News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռազմական ոլորտում Չինաստանի՝ ԱՄՆ-ից առաջ անցնելու ծրագրերի իրականացումը ժամանակի հարց է, նախազգուշացրել է շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ Ջոն Հայթենը։

«Նրանց տեմպը թույլ կտա գերազանցել Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, եթե մենք ինչ-որ բան չանենք դա փոխելու համար», - ասաց նա՝ դիմելով Defense Writers Group-ին: «Պետք է ինչ-որ բան ձեռնարկենք», - ավելացրել է նա, փոխանցել է «Ամերիկայի Ձայնը»:

Նախօրեին ԱՄՆ զինված ուժերի ղեկավարը հրապարակավ հաստատել է, որ Չինաստանը հուլիսին փորձարկել է գերձայնային զենքի համակարգ՝ ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագությամբ հրթիռ ուղարկելով շուրջերկրյա թռիչքի։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին չորեքշաբթի Bloomberg հեռուստատեսությանը հայտնել է, որ Չինաստանում իրականացված փորձարկումները «լուրջ մտահոգություն են» առաջացնում։

Ինչպես Միլին, Հայթենը հրաժարվել է կիսվել չինական հիպերձայնային հրթիռների փորձարկումների մանրամասներով՝ ասելով, որ տեղեկատվությունը գաղտնի է: Սակայն նա խոստովանել է, որ փորձարկումների անցկացման փաստն ինքնին ազդանշան է։ Հայթենը վստահություն է հայտնել, որ այս պահին Ամերիկայի սեփական գերձայնային ծրագիրը գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, սակայն մտահոգություն է հայտնել, որ իրավիճակը կարող է փոխվել։ «Վերջին հինգ եւ ավելի տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ինը գերձայնային փորձարկում է իրականացրել», - լրագրողներին ասել է Հայթենը: «Չինաստանը իրականացրել է հարյուրավոր այդպիսի փորձարկումներ»: «Նման հարաբերակցությունը լավագույն տարբերակը չէ», - ավելացրել է նա:

Հայթենը կրկին մտավախություններ է հայտնել, որոնք նա առաջին անգամ հնչեցրել էր, երբ զբաղեցնում էր Ռազմավարական հրամանատարության ղեկավարի պաշտոնը. նրա կարծիքով՝ չինական եւ ռուսական հիպերձայնային զենքից պաշտպանվելու ուղղությամբ ԱՄՆ-ի պոտենցիալն ունի կատարելագործման կարիք: «Հիպերձայնային հրթիռներից պաշտպանվելու հարցում գլխավորը զենքը չէ: Դա սեփական հիպերձայնային սպառազինության ստեղծումը չէ: Դա սենսորի ստեղծում է, որը կարող է տեսնել հիպերձայնային զենքը,-ասել է նա:-Այժմ մենք չունենք այդպիսի սենսորներ»:

Չնայած Չինաստանի ռազմական ուժի արագ համալրման առնչությամբ մտավախություններին՝ Հայթենը համարում է, որ ներկայում ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է: «Ռուսաստանը շարունակում է լինել ամենամոտ սպառնալիքը պարզապես այն պատճառով, որ այն ունի շուրջ 1500 միավոր միջուկային զենք, իսկ Չինաստանն ունի դրա շուրջ 20 տոկոսը,-ասել է գեներալը:-Ուստի մոտ ապագայում անհրաժեշտ է անհանգստանալ Ռուսաստանի պատճառով: Այն արդեն ունի միջուկային զենքով գործող հիպերձայնային հնարավորություններ,-շարունակել է Հայթենը:-Եւ այն շարունակում է փորձարկել հիպերձայնային տեխնոլոգիաները, սակայն բնավ ոչ այն տեմպերով, ինչպես Չինաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ