News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 33-րդ՝ հոկտեմբերի 29

Կեսգիշերին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց Ստեփանակերտի բուժհաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ․

«Բուժհիմնարկների վրա կանխամտածված հարձակումները պատերազմական հանցագործություն են: Ստեփանակերտի ծննդատան վրա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ամենազազրելի արարքների:

Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են:

Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրել է, որ հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել.

«Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»,- գրել է Մնացականյանը և լուսանկարներ հրախարակել հրթիռակոծված Շուշիից ու Ստեփանակերտից։

Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարությունում նշվել է, որ ԵՄ-ն անընդունելի է համարում այն փաստը, որ հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերից հետո, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, եւ ավելի ու ավելի շատ տեղեկություններ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունը, կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էունեցել Ֆրանսիայի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ,  հայտնել նրան, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ:

Կարմիր խաչը  հաղորդագրություն է տարածել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է.

«Հետեւանքներից տուժում են ողջ տարածաշրջանի քաղաքացիական անձինք: Խաղաղ բնակիչները սպառնալից տեմպերով են մահանում, շատերը՝ վնասվածքներ ստանում: Սարսափազդու տեսարանները, որոնց ականատես ենք լինում, չեն կարող շարունակվել: Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը: Մահ։ Ավերածություն։ Ամայացում: Ինտենսիվ հրետակոծություններ, որոնց ականատեսը եղանք այսօր, անընդունելի են»:

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը ցերեկը գրեց, որ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց։

«Հրապարակն» ահազանգեց, որ հին սերնդի հայ գեներալների ներուժից օգտվել գործող իշխանությունները համառորեն խուսափում են, մինչդեռ պահն օրհասական է.

«Թեեւ թշնամին հասել է Սյունիքի դարպասների մոտ, եւ մի քանի օր է՝ ռազմական գործողություններ են սկսվել նաեւ Հայաստանի սահմանագծին, սակայն Արցախի  հերոսներին, մարդկանց, որոնք ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի  աշխատանքներում։Խոսքը Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի եւ մյուսների մասին է։ Նրանք այս ընթացքում լոկալ մարտեր են կազմակերպել եւ վարել, իսկ ռազմական ստատեգիայի ընդհանուր մշակմանը չեն մասնակցել, թեեւ, ասում են, անձամբ Արայիկ Հարությունյանը դեմ չէ, որ նրանք ներգրավվեն այդ պրոցեսում։Նման որոշում կայացվել է Հայաստանից։ Չնայած դրան, Արցախի հերոսները շարունակում են իրենց պայքարը եւ անգամ համախմբման ու կռվելու կոչեր հնչեցնում»:

Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

«Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Թշնամին համազարկային կրակով  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության է ենթարկել Ստեփանակերտը,  Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

ՊԲ-ի ՀՕՊ  ուժերը ոչնչացրել են հերթական «Բայրաքթարը»:ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց, որ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են.

«ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ եւ Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնեց, որ առավոտյան8-ից Ստեփանակերտը հրթիռակոծվում է.

«Ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը: Կան վիրավորներ»:

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջի Stories բաժնում տեղադրել է նվեր ստացած շապիկի լուսանկարը, որի վրա գրված է.

«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։«Եվ դա ճիշտ է»,- գրությանն արձագանքել է Քիմը։Նա 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակներին կիրառմամբ:Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ պայմանավորվածությունների կատարումը:

Գործարար  եւ բարերար Սամվել Կարապետյանը խոստացել է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը։

«Ցանկանում եմ հավաստիացնել Արցախի բնակիչներին, որ մենք Ստեփանակերտում անպայման կկառուցենք նոր ու ժամանակակից ծննդատուն։ Այստեղ կրկին նոր կյանքեր կծնվեն»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 51 զինծառայողների անունները:

ՊԲ-ն՝ ներկայացնելով նորօրյա հերոսներին, հայտնել է, որ հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան  Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:

Վիրավորներին տարհանելու գործում աչքի ընկած բուժակ Սամվել Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:Հրետանու հստակ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգևատրվի գնդապետ Արայիկ Հարությունյանը»։

«Բանակ ինֆոն» հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայ հրետանավորները դիպուկ կրակով խոցում ադրբեջանական կողմի «Սմերչ» հրանետային կայանքը:

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ թշնամին համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության է ենթարկում Ստեփանակերտ,  Շուշի եւ Մարտակերտ քաղաքները.

«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական եւ սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»:

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է:

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սադրիչներ ուղարկում հայերի վրահարձակվելու համար:

Թուրքերը Ֆրանսիայի Վիեն քաղաքում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել:

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին, որն ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով Մոսկվայում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու եւ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա:

«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ ԻԻՀ-ն փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում»,-ասել է նա:

Արագչին հայտարարել է, որ այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանից չեն եւ որեւէ կապ չունեն այդ ճգնաժամի հետ, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ էմոցիոնալ եւ բարոյական տեսակետից կապված չեն տարածաշրջանի հետ եւ չեն ձգտում ԼՂ-ում խաղաղության հաստատմանը,իսկ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցվել է գործնականում:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը. 

«Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.  ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,  ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, ՊՆ մարտական կառավարման կենտրոն, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.  1-ին ԲԿ շտաբ,  Վերանորոգման գումարտակ,  Կապի առանձին գումարտակ,  Զենիթահրթիռային դիվիզիոն,  Տանկային բրիգադ,  Հակատանկային դիվիզիոն»:

Ենթադրվում է, որ այս նշանակետերը ՊԲ հրետանու հասանելիության սահմանում էին եւ կարող էին խոցվել։

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Այն կկայանա վաղը:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ, վիրավորներ չկան։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:

Նախօրեին՝ ուշ երեկոյան, ՌԴ-ից հերթական 50 տոննա հումանիտար օգնությունն է ուղարկվել Արցախ:Ինքնաթիռը գերբեռնված է եղել դեղորայքով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Զինուժ մեդիան տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացրել է, թե առաջնագիծ մեկնելուց առաջ ինչպես են մարզումներ անցկացնում կամավորականները: Սեպտեմբերի 27-ից հետո, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը, Վովա Վարդանովի գլխավորությամբ, նախաձեռնեց արագընթաց դասընթացներ, որոնց կամավորագրվեցին հարյուրավոր կուրսանտներ ու կամավորներ:Այստեղ գալիս են նաեւ աղջիկներ: Դասընթացը ներառում է կրակային պատրաստություն, ալպինիզմ, առաջին բուժօգնություն, կամավորների ու կուրսանտների հետ աշխատում են հոգեբանները:

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա.

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»:

Ննգի գյուղը ռմբակոծության տակ է հայտնվել: Գյուղացիների համոզմամբ ռազմական ավիացիան է հարվածել բնակավայրին, ռումբեր են պայթել ոչ միայն գյուղի կենտրոնում, այլեւ հարակից անտառապատ տարածքում: Մահաբեր ռումբից մնացել են պարաշյուտի մնացորդներն ու ավերածությունը:Երկու բնակիչ թեթեւ վիրավորումներ են ստացել: Տուժել 1 տասնյակից ավելի տուն:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ վերջին երեք օրերի ընթացքում ԼՂ խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների ու ավիացիայի հարձակումներին.

«Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, հարվածներ են հասցվում հիվանդանոցներին, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը, դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացվելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»։

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվել է Շուշին, կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Banak.info-ն հերթական տեսանյութն  է հրապարակել, որտեղ ներկայացրել է ադրբեջանական կողմի խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ:

Արցախի Հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել այդ պահին հակառակորդի կողմից հրթիռակոծվող Շուշիից. 

«Շուշիում կյանքը նկուղներ է տեղափոխվել։ Դրսում նրանք են, ովքեր անհետաձգելի աշխատանք ունեն։ Օդային տագնապի ազդանշանն արդեն երկրորդ օրն է՝ գրեթե չի լռում»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ՌԴ բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները:

«Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը», գրել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է.

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով»,- գրել է վարչապետը և կից RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգն օգտագործել։

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարության առնչությամբ, «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե ներքին «բայրաքթարները» թուրքականից վտանգավոր են: Նրա խոսքով՝ նման կոչը շատ ավելի վտանգավոր է նրանով, որ արվել է հոկտեմբերի 27-ին: Ըստ Ա.Քոչարյանի՝ «ուժերը, որոնք մերժվել են ժողովրդի կողմից, ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ»:

Փաստորեն, Ա.Քոչարյանի համոզմամբ, հայ զինվորներին սպանող թուրքական Բայրաքթարները նրա համար գերադասելի են դրության փրկությամբ շահագրգիռ նախկին վարչապետից։ Նշենք, որ 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը նվիրաբերած ՊԲ զինծառայողների զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, զոհվել է Բայրաքթարի հրթիռների հարվածներից։ 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն  ապատեղեկատվություն է:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, հայտարարել է, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

«Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ այդ ոճրագործություններին աջակցող եւ անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջեւ եւ պատասխանատվության ենթարկվեն իբրեւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արցախահայության ինքնորոշման եւ պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացրել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ:Մնացականյանն ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար:

Ցեղասպանության թանգարան-ինստիոuտի նախկին ղեկավար, պատմաբան Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքում գրել է, որ լուրջ ենթադրություն ունի, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան Թուրքիայի հանրապետության տարեդարձը, որն այսօր է, Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցել։

«Չստացված ու տապալված հանդիսությունների ու չկրակված հրավառությունների փոխարեն այսօր որոշել են մուռը հանել Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծելով։Հուսանք, որ այս «տոնի» առիթով Արցախի Պաշտպանության բանակի բարձր հովանավորությամբ այսօր հանդիսավոր բանկետներ կտրվեն ադրբեջանական կարեւոր ռազմական հենակետերում ու դիրքերում»,-ընդգծել է նա:

Սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հետեւել են Թուրքիային աջակցող, Լեռնային Ղարաբաղում արյունահեղ մարտերում զոհված Սիրիայից 25 վարձկանների դիերի տեղափոխմանը։ Զոհվածների թիվը հասել է  217-ի, որոնցից 163-ի  դիերը տարվել են Սիրիա։ SOHR-ի աղբյուրները հայտնել են վերջին մի քանի օրերին Ադրբեջան է ուղարկվել եւս 300 գրոհային։Ղարաբաղում մարտական գործողություններին ներգրավված Սիրիայից գրոհայինների ընդհանուր թիվը հասել է 2350-ի, որոնցից 320-ըհրաժարվել է վճարից եւ վերադարձել է Սիրիա։

Wargonzo Telegram ալիքը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Իրանի սահմանին գտնվող Ռուսաստանի սահմանային պահակակետը: Պահակակետի տարածքում 4 արկ է ընկել։

Մոսկվայում բանակցություններ են սկսվել Իրանի նախագահի հատուկ բանագնացի եւ ՌԴ փոխարտգործնախարարի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնության շուրջ։Աբաս Արագչին հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն խորապես մտահոգված է Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողություններով, խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ, բախումներում Մերձավոր Արեւելքից օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավմամբ:

«Շուտափույթ դեէսկալացման եւ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: ՌԴ նախագահը պարբերաբար շփվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ լուծումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի շրջանակում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունն այլընտրանք չունեն»,- նշել է Զախարովան:

Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ ՌԴ-ն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում. Հարցը հնչել էր Թուրքիայի մասնակցության մասին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ.

«Այն առաջարկների հիման վրա, որոնք մշակել են Մինսկի խմբի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահները, Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան, եվրոպական մի շարք պետություններ, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս եւ շահերի հավասարակշռություն գտնել: Դա հնարավոր է անել»:

Նրա խոսքով` յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի.

«Այստեղ հեշտ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված: Մեր դիրքորոշումը բաց է. խոսել հինգ գումարած երկու շրջաններն Ադրբեջանին փոխանցելու մասին` ղարաբաղյան գոտու համար որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Ինչու՞մ կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը: Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ. ինչպես ադրբեջանական ժողովրդին, որի նկատմամբ մենք մշտական հարգանքով ենք վերաբերվում, նաեւ որպեսզի հաշվի առնվեն հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության շահերը: Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար` բոլոր ապակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակմամբ եւ զարգացմամբ, որոնք հիմք կդառնային ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ հենց Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»:

«Չէ որ ինչի՞ց է սկսվել հակամարտությունը: Էթնիկական բախումներից... եւ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին եւ ինքնուրույն դա արեցին։ Դա հանգեցրեց նրան, որ հենց Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Ադրբեջանի 7 շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության ներքո... Լավ է սա, թե ոչ․․․ Ադրբեջանն ինչ է ասում, ասում է, որ ահա այդ 7 շրջանները առնչություն չունեն ոչ էթնիկ հակամարտության, ոչ Հայաստանի հետ, դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են, եւ Ադրբեջանն ասում է՝ մենք իրավունք ունենք վերադարձնել այդ տարածքները եւ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հասկանում եք՝ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը»,- ասել է  Պուտինը:

ԱԳ նախարարը «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է, որ Երեւանն աջակցում է ԼՂ-ում դիտորդների տեղակայմանը:Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Երեւանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլի սրացումից հետո: Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբը եւ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ:

«Սակայն այնուհետեւ Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, եւ մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահների ներդրմանը, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում:

«Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցուցակ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երբ Մնացականյանն ասում էր՝ «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբը եւ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ», թերեւս նկատի ուներ համանախագահների մասնակցությամբ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք Ն.Փաշինյանի՝ «բանակցություններն իմ սեփական կետից եմ սկսում» արտահայտությունից հետո առ ոչինչ դարձան։

Մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկները, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձեւաչափն է: Միաժամանակ նա ավելացրել է, որ, ի տարբերություն Թուրքիայի,Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, եւ պատասխանատու եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության մասին է:

Զոհրաբ Մնացականյանը նաեւ շեշտել է, որ Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զինյալներ է ուղարկում Սիրիայից եւ Լիբիայից: Նրա խոսքով՝ Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հվ․ Կովկասի վրա պրոյեկտելու համար.  տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում.

«Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարեւանը վիրավորվել են։ Կեսօրին եւս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաեւ նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում, ավերվածությունները շատ են»։

Բրիգադային գեներալ Ալիրեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ Իրանը ՀՕՊ համակարգեր է տեղակայել երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության պատճառով: Իրանը տարածաշրջան նաեւ զորքեր եւ տեխնիկա է ուղարկել:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված եւս 47 զինծառայողի անուն։

Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն հայտնել են, որ բացահայտել են Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու 14 դեպք։

Արցախի ՊԲ-ն հրապարակել է առաջնագծի զինծառայողների սխրանքների եւս մի քանի դրվագ.

«Կապիտան Գարեգին Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն  Մանուկյանը 3 միավոր «Կամազ» են ոչնչացրել, փոխգնդապետ Կորյուն  Ավետիսյանը կպարգեւատրվի «Արիության համար» մեդալով՝ հակառակորդին զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներպատճառվելու համար,  թշնամու առաջխաղացման փորձերը կասեցնելու եւ խոշոր կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Հրետանիով թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ  Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, գնդապետ Կարեն Բաբայանը կպարգեւատրվի «Արիության համար» մեդալով: Փոխգնդապետ Նորայր Հայրապետյանն աչքի է ընկել հակառակորդի ջախջախմանը նպաստող գործողություններով եւ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն պարգեւին է արժանացել փոխգնդապետ Արայիկ Բախշյանը՝ խիզախության համար»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: Դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին, ԱՄՆ քաղաքացիներին հանձնարարվել է չայցելել Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր:

Ակներեւաբար, ԱՄՆ դեսպանատունը տվյալներ ուներ ադրբեջանական հեռահար հրետանու կամ ԱԹՍ-ների՝ ՀՀ տարածքում գործողություններ ծրագրելու մասին։

Մամուլի տեղեկություններով՝ դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչը նրան հնարավորություն է տալիս հատել ՀՀ սահմանը։

Այդ օրերին մամուլում նաեւ լուրեր էին տարածվել, որ Ռ.Քոչարյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ զենքերի ներկրման, հրադադարի հասնելու թեմաներով հանդիպումների համար։ Հետագայումհայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը մեկնելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, սակայն, պարզվեց, որ կորոնավիրուսի նրա թեստը դրական պատասխան է տվել, թեեւ, նրա խոսքով՝ ինքնազգացողության փոփոխություն չի նկատել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու առջեւից ուղերձով հանդես եկավ.

«Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնը 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին:Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ գիտակցենք այս պահը ոչ թե խոսքով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը: Առաջին անգամ ես Շուշիում եղել եմ 1992 թվականի մայիսի 8-ին, եւ առաջիններից եմ եղել, որ մտել եմՂազանչեցոց եկեղեցի ու համբուրել եմ խաչը: Այսօր էլ համբուրել եմ խաչը, աղոթել եմ, մոմ եմ վառել հանուն մեր հաղթանակի:

Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, իրականում ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային:Դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամում, բայց դրա համար պետք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը: Ես հավատում եմ հաղթանակին, քան երբեւէ: Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում եւ պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում»:

Ուղերձի ավարտին Ա.Հարությունյանը մի քանի անգամ էլ է կրկնել՝ «հավատում եմ հաղթանակին» արտահայտությունը։ Առանց մեկնաբանության։

Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագո) տեսաուղերձը լուրջ ահազանգ էր Արցախում տիրող դրության մասին.

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում տեղյակ չեն, թե այստեղ ինչ է կատարվում։  Պատերազմն ընթանում է Շուշիի տակ։ Չգիտեմ՝ ձեզ էդտեղ ինչ են ասում, ո՞նց են ասում, բայց պատերազմը հասել է համարյա Շուշիի պարիսպների տակ։Թուրքերը չեն կռվում, չեն առճակատում մեզ հետ, ուղղակի հրետանիով աշխատում են, գալիս են, նստում մեր զոհված տղաների դիրքերում։Սա խուճապ տարածելու համար չեմ ասում, այլ որ մենք ձեր օգնության խիստ կարիքն ունենք, ոչ թե նասկիներով, քաղցրավենիքներով, ինչի համար շատ շնորհակալ եմ, այլ մեզ հարկավոր է, որ մեր օդը փակեն, եւ մեր հրետանին աշխատի, բացի այդ օգնություն գա առաջին հերթին Հայաստանին զորքով։

Այսօր դա չկա։ Այսինքն ստեղծվում է տպավորություն, որ մենք մենակ ենք մնացել։ Չգիտեմ՝ թե կառավարությանը կասեք, եթե չի լսում, թե ոնց, թե ինչ, բայց օգնեք։Ես հույս ունեմ, որ դուք կգաք մեզ օգնության...»։

Մամուլին էլ Ագոն պարզաբանել էր, թե հակառակորդի գերակայությունն օդում Հայրենիքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն չի տալիս։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Ֆեյսբուքի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել.

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք եւ հաղթենք»:

«Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության հանձնառությունը պետք է դառնա՝ հավատքով շաղախված ու վճռականությամբ կռանված: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ կանգնենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք մեր բոլոր բարեկամների դռները», նշել է Արամ Ա Վեհափառը:

Իսրայելի հայ համայնքը Թել-Ավիվում բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի եւ հարգանքի տուրք մատուցել ԼՂ հակամարտությա գոտում զոհված զինծառայողների հիշատակին։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսում հայտարարել է, որ ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ։

«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ։ Մեր ԶՈւ-երին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել», ասել է նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները.

«Այսօր այս մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց եւ դեպի Սղնախ գյուղի տարածքը եւ հարակից բլուրների եւ անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով։ Դա ենթադրում է առանձին մարտական գործողություն. Մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին, ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությանը, որում դեսպանատունը զգուշացնում էր իր քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր եւ կուտակումներ կան, սակայն  իրավիճակը հանգիստ է:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նաղդալյանն ասել է, որ այդ պահին Մնացականյանը  հանդիպում է Իրանի նախագահի բանագնաց Սեյեդ Աբաս Արագչիի հետ։

Տավուշ թեմից հայտնել են, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքին անմահների բանակին միացան գնդերեց բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը.

«Սիրելի եղբայրներ, Տեր Հիսուս թող Իր գիրկն առնի ձեր անմահ հոգիները»։

Արցախի նախագահը Ֆեյսբուքում գրել է, որ ԱՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ:

Սուրեն Բարսեղյանն, ըստ նրա, Երևանում կազմավորված ջոկատով նա բազմաթիվ հերոսական ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարություն է տարածել, որտեղ Վաշինգտոնի անունից արտաքին կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին զերծ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու նրա ձգտումներում:Երկու երկրների ժողովուրդները շատ են տառապել, իսկ Հայաստանի ժողովուրդը, որին սպառնում են հարձակողական ռազմական գործողությունները, այժմ կրում է կորուստների հիմնական ծանրությունը»,- նշել է նա եւ ավելացրել.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ այսօրվա զրույցի ընթացքում ես հաստատեցի, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն կրակը դադարեցնելու իրենց պարտավորությունները»:

«Արտաքին կողմեր» ասելով, Սպիտակ տան պաշտոնյան, ակներեւաբար, նկատի ունի ԻԻՀ-ն, որը եւս միջնորդական ջանքեր էր սկսել գործադրել հրադադարի հասնելու համար։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Արցախի նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։

Սպասում ենք…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ