News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և քվանտային երևույթների վրա հիմնված սարքավորումներ ստեղծելու նպատակով: Այստեղ հրավիրվում են աշխարհի առաջատար մասնագետներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ցուհան Չենի, Քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Խոսե Իգնասիո Լատորեի, Ազգային հետազոտությունների հիմնադրամի «Խելացի ազգ և թվային տնտեսություն» բաժանմունքի ղեկավար Քեոկ Թոնգ Լինգի հետ:

Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, ծանոթացրել իրականացվող հետազոտություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև բժշկության մեջ դրանց կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշել, որ այն, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման, մասնավորապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման վրա։ Նախագահն ասել է, որ, հաշվի առնելով նաև, որ Սինգապուրն ունի զարգացած քվանտային էկոհամակարգ, ուրախ կլինեն գործընկերներ ունենալ նաև Սինգապուրից։ Ազգային համալսարանի, հետազոտությունների հիմնադրամի և քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են փոխգործակցությամբ և պատրաստ են ուսումնասիրել ու  քննարկել համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումին, որտեղ խոսել է հայ-սինգապուրյան հարաբերությունների, գիտության, կրթության ոլորտներում փոխգործակցության ներուժի, պետությունների ապագա զարգացման գործում կրթության ու տեխնոլոգիաների դերի մասին, պատասխանել մասնակիցների տարաբնույթ հարցերին:

Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:

Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը: «Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար,- ասել է նախագահը: -Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է մեր երկրի համար։

«Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց սրանք են կերտել Սինգապուրը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Հույս ունեմ, որ այդ գաղափարի ուժն իմ երկիրը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ես կկարողանամ ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ