News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 34-րդ՝ հոկտեմբերի 30

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի՝ Լաչինը գրավելուց հետո իր բանակի առաջխաղացումը դադարեցնելու ծրագրի մեջ դավադրություն կա։ «Վզգլյադ» թերթին նա պարզաբանել է, որ իրականում դա կնշանակի ղարաբաղյան հայերի ամբողջական շրջափակում:

«Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենց հիմա նման վերջնագիր ներկայացնում: Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով յոթ շրջաններից չորսի վրա, որոնք վերահսկում էին հայերը, բայց Լաչինի եւ Քելբաջարի շրջանները, որոնք պահում են նրանք, շատ կարեւոր են որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք»,- ասել է Զատուլինը:

Նիկոլ Փաշինյանը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ, նրա ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային բոլոր նորմերը և անտեսելով Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում, եւ որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան:Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը:

Արցախի ՊԲ֊ից հայտնել են, որ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյուններն են:

«Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է», նշում էր ՊԲ-ն:

ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը Երևանումընդունելով Իրանի նախագահի բանագնաց Աբաս Արագչիին, ասել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունը տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Մնացականյանն ասել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: 

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԳԴՀ-ն 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչին Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ ԿԽՄԿ-ն էր հայտարարել էր, ձմռանը Ղարաբաղում հումանիտար խնդիրներ կծագեն եւ միջազգային հանրությանը կոչ էր արել հատկացնել 9 մլն եւրո։ Դրանից 2 միլիոնը, փաստորեն, խոստացել է տրամադրել Գերմանիան։

ԱՄՆ-ում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել Հոթորնում SpaceX-ի կենտրոնակայանի մոտ՝ Իլոն Մասկին կոչ անելով հրաժարվել Թուրքիայի կառավարության համար արբանյակի արձակումից, որը, նրանց խոսքով, կարող է օգնել ռազմական հանցագործություններում։  

«Հրապարակ» թերթը գրում է. «Համառ լուրեր են շրջում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, շարունակում են առաջվա նման պարգեւավճարներ ստանալ։ Այս առումով անգամ պատերազմը չի փոխել իրավիճակը»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբերին ստացել է 603 հազար դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար):Սեպտեմբերին ստացած ողջ գումարը՝ 1,5 մլն դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459,5 հազար դրամ աշխատավարձ եւ 896,8 հազար դրամ պարգեւատրում (սեպտեմբեր ամսվա համար)»:

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ ամբողջ գիշերվա ընթացքում հայկական ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ.

«Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»:

Ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել:

«Վիենից և Դեսինից հետո այսօր Էրդողանի «Գորշ գայլերը»բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլերի» տարբերանշաններ: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,- նշվել է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ աշխատակցի օրվա առիթով ուղերձ է հղել, նաեւ պարգեւատրել է մի խումբ ծառայողների, ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ  գիշերը գերության մեջ  մահացել է 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ.

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»:

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են:Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ: ՊԲ-ի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել:Իսկ ռազմական բոլոր գործողությունները մշակում և իրականացնում է ՊԲ գլխավոր շտաբը՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ:Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունն, այնուամենայնիվ, կհաղթեն»:

Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, որ հին սերնդի գեներալները մեկուսացված են ռազմական գործողություններից եւ դրանց պլանավորման գործում նրանց ներուժը չի օգտագործվում, եւ խիստ կասկածելի է, որ մամուլի նպատակը շահարկելն էր եւ թյուր տրամադրություններ հրահրելը, այլ ոչ թե ճակատում տիրող դրության համար մտահոգությունը։  Իսկ «փառապանծ գեներալների» մասնակցությունը հենց նրանց անմիջական շրջապատի ներկայացմամբ, եղել է  դրվագային (Լեւոն Մնացականյան, Վիտալի Բալասանյան)։

Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականի հետ հարցազրույցումասել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում»։

«Ես հանդես եմ գալիս հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման օգտին։ Բայց խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայմանը պետք է հավանություն տան հակամարտության բոլոր կողմերը»,- »,- ասել է Փաշինյանը։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շարունակել է հանրությանը տեղեկացնել միայն մասնակի եւ տեղային հաջող գործողությունների մասին.

«Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել», Ֆեյսբուքում գրել է նա, ինչպես միշտ օգտագործելով «#Հաղթելուենք» հեշթեգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր է նշանակել:

Քիչ անց հայտնի դարձավ, որ հենց նրանք պետք է լինեին մարզերում ձեւավորված ջոկատների հրամանատարներ։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել անհապաղ եւ անվերապահ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում` հետագա անդառնալի մարդասիրական աղետից խուսափելու համար: Համատեղ հայտարարության մեջ եվրապատգամավորները նաեւ կոչ են արել հրադադարի պահպանման վերահսկման արդյունավետ միջազգային մեխանիզմ ներդնել:

«Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում շուտափույթ վերսկսել առարկայական բանակցությունները` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ համաձայնեցված հիմնական սկզբունքների հիման վրա», նշվել էր հայտարարությունում:

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում նոր գրառում արեց.

«Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն», նշել էր նա եւ լուսանկարներ է հրապարակել:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը գրեց.

«Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։ #Հաղթելուենք»։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հադրութի երկու տարեց բնակիչների գերեվարումը, հայտարարել է, որ անօգնական ծերերին գերեվարելով, գործողություններով, որոնք փաստացի դարձել են Ղարաբաղի 84-ամյա բնակչի մահվան պատճառը, Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց կողմից անցկացվող ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչությանը վտարելու քաղաքականությունը։ Դ.Բաբայանը պատմել է, որ իր հորեղբայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերեվարվել էր, խոշտանգումներից հետո բենզին են ներարկել ու վերադարձրել, ինչից հետո նա երկար չի ապրել:

«Այդպիսի բարբարոսություն ադրբեջանցիները կիրառում են մինչեւ օրս»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Տավուշի թեմից հայտնել են.

«Առաջնագծի հոգևորականները՝ Պետրոս սարկավագ Ղազարյան և Ծերուն սարկավագ Ներսիսյան։ Երկու սարկավագների եղբայներն էլ սպաներ են, նրանցից մեկը վիրավոր է։Գնդերեց եղբայրը չի թողել սահմանը և մինչև օրս էլ չի այցելել վիրավոր եղբորը։

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որն Արցախում պատերազմի առաջին իսկ օրից ամեն օր մտահոգություններով ու ահազանգերով անդրադառնում էր Արցախյան պատերազմին, բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Երեք միլիոն հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, հավատում են, որ դուք Հայաստանը չեք օգտագործի որպես մանրադրամ, ինչպես ժամանակին դա արեց Վլադիմիր Իլյիչը։ Հարյուրավոր տարիներ անց, երբ Երկրի վրա կանհետանա վերջին քրիստոնյան, հույս ունեմ՝ իշխանություն ունեցողները կհասկանան, որ այն հիմքերը, սովորույթներն ու սերը, որոնցով օժտված են մեր ժողովուրդները, գումարից ու նավթից ավելի կարեւոր էին։ Կներեք, որ մենք ձեզ հավատում էինք։ Շնորհակալություն։ Ձեր՝ Սարիկ Անդրեասյան»,- գրել է նա։

Կառավարությունը տեսանյութ է տարածել, որտեղ Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկ եւ հագուստ են կարում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին եւ նրա ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ա.Գրիգորյանն ասել է, որ հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ՄԹ գործերի հավատարմատարը կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով հարցազրույցներից մեկում՝ «հակամարտությունը ռուս խաղաղապահների բերելով լուծելու» Փաշինյանի դիտարկմանը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ:

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին:Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է, ծնունդով Սիրիայի Համա քաղաքից: Նա խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել:  Պատմել է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, հակառակորդն ունի 60 սպանված:

Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին ասել է, որ նախորդ օրերի համեմատ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ։

«Դա Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատն է, բայց ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, այսինքն՝ համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում, օրինակ՝ երեկ, այդպես չէր։ Կիրառվում է հրետանի, հետեւակ, զրահատեխնիկա եւ այլն։ Հյուսիսում էլ վաղ առավոտյան ժամը 4-ի կողմերը հարձակում էին սկսել հրետանային պատրաստությունի հետո, բայց կորուստներ կրելով հետ են շպրտվել, մեր դիրքերին մոտիկ նորից թողնելով տասնյակ դիակներ»,- ասել է նա։

Հովհաննիսյանն ասել է, որ  Քարինտակ գյուղից արեւելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները.

«Մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները։ Մեր հրետանու կրակից այվել էր դիվերսանտների բազան»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսանտները շատ են՝ տարբեր գյուղերի ուղղությամբ, տարբեր խմբեր են,  անտառային հատվածներում մարտերն այլ բնույթի են.

«Այնտեղ դիվերսիոն խմբերի փնտրման, ոչնչացման գործողություններ են, հաճախ բախում է լինում, հաճախ չի լինում»։

Հարցին՝ ինչո՞ւ է հակառակորդը հաճախ անտառային հատվածներում մարտական գործողություններ իրականացնում՝ Հովհաննիսյանն ասել է.

«Քանի որ դժվար է բաց ճակատում առաջ գալը, չեն ուզում ուղիղ առճակատման դուրս գալ եւ փորձում են փոքր խմբերով շրջանցել ու հասնել հաջողության»։

Արծրուն Հովհաննիսյանընաեւ ասել է, որ հարավային ուղղությամբ՝ Արաքսի երկայնքով նախորդ 20 օրերին բլից կրիգը հակառակորդը չկարողացավ իրականացնել, սկսեց ճզմելու գործընթացը, այդ ճզմող զորախումբն էլ հիմա իր հերթին է մաշվել։

Ըստ նրա՝  հակառակորդն ուներ միավորումներ, որոնք կոնկրետճեղքում իրականացնելու խնդիր ունեին.

«Այդպիսի զորամիավորումները, որպես կանոն 10-20 հազարանոց զորախումբ են, որոնք ունեն հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրետանի, սեփական օդուժ, բազում քանակի ԱԹՍ-ներ։ Դրանք, բնականաբար, օրական կես կամ մեկ կիլոմետր առաջանալու համար չեն ստեղծվում։ Նման զորամիավորումները հաստ պատը ծակելու համար են, իսկ մեր զորքերը հաստ պատ են ձեւավորել իրենց պաշտպանական բնագծերով։ Ադրբեջանն այս պատերազմում 2-3 նման հարվածային բռունցք ուներ։ Այո, այդ բռունցքները ջարդված են։ Դա բլից կրիգի տապալում էր, որովհետեւ այդ բռունցքները հենց բլից կրիգ իրականացնելու համար էին ձեւավորել»։

Նա նշել է, որ իր ասածը չի նշանակում, թե այդ 20 հազարին հայկական ուժերըջարդել են.

«Տակն ինչ-որ բան մնում է, դա հավաքվում, դառնում է այլ ստորաբաժանում եւ մի փոքր այլ խնդրով շարունակում է այլ ձեւի կռիվ մղել։Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել։ Անդադար մեր հրետանու կրակի տակ մաշվում են։ Դրանից հետո արդեն անցնում են մի մակարդակ ներքեւ գործողությունների, դա դիվերսիոն խմբերի գործողություններն են։ Այսինքն՝ սա կորուստների արդյունքում ու ստիպված գործողությունների արդյունք է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է կանանց վաշտի առաջին մարզումները:

«Թիկունքում տարբեր գործողությունների մասնակցելով մենք հասկացանք, որ պատերազմական գործողությունը ոչ մեր կամքով շարունակվում է, հասկացանք, որ մեր ներկայությամբ կարող ենք օգուտ բերել նաեւ Արցախում, հետեւաբար դիմեցինք ՊՆ-ին՝ խնդրելով մեզ գործընթացի մեջ ներգրավել եւ վերապատրաստել»,-ասել է կամավոր կանանցից մեկը:

«Մենք թիկունք ենք տղաներին եւ միշտ պետք է լինենք այդպիսին: Ոգեւորենք նրանց, որ նրանք ամեն ինչ կարող են եւ հաղթելու են»,-ասել է մեկ այլ կամավորական կին:

«Հաճույքով եկել եմ, թողնելով երկու բալիկներիս: Երեւի ես եմ իրենց ուժ տալու, քանի որ անցնում եմ այսօր իրենց ուղին: Պատրաստ եմ լինել զինվորների կողքին»,-ասել էերրորդ կամավորականը:

«Զինուժ մեդիան» հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ երեւում է թե ինչպես գիշերով հայկական ուժերը ոչնչացնում են ադրբեջանական դիվերսիոն խմբին:Արցախի բանակի դիպուկ հարվածներից հետո դիվերսիոն խմբի անդամները փորձում են փախչել՝ իրենց հետ տանելով նաեւ վիրավորներին, սակայն չեն հասցնում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը: Այլ մանրամասներ հայտնի չեն։

Hetq.am-ըգրել է, որ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացումներ չեն եղել:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերել են գործընկեր կազմակերպությունները՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից», գրավոր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ Հայաստան Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց մասին տվյալները դինամիկ փոփոխական են, հավաքագրման և մշակման փուլում են:

Շարունակելով հարցազրույցները, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանըպնդել է, որ Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են։

«Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի»,- նշել է նա։

Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արագչին «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն։

«Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը եւ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի լավ հարաբերությունները, ինչպես նաեւ այս տարածաշրջանի հատուկ պայմաններն ու զգայունությունը, Իրանը մշտապես լրջագույն կերպով հայտարարել է հրադադարի հաստատմանը նպաստելու, երկխոսություն սկսելու եւ խաղաղություն ու անդորր հաստատելու իր պատրաստակամության մասին։Այս հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները չեն մերժում մյուս նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք վստահ ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերն ունեն տարածաշրջանային լուծում»,- հայտարարել է Արագչին։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։Պաշտպանը տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կան 2 սպանված և 2 վիրավոր, Արցախի ՄԻՊ տվյալներով՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին:

Փաշինյանն ասել է, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը Թուրքիան է, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից:

«Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար», ասել է նա:

Հարցերից մեկին ի պատասխան, Ն.Փաշինյանը նշել է, որ ինքն ասել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի», քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերով հրադադարի որոշում է կայացվում, որը չի կատարվում։

«Այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ Ձեր իշխանության գալուց հետո: Կա՞ արդյոք մի բան, որը կարող էիք անել՝ դա կանխելու համար», այս հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետն ասել է, որ իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից.

«Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը:Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ», ասել է նա:

Բունդեսթագում ընթացել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի բուռն քննարկումներ։ Խորհրդարանականների առջեւ ելույթ ունենալիս Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ռազմական գործողությունները դադարեցնել առանց որեւէ նախապայմանի՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի պատերազմող կողմերի վրա հրադադարն ապահովելու համար։ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ի վերջո հասկանան, որ հակամարտության ռազմական լուծումը միջազգային հանրությունը չի ընդունելու»,- հավելել է նա։

Պատգամավորները քննադատել են այս հակամարտության մեջ ԵՄ պասիվ դիրքորոշումը՝ կոչ անելով չսահմանափակվել հայտարարություններով։

ՔԴՄ/ՔՍՄ իշխող խմբակցության անդամ Յոհան Վադեհփուլը հայտարարել է, թե «Թուրքիան պետք է իմանա, որ մեր համբերությունը սպառվել է»։

Բունդեսթագում Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ Գրեգոր  Գիզին կոչ է արել Թուրքիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբից. «Թուրքիան, ՆԱՏՕ-ին չտեղեկացնելով, միացել է պատերազմին եւ հակամարտության գոտի ուղարկել ոչ միայն զենք, այլ նաեւ Սիրիայից վարձկանների: Եթե ՆԱՏՕ-ն վճռական չգործի, ապա կվերածվի անիմաստ կառույցի»:

ՔԴՄ/ՔՍՄ-ի պատգամավոր Մանֆրեդ Գրունդը հայտարարել է, որ «անհրաժեշտ է Արցախի վերականգնման համար դոնորների համաժողով նախաձեռնել»:

Պատերազմից հետո, ռազմական գործողությունների արդյունքները չընդունելու մասին հայտարարություններ չեն հնչել։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Ժնևում մեկնարկել է  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:

Հայ դատի հանձնախմբերը հայտնել են, որ հեռավոր Բրազիլիայում հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝  ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։  Նաեւ մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն են միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։ Համայնքը նաեւ հանգանակություն է կազմակերպել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արագչիին, որն ընդգծել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարեւորությունը: Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքում գրել է, որ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, տեղեկացնում է, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը»:

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա չի կայացել, քանի որ 2-րդ նախագահի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, մինչդեռ նախագահն ինքնազգացողության փոփոխություն չի նկատել։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Շուշին, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ:

«Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշել են ԱԻՊԾ-ից:

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:Դեսպանի խնդրանքով Դ.Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը եւ իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների եւ վարձկանների ներգրավվածության փաստը: Նախարարը վստահեցրել է, որ հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները:

Արցախի ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել առաջնագծի այն հատվածից, որտեղ աեպտեմբերի 27-ից սկսած հանդարտ օր չի եղել։ Այստեղ ամենածանր հարձակումը սեպտեմբերի 29-ին էր. թշնամին այդ օրը միայն հրետակոծությամբ չի սահմանափակվել։

«Մոտ 200 հոգանոց դիվերսիոն խումբը՝ բաժանված մասերի հարձակման է անցել։ Մոտ 2-3 ժամվա մարտից հետո նահանջել են»,- պատմել է զինծառայողը։Թշնամին փախել է՝ թողնելով զենք-զինամթերքը։ Ոչ բոլորն են հասցրել փախչել։ Դիվերսանտներից 7-ին հենց խրամատում են վնասազերծել։«Եղել են տարբեր ազգի մարդիկ, կոչումներով՝ կապիտան, մայոր, լեյտենանտ»,- պատմել են  զինծառայողները։Տղաները պատերազմից ամենավատ հիշողությունը համարում են իրենց կորուստները։«Զենքը ձեռքներիս՝ մեր հողի, ջրի, վաղվա մեր սերնդի, հայրերի ու մայրերի համար կանգնած ենք ու մարտնչում ենք առանց սասանվելու»,- նշել են նրանք։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։Առաջին համերգը կայացել է այսօր։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունը ՀՀ առաջին և երկրորդ նախագահների Մոսկվա մեկնելու ցանկության մասին։

Արման Մուսինյանը նշել է․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

Արցախի տեղեկատվական շտաբըհայտնել է, որ այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թեւում.

«Ծավալված մարտական  գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է  հակառակորդի մեկ զինտեխնիկա»։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ծանոթացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման եւ դրա հետեւանքով պատճառված վնասների, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների խոշտանգումների եւ սպանությունների փաստերին:

ԿԽՄԿ նախագահը կարեւորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման եւ զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելն անհնար է դարձել, քանի որ  COVID թեստի պատասխանը դրական է եղել։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են նաեւ, որ Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արել են ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահները։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։Վարչապետի հետ Ա.Ղուկասյանի և Բ.Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից (մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ) և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է ՌԴ մուտքի համար։Թեստի դրական պատասխանը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,– նշվել է հաղորդագրությունում։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանըհայտնել է, որ Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է 6 քաղաքացիական անձ:

«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը եւ բնակչությունը»,- գրել է Բեգլարյանը:

Մամուլը պարզել է, որ ԱԺ կայքում ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևատրման մասին վերջին կարգադրությունը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, ըստ որի, Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին պարգևատրել է աշխատավարձի 75 տոկոսի չափով։

«Ստացվում է, որ ռազմական դրության հայտարարումից ընդամենը մի քանի օր առաջ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը ստացել են 75 տոկոսի չափով  պարգևավճար, երբ այդ նույն ժամանակահատվածում Կառավարության չզեկուցվող հարցով ՊՆ-ն գործադիրին խնդրել էր 10 միլիարդ դրամով ավելացնել իր ֆինանսավորումը՝ որպես աղբյուր դիտարկելով ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդը, այլ արժեթղթերի թողարկումը՝ 9 ամսվա կտրվածքով, իսկ դա նշանակում է, որ պետությունը պարտք է վերցնում քաղաքացուց և ավելացնում արդեն ներքին պարտքը։ Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից», գրել է 168.amը։

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 4 տանկ խոցելու համար։

«Հոկտեմբերի 13-ի առավոտյան 5-ից հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում, առավոտ՝ 6։40-ին նկատել եմ՝ խումբն ինչպես է իջնում, հրաման եմ տվել՝ կրակ բացել նրանց վրա, մոտեցել ենք խմբին, կոտորել ենք, հետո դիմացից են փորձել հարձակվել մեզ վրա, նորից նույն ձեւ հակառակորդը մոտ 200 հոգանոց խմբով հարձակվում էր, ոչնչացրել ենք, շարունակվել է հրետակոծությունը»,- պատմել է Մարգար Սարիբեկյանը։

Մարտական գործողությունների տվյալ հատվածում թշնամին քանակապես գերազանցող ուժերով բազմակի գրոհներ է ձեռնարկել, սակայն հանդիպելով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կազմակերպված դիմադրությանը, մարտի դաշտում թողնելով մի քանի հարյուր դիակ՝ հետ է շպրտվել ելման դիրքեր։Մերձամարտը տեղի է ունեցել երբեմն 15-20 մետր հեռավորության վրա։ Մարգարն իր տղաների հետ ոչնչացրել է դիրք ներխուժած բոլոր հատուկջոկատայիններին։

Դամասկոսում Wargonzo-ի աղբյուրներըհայտնել են, որ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները: Սիրիական հատուկ ծառայություններին հայտնի է դարձել ահաբեկիչների առնվազն երեք դաշտային հրամանատարի անուն՝ Հուսեյն Ալ Թավի, Ֆիրաս Ուվեդ, Աբդուլ Լաթիֆ Հասան:Նրանք ոչնչացվել են բեռնատարի ուղղությամբ հակատանկային կառավարվող հրթիռի հարվածի միջոցով:

Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսում  հայտնել է, որ Կապանի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում այրվել են տներ, մեկ մարդ զոհվել է, երկու մարդ վիրավորվել։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հյուսիսային ուղղությամբ ոչ երկար հրետանային պատրաստությունից հետո հետեւակային ուժերով հակառակորդը փորձել է գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ.

«Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։ Մարտերը շարունակվել են նաեւ հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ։ Մեր Զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, հստակ որեւէ բան այս ուղղությամբ նշել այս պահին չեմ կարող»։

Հովհաննիսյանն ասել է, որ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել՝ բավական ինտենսիվ մարտական գործողություններով.

«Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ  գրոհիչ խմբեր՝ հրետանու բավականին խիտ կրակի ներքո։ Մեր Զինված ուժերը չեն ընկրկել, այս ուղղությամբ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են։ Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ զգալի խմբեր են չեզոքացվել, ռազմաբազա է չեզոքացվել», պատմել է նա։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ տեղեկությունները, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր՝ դեռ ուսումնասիրվում են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանըկոչ է արել խոստման համաձայն անկեղծ գտնվել եւ հանրությանը ներկայացնել, թե, ի վերջո, Արցախի հարցի լուծման դիվանագիտական որ տարբերակն է ընդունելի Հայաստանի համար:

«Տարբեր կողմեր մշտապես հայտնել են, որ քննարկումներն այսօր 5+2 բանաձեւի շուրջ են ընթանում, այսօր էլ այդ մասին ասաց ՌԴ նախագահը, սակայն այժմ հարցը լուծվում է պատերազմի` հազարավոր զոհերի, ավերածությունների ուղիով:Այսինքն, ի՞նչ է դա նշանակում, ի սկզբանե հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եւ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Բացատրության կարիք կա, քանի որ սկզբում խոսքը տարածքներ անկախության դիմաց կոնցեպտի մասին էր, այնուհետեւ մեկ ելույթի ժամանակ Փաշինյանը 11 անգամ օգտագործեց կապիտուլյացիա բառը, իսկ այսօր էլ ՌԴ նախագահ Պուտինը հստակ ֆիքսեց` բանակցություններում քննարկվել եւ քննարկվում է 5+2 բանաձեւը` «Հանձնման հնարավորություն` Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ»:Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իսկույն եւեթ հստակեցումներ մտցնել», գրել էր Արտակ Թովմասյանը։

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ֆեյսբուքում գրել է, որ առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը, եւ հրապակել տեսանյութ:

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով եւ սա հրաման է...Խիղճ եւ խաղաղություն բոլորիս...»,- գրել էր նախարարը։

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:«Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»,- Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Օ՛Բրայենը:

«Մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- ասել է Օ’Բրայենը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգել է, որ Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր։

«Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաեւ պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաեւ խաղաղ բնակիչներ:Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է  շրջակա միջավայրի ու նաեւ քաղաքացիական բնակիչների դեմ»,- գրել է Թաթոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ