News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վազգեն Սարգսյան Ռազմական Համալսարանում  այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Գևորգ Գասպարյանի հիշատակին:

Գեւորգ Գասպարյան ծնվել է 1989թ. Ապրիլի 5-ին ք. Աբովյանում։ 1995թ. սեպտեմբերից տեղափոխվում և բնակություն են հաստատում քաղաք Շուշիում։ 1996-2002թթ. հաճախել է Շուշիի Ա. Մանուկյանի անվան դպրոցը։ 2002թ.-ից որոշում է ուսումը շարունակել Փոքր Մհեր կրթահամալիրում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2011թ-ից ծառայության է անցել Արցախի ՊԲ-ի Մարտունու երրորդ պաշտպանականում։ Կոչումով մայոր էր՝ Շտաբի Պետ։ Զորամասի պատիվը միշտ բարձր է պահել, մասնակցել է նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմին, ունի բազմաթիվ պարգևատրումներ,խրախուսանքներ, շքանշաններ և պատվոգրեր։

 Արիաբար կռվել է 2020թ. 44 օրյա պատերազմում, որի ժամանակ էլ ծանր վիրավորում է ստացել։ Նոյեմբերի 3-ին Մարտունին պաշտպանելիս ծնոտի հատվածում վիրավորվել է, սակայն հետ չի նահանջել և գրեթե 2 ժամ շարունակել է մարտը, չթողնելով, որ մոտենան իրեն փրկելու նպատակով, որպեսզի ավելի զոհեր չլինեն։ 

Վիրավոր վիճակում առաջին բուժօգնություն է ցուցաբերել իր վիրավոր զինընկերոջը, սակայն շտապօգնության մեքենայի մոտ, թշնամու դիպուկահարը չի վրիպել և իր արձակած գնդակը նշանակետին է հասել։ 

Գեւորգին  հասցրել են Երևանի «Աստղիկ» ԲԿ նոյեմբերի 6-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ 

Հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում՝ նոյեմբերի 9-ին։ 

Գևորգ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճան և Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից Տիգրան Մեծ շքանշաններով։ Ամուսնացած էր, ունի երկու անչափաս երեխա։ 

Գեւորգի կինը ` Մարիամը պատմում է, որ 2020թ. սեպտեմբերին արձակուրդ էր վերցրել Գևորգը եւ երեխաների ու ընտանիքի հետ, շրջում էին Արցախի տեսարժան վայրերով։

Մարիամը մի դեպք է առանձնացնում այդ օրերից:
«Մտավ տուն մի քանի հեռախոս ձեռքին:  Մար, ո՞րն ես հավանում, ասացի` Գև պետք չի դեռ, հեռախոսս նորմալ աշխատում է, կարիք չկա փոխելու։ - Ես քեզ ասում եմ, որն ես հավանում ծնունդիդ նվեր եմ անում: Ասացի, որ ծնունդս հունվարին է, դեռ կհասցնես առնես, նա պնդեց, որ ինքըտ հիմա է անում նվերը,  ասաց` չգիտի, թե վաղը հնարավորություն կունենա,  թէ չէ»,- պատմեց Մարիամը` նշելով, որ ամեն անգամ հեռախոսին նայելիս մտածում է, որ գուցե Գեւորգը զգում էր իրեն ինչ էր սպասվում։

Ապրիլյան  քառօրյա անցած սպան, առաջնագծի ամենաթեժ հատվածներում էր նաև 2020-ին, նա անհավասար մարտերի կիզակետում էր, գաղափարի այն հզոր մղումով , որ նահանջի տեղ չկա, ետևում Արցախն է և իր սիրելի Մոնթեաբերդը։

Մայոր Գասպարյանի մարտական ընկեր, Արման Իվանյանը պատմում է. «Երբ հակառակորդը արդեն Մարտունու մատույցներում էր և պայքար էր մղվում հերոսական քաղաքի ճակատագրի համար, Գևորգն իր քաջերով աննկարագրելի քաջագործություններ կատարեց, մենք կապի մեջ էինք նրա հետ և լսեցինք, որ նա վիրավորվեց… վիրավորվելուց հետո Գևորգը շարունակեց իր մարտը, մեզ հետ կապի դուրս գալուց ասում էր, որ դժվարանում է խոսալ, քանի որ վիրավոր է, սակայն այդ վիճակում էլ չդադարեց պայքարել։ Ցավոք երկրորդ անգամ մահացու վիրավորվեց։ Նա ու նրա նման տղերքը կանխեցին հակառակորդի առաջխաղացումը դեպի Մարտունի, և այո, այս պատերազմում էլ աննվաճ ու անառիկ մնաց Մոնթեի քաղաքը»։ 

Մայոր Գասպարյանը իր ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է պետական ու ու գերատեսչական տարբեր պարգևների։ Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի » 20 տարի, ՀՀ «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահության համար 1-ին աստիճանի» մեդալներով և մի շարք պատվոգրերով։ Արցախյան երկրորդ պատերազմն փաստեց, որ Գևորգ Գասպարյանը արժանի էր այս կոչումներին ու պարգևներին: 

Տպել
Ամենաշատ