Որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու  կեղծ տեղեկություններ եք տարածում, պարոն Քոչարյան, Դուք պետք է դատվեք դեռ, Դուք եւ Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին,Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք եւ ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ եւ բացահայտել՝ ովքեր են դավաճանները, եւ ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,- ասաց Մինասյանը։

Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։

Ապա առանց ընդդիմադիր պատգամավորների քվեարկության դրվեց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, եւ 6 դեմ 0 կողմ եւ 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։