկայում կսկսվեն։ Թումանյան համայնքի գրեթե բոլոր բնակավայրերն ունեն խմելու ջրի խնդիր, որն ըստ Մխիթարյանի՝ կլուծվի։

Տպել
Ամենաշատ