News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որ Դոնբասում լարվածություն է հասունանում, ակնհայտ է, որ ուկրաինական կողմը այս փուլում սկսում է օգտագործել Թուրքիայից գնված «Բայրաքթար»-ները, դա էլ է արդեն փաստ, Ուկրաինան ոչ միայն կիրառում է դրանք, այլ նաեւ իրական քայլեր են ձեռնարկվում թուրք-ուկրաինական ձեռնարկություն հիմնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Դոնբասում ուկրաինական զինված ուժերի կողմից Թուրքիայից գնված «Բայրաքթար»-ի կիրառմանն ու իրավիճակի լարմանը:

Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիան եւս շահագրգռված է Ուկրաինայի հետ համագործակցելու հարցում:

«Հիմա «Բայրաքթար»-ների շարժիչներն ու այլ պահեստամասեր արեւմտյան են, եւ Թուրքիան մտավախություն ունի, որ այդպես Արեւմուտքն իր վրա ազդեցություն ունի, եւ փորձում է ազատվել տեխնոլոգիական այդ կախվածությունից եւ իր սեփական արտադրությունն է զարգացնում: Մոտ երկու ամիս առաջ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարը հայտարարեց, որ ռազմարդյունաբերության մոտ 70%-ը արտադրվում է Թուրքիայում: Նրանք, մասնավորապես, շարժիչները չեն կարողանում արտադրել, իսկ Ուկրաինայում դեռ սովետական շրջանից դրանց ստեղծման տեխնոլոգիաները պահպանվել են, դրա համար էլ Ուկրաինայի հետ այդ բնագավառում համագործակցելու շահագրգռվածություն կա, Կիեւն էլ դա փորձում է իր հակառուսական նպատակներն իրականացնելու համար: Հետաքրքիր է, որ «Բայրաքթար»-ների կիրառման հարցում Գերմանիայից դժգոհություն հայտնեցին, իսկ Լեհաստանը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունը, որը «Բայրաքթար»-ներ գնեց Թուրքիայից: Վերջինը թեւ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց նաեւ կարողանում է իր շահերն առաջ տանել, չի վախենում դաշնակից երկրների մոտ դժգոհություններ հարուցելուց, սա է ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունը, որը նա վարում է նաեւ Ռուսաստանի նկատմամբ` մի կողմից ռուսական «C-400» համակարգեր են գնում, մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ են բանակցում «F-16» կործանիչներ գնելու շուրջ, հիմա պետք է Բայդեն-Պուտին հանդիպում կայանա` համենայն դեպս, այդպես թուրքական կողմն է հայտարարում, որ այդ հարցերը պետք է քննարկվեն: Այնպես որ, Թուրքիան բազմակողմ քաղաքականություն է վարում, եւ հաճախ այնպես, որ վտանգի տակ է դնում հենց թուրքական շահերը` ավելի լայն առումով: Բայց Էրդողանը չի վախենում, առաջ է գնում, ինչը կարելի է որպես արկածախնդրային քաղաքականություն համարել, տեսնենք` դա նրան որքան կհաջողվի»- նկատեց ակադեմիկոսը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` թուրքական կողմը Սիրիայի հետ սահմանին կենդանի ուժ եւ զինտեխնիկա է կուտակում, եւ որ Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողություն սկսելու հավանականություն կա:

«Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում արդեն 4-րդ գործողությանը նախապատրաստվելու մասին ոչ միայն ռուսական մամուլն է գրում, այլ նաեւ աշխարհի մի շարք վերլուծական կենտրոններ, նաեւ` թուրքական մամուլը: Կարելի է համարել, որ նախապատրաստական փուլն արդեն ավարտին է մոտենում: Տեղեկատվություն կա, որ Թուրքիան մտադիր է 4-րդ գործողության արդյունքում իրար միացնել Սիրիայի տարածքում իրենց ներթափանցած այն քրդաբնակ երկու հատվածները` թուրք-սիրիական սահմանի զգալի մասը սիրիական կողմից կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ: Չեմ կարծում, թե Էրդողանը կհրաժարվի այդ քայլից, սա իհարկե դժգոհություն է առաջացնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտ, քրդերի մոտ շատ մեծ մտավախություններ կան, որովհետեւ այն առաջնահերթ քրդերի դեմ է ուղղված: Այնպես որ, սա Թուրքիայի քաղաքականությանը բնորոշ է, եւ Անկարան չի վախենում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուց, իհարկե, դա Մոսկվայի դուրը չի գա, բայց ինչպես նախորդ 3 հարձակումների հետ համակերպվեցին, այնպես էլ, կարծում եմ, սրա հետ կհամակերպվեն»,- նկատեց Սաֆրաստյանը:

Տպել
Ամենաշատ