News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մեկնել էր Ադրբեջան` Վարանդայում վերջին ամիսների ընթացքում կառուցված օդանավակայանի բացման մասնակցելու:

«Ամուր խաղաղության կառուցման պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել անկեղծ կամք Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար։ Եթե նա դա անի, որևէ խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար»,- հայտարարել էր Էրդողանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Էրդողանի հայտարարություններն օգտագործվում են իրենց ավանդական հռետորաբանության շրջանակում, որոնք նպատակ չունեն իրական ճանապարհ հարթել Հայաստանի հետ բանակցություններ սկսելու եւ հարաբերությունները կարգավորելու համար:

«Իրական նպատակն է ոչ թե հարաբերությունները կարգավորել, այլ օգտագործելով պատերազմում Հայաստանի կրած պարտությունն ու ուժեղացնելով ճնշումը վերջինի նկատմամբ` հասնել նրան, որ Հայաստանն ընդունի Թուրքիայի նախապայմանները»,- նշեց Սաֆրաստյանը:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 28-ին «CNN Turk»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկում է Ադրբեջանի հետ. «Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ։ Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք, մեր հերթին, հայտարարեցինք, որ փոխադարձ գործողություններ ենք իրականացնելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին, դա նույնպես քննարկում ենք: Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին խաղաղ պայմանագիր կնքել։ Հայաստանում, սակայն, դրական շրջադարձ դեռեւս չի եղել, բայց Հայաստանն արդեն ընդունում է, որ այն քայլերը, որոնք մենք անելու ենք, անելու ենք Ադրբեջանի հետ միասին»:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է` Թուրքիան ավագ գործընկերն է Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ հիմա ոչ թե իր գործությունները համաձայնեցնում է Բաքվի հետ, այլ վերջինին տեղյակ է պահում դրանց մասին:

«Մենք պետք է լավ հասկանանք, որ այստեղ խոսք չի գնում երկու ուժեղ եւ հավասար պետությունների մասին` Ադրբեջանը համեմատաբար ավելի թույլ է եւ, փաստորեն, Թուրքիայի կողմից սկսվել է Ադրբեջանի կլանման գործընթացը: Չավուշօղլուի հայտարարության մեջ նոր բան ես չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան մի քանի նախապայմաններ էր ներկայացնում Հայաստանին` այդ թվում պահանջելով, որ հրաժարվի աջակցել Արցախին, եւ Չավուշօղլուն այլ բառերով նույն պայմանն է կրկնում»,- նկատեց ակադեմիկոսը:

Անդրադառնալով օրեր առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, որ խաղաղ համակեցության հաստատումը ձեռնտու կլինի նաեւ Հայաստանին` այդ թվում «Թուրքիայի հետ հարաբերությունները ապասառեցնելու եւ դրանց ժամանակակից տեսք տալու հարցում», Սաֆրաստյանը նկատեց` Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, կոմունիկացիաները գործեն:

«Ռուսական կողմին հնարավորություն կտա երկաթգծով Թուրքիայի հետ կապվել, ինչը լիովին հասկանալի է ռուսական կողմի տեսանկյունից: Տեսնում ենք, որ առաջին անգամ Ռուսաստանն է փորձում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել, մինչ այդ` սկսած 1990-ականներից Միացյալ Նահանգներն է այդ խնդիրը փորձել լուծել, ինչն ամերիկացիների մոտ չստացվեց: Բայց կասկածում եմ, որ Ռուսաստանին կհաջողվի դա տրամաբանական ավարտին հասցնել, որովհետեւ պետք է, իմ կարծիքով, պարզ հասկանանք` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ինչ շահագրգռվածություն ունի, դա իրեն պետք է, ինչն է իրեն այդ հարցում հետաքրքիր»,- նկատեց թուրքագետը:

Սաֆրաստանը համամիտ է այն կարծիքների հետ, որ Թուրքիան մտադրություն կարող է ունենալ պատերազմի հետեւանքով թուլացած Հայաստան տնտեսապես ներթափանցել եւ դա երկարաժամ այլ կողմ էլ է նկատում:

«Նման մտադրություն, իհարկե, կա: Բայց մինչեւ դա իրականացնելը Թուրքիան ձգտելու է, որպեսզի Հայաստանն ընդունի եւ կատարի իր նախապայմանները: Եթե Հայաստանը դրանք կատարի, որոնց ավելացել է եւս մեկը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի, կբացի սահմանները, մեզ հետ առեւտուր կանեն, եւ այլն: Այլ հարց է, թե մեզ որքանով է դա ձեռնտու, իմ կարծիքով` ձեռնտու չէ, մինչեւ Հայաստանը չգնա զիջումների, Թուրքիան, համոզված եմ, չի գնալու այդ քայլին, ամբողջ խնդիրն այդտեղ է: Ռուսաստանն իր հերթին ցանկություն ունի, որ հարաբերությունները կարգավորվեն, բայց չի պատկերացնում, թե դա որքան բարդ է լինելու:

Պատերազմից հետո իրավիճակն աննախադեպ է` Ռուսաստանը, կարծես թե, տարածաշրջանում իր կամքը թելադրելու մենաշնորհը կորցնում է, մինչ այդ Հարավային Կովկասում ավելի մեծ չափով էր որոշումներ կայացնում: Հիմա Թուրքիան, օգտագործելով պատերազմում մեր պարտության հանգամանքը, Ադրբեջանին կլանելու հարցում գրանցած հաջողությունները, փորձում է իր խաղը խաղալ տարածաշրջանում, չեմ բացառում, որ ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում քննարկվում են նաեւ տարածաշրջանային հարցեր` այդ թվում կոմունիկացիաներին վերաբերող: Միջանցքի մասին Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն խոսում են, փորձ է արվում ճնշում գործադրել, ավելի իրական դարձնել միջանցքի բացման հարցը:

Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի Կրոնական հարցերով վարչության նախագահ Ալի Էրբաշի հետ, որը Թուրքիայի մահմեդականների հոգեւոր առաջնորդն է՝ գլխավոր մուֆթին: Այցը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածության ֆոնին, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին թվիթերում ադրբեջանալեզու օգտահաշիվ է բացել, ինչը հետաքրքիր հանգամանք է այն պայմաններում, երբ Ադրբեջանի բնակչության գերակծիռ մասը մահմեդականության շիա ուղղության հետեւորդ է, իսկ Իրանը շիա մահմեդականության կենտրոնն է համարվում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիան էլ իր հերթին փորձում է ակտիվանալ Արդբեջանի սուննիադավան բնակչության շրջանում:

«Այն, որ Ադրբեջանում շիա բնակչության շրջանում Իրանի ազդեցությունն ավելի մեծ է, գաղտնիք չէ` իրանական կողմը կազմակերպությունների միջոցով իր ազդեցությունը պահպանում է: Երբ սրվեցին Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, վերջինը սկսեց հարված հասցնել այդ կազմակերպություններին եւ այն շիա հոգեւորականներին, որոնք կապ ունեն Իրանի հետ, եղան նաեւ ձերբակալումներ: Պատահական չէ, որ Թուրքիան էլ նման պայմաններում փորձում է ակտիվանալ Ադրբեջանի սուննիադավան բնակչության շրջանում, իր կապերն ուժեղացնել: Սուննիների շրջանում ժամանակին բավական մեծ ակտիվություն էր ծավալել Ֆեթթուլահ Գյուլենը` տարբեր կազմակերպություններ ֆինանսավորելով, հետո, երբ Գյուլենի եւ Էրդողանի հարաբերությունները թշնամական դարձան, Թուրքիան Ադրբեջանից պահանջեց ճնշել իր տարածքում գործող գյուլենական կազմակերպություններին: Առկա է այն միտումը, որ թուրքական պետական տարբեր գերատեսչություններ փորձում են գյուլենական դպրոցները, մզկիթներն ու այլ կրոնական կազմակերպությունները վերցնել իրենց հսկողության տակ»,- շեշտեց Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ