Մի շարք երաժիշտներ օրերս նամակ էին գրել ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին եւ առաջարկել Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդուն` երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Ռուբեն Տերտերյանը, հավելելով, որ դրա նպատակը Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին նախապատրաստվելն էր:
Սակայն, Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շահեն Շահինյանը:
«Մեր նպատակը այն է որ ընտրությունների հիմքը լինի գաղափարների ու մտքերի փոխանակումը, ընտրություններ չկապվեն անձի հետ»,- ասաց Ռուբեն Տերտերյանը` հավելելով, որ ինքը` որպես Կոնսերվատորիայի պրոռեկտոր, կկարողանա աջակցել ռեկտորի պաշտոնակատար Շահեն Շահինյանին` կազմակերպել բարձր մակարդակով ընտրություններ:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ` ռեկտորի պաշտոնում առաջարկելով Ռուբեն Տերտերյանի թեկնածությունը, ապա նա նշեց, որ տեղյակ չէ դրանից: Ռուբեն Տերտերյանը դեռ չի որոշել` դիմելո՞ւ է ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին, թե` ոչ:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսակցություններ կան տարբեր թեկնածուների մասին, բայց ռեկտորին ընտրելու է խորհուրդը:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: Ի դեպ, NEWS.am-ը այս հարցի շուրջ ավելի վաղ զրուցել էր նաեւ արդեն նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանի հետ, ով իր հեռանալու պատճառ էր նշել հոգնածությունը: Սարաջյանն ասել էր, որ ցանկանում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով:




























