News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոնստանտին Իշխանովը Մալթայում գործող «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» (EUFSC) հիմնադիրն ու նախագահն է։ Հիմնադրամը զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում դասական երաժշտության առաջխաղացմամբ եւ զարգացմամբ։ Մեզ հաջողվեց զրուցել պարոն Իշխանովի հետ InClassica միջազգային երաժշտական ​​փառատոնից անմիջապես հետո, որը կայացել է Դուբայում այս տարվա օգոստոսին եւ սեպտեմբերին։ Կոնստանտինը պատմեց հիմնադրամի գործունեության մասին եւ այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել հաղթահարել վերջին երկու տարիներին քովիդային դժվարությունները։ 

Կոնստանտին«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը» (EUFSC)  հիմնադրվել է ձեր կողմից մի քանի տարի առաջ: Հիմնադրամի զարգացման տեմպերը, գործունեության շրջանակը, նախագծերի աշխարհագրությունը եւ մասշտաբները տարեցտարի ավելանում են։ Այժմ նախագծերի որակը մեկ մակարդակի վրա է համաշխարհային մակարդակի նախագծերի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ուղին եւ արդյո՞ք այն բոլոր նպատակները, որոնք ի սկզբանե դրված էին, իրականացվել են: Ո՞ր ուղղությամբ է այժմ շարժվում հիմնադրամը։

Ես շատ հպարտ եմ Հիմնադրամի գործունեության արդյունքներով, նրա բոլոր ձեռքբերումները ամբողջ թիմի քրտնաջան ամենօրյա աշխատանք արդյունքն է, մենք ձգտում ենք լավագույն արդյունքների հասնել այն ամենում, ինչ անում ենք: Մեր գործունեության պորտֆելի դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ գոյություն ունեցող նախագծերի շրջանակն ընդլայնելու ուղղությամբ աշխատելը մեր առաջնահերթություններից է եւ մեր հաջողության հիմնական գրավականը։ Մալթայի միջազգային երաժշտական ​​փառատոնը վառ օրինակ է։ մենք սկսեցինք այս նախագիծը 2011 թվականին, այդ ժամանակ մենք ունեինք ընդամենը մի քանի արտիստ եւ համերգներ: 

Հիմա, երբ մենք համեմատում ենք մեր առաջին փառատոնը հոբելյանականի հետ, որն այս տարի Մալթայում COVID-19-ի հետ կապված գործող սահմանափակումների պատճառով ստիպված եղանք անցկացնել Դուբայում, տեսնում ենք, թե որքան է աճել միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող 37 մենակատարներ, 7 առաջատար նվագախմբեր եւ 11 անվանի դիրիժորներ։ Իհարկե, այս ամենը պատահական չէ։ Սա երկար տարիների փորձի եւ, որ ամենակարեւորն է, արտիստների հետ վստահելի ու հարգալից հարաբերություններ հաստատելու արդյունք է։ Երաժշտական ​​աշխարհը փոքր է, եւ խոսակցությունները բավականին արագ տարածվում են։ Եթե դուք կատարում եք ձեր խոստումները եւ կազմակերպում եք միջոցառումներ, որոնք լցնում են դահլիճներ բարձր մակարդակով, երաժիշտները կշարունակեն աշխատել ձեզ հետ:  

Ինչպե՞ս եք հաղթահարում ժամանակակից կյանքի իրողությունները COVID-19 համաճարակի հետ կապված: Անցյալ տարի դուք ներկայացրեցիք մի քանի օնլայն նախագծեր, այդ թվում՝ Lerici, «Armenia» եւ MUISC-20 մասշտաբային փառատոնները, որոնցից վերջինը վարել եք Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի (ASSO) հետ։ Այս տարի InClassica միջազգային երաժշտական փառատոնը տեղափոխվեց Դուբայ։ Ինչպե՞ս եք տեսնում մշակութային միջոցառումների հետագա զարգացումն ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, ձեր հիմնադրամի նախագծերը։ Հավատո՞ւմ եք, որ աշխարհը կվերադառնա նախկին կյանքին, թե՞ պետք է զարգացման նոր ուղիներ փնտրել։ 

Անշուշտ, COVID-19-ը  Հիմնադրամի համար լուրջ խնդիրներ է ստեղծել, որոնց մենք բախվում ենք ամեն օր։ Գոյատեւելու համար դուք պետք է կարողանաք հարմարվել եւ պատրաստ լինել ընդունելու նոր իրողությունները, հարմարվել աշխատանքին, հնարավոր է՝ մասնակի անցում կատարելով օնլայն ձեւաչափին, ինչպես նաեւ պատրաստ լինեք տեղափոխվել այն տարածքներ, որտեղ չկան նման խիստ սահմանափակող միջոցներ:

Մենք միշտ ձգտում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակը եւ կարողացել ենք հասնել ֆանտաստիկ արդյունքների այս հարցում։ Խոսքերիս հավաստիքը Դուբայում փառատոնի հաջող անցկացումն է։ Մենք դեռ փորձում ենք ներկայություն պահպանել Եվրոպայում եւ աշխարհի այլ հատվածներում: Չնայած համավարակի հետեւանքով առաջացած դժվարություններին՝ այս տարի մեզ հաջողվեց մեծ թվով ծրագրեր կազմակերպել Իտալիայում, Մալթայում, Կորեայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հայաստանում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուզբեկստանում, Ավստրիայում եւ այլ երկրներում։

Ինչ վերաբերում է թվային բովանդակության կոնտենտի օգտագործմանը, ես կարծում եմ, որ նույնիսկ իր ակնհայտ առավելություններով այն երբեք չի կարող փոխարինել կենդանի համերգներին: Նվագախմբի կենդանի կատարումը լսելու հույզը չի կարելի ստանալ թվային տեսքով։  Իհարկե, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ամբողջ աշխարհում, բայց մենք մնում ենք անսասան մեր վճռականության մեջ եւ կշարունակենք հանրությանը ներկայացնել լավագույնը դասական երաժշտության մեջ։     

Կրթական նախագծերը EUFSC-ի գործունեության անբաժանելի մասն են. երաժշտական ​​ակադեմիաներ, որոնք դուք անցկացնում եք ամբողջ աշխարհում, եւ դաշնամուրի մասշտաբային մրցույթներ: Ո՞րն է կրթական բաղադրիչի տեղը հիմնադրամի առաքելության մեջ, եւ ինչո՞ւ եք այդքան մեծ ուշադրություն դարձնում կրթությանը դասական երաժշտության ոլորտում:

Կրթական նախաձեռնություններն իսկապես կարեւոր դեր են խաղում EUFSC-ի աշխատանքում: Ես կարող եմ նշել տասնյակ պատճառներ, թե ինչու, բայց ուզում եմ կանգ առնել հիմնականի վրա՝ զարգացման անսահման հնարավորությունների, որոնք ստանում են երիտասարդ երաժիշտները՝ մասնակցելով մեր նախագծերին, ինչպիսիք են ակադեմիաները եի մրցույթները: Երաժշտական ​​գործիքներ նվագել սովորելու առավելությունները հսկայական են, այս մասին ասված է բազմաթիվ գիտական ​​աշխատություններում, եւ մենք հպարտ ենք, որ կարող ենք երեխաների հետ կիսվել առաջատար ուսուցիչների փորձով այս հետաքրքրաշարժ գործընթացում: Իսկ ինչ վերաբերում է այն ուսանողներն, ովքեր ցանկանում են երաժշտությունը իրենց հետագա կարիերան դարձնել ավելի բարձր մակարդակով, ապա մեր միջոցառումները նրանց համար հատկապես արժեքավոր են: Մենք նրանց ոչ միայն եզակի հնարավորություն ենք ընձեռում շփվելու հարգարժան դասախոսների, այլ նաեւ դասական երաժշտության աշխարհի բարձրակարգ մենակատարների, դիրիժորների եւ կոմպոզիտորների հետ՝ իրենց կարիերայի ձեւավորման փուլում անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու համար: Այս տարի մենք Դուբայում ներկայացրեցինք դասական դաշնամուրի երկրորդ միջազգային մրցույթը` միջոցառում, որը համախմբեց 15-ից 36 տարեկան երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից: Հաղթողը ստացավ ոչ միայն ռեկորդային գլխավոր մրցանակը, այլեւ` աշխարհով 20 ելույթով մեկհամերգային շրջագայություն, որը տեղի կունենա այս տարվա վերջին եւ 2022 թվականին։ Ընտրեցինք հենց այսպիսի մրցանակ, քանի որ դասական երաժշտության աշխարհում հաջող ու երկարամյա կարիերա ստեղծելու համար մշտական ​​աջակցություն է անհրաժեշտ, եւ ուրախ ենք, որ մրցույթը երեխաներին տալիս է նման հնարավորություն։ Հավելեմ, որ, հետեւելով սեփական որդուս երաժշտական ​​զարգացմանը դաշնամուր նվագել սովորելիս, ես համոզվեցի, թե դա ինչ ահռելի առավելություններ է տալիս ընդհանրապես կրթության ստացման գործում եւ ինչպես է դա ազդում ուսման մեջ հաջողությունների վրա։ Ուստի դասական երաժշտության ոլորտում կրթական նախաձեռնություններն առաջնահերթություն են EUFSC-ի գործունեության համար:

Ավելի քան հինգ տարի է, ինչ հիմնադրամը համագործակցում է Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի հետ, Հայաստանում փառատոն է անցկացնում, կազմակերպում են նվագախմբի հյուրախաղերն աշխարհով մեկ։ Ի՞նչը նպաստեց նման սերտ համագործակցությանը։ Ինչպե՞ս եք գնահատում մշակութային կյանքն այսօր Հայաստանում եւ ի՞նչ հնարավորություններ են սպասվում հայ երաժիշտներին ապագայում:

Մենք ջերմ բարեկամական հարաբերություններ ենք հաստատել ASSO-ի հետ, որոնք մեզ համար շատ կարեւոր են, եւ մեր ընկերության պտուղները բազմաթիվ հաջողված համերգներն ու փառատոններն են։ Ես անձամբ ճանաչում եմ նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ​​ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին եւ ականատես եմ եղել, թե ինչպես է նա միջազգային բարձր մակարդակի դիրիժոր դարձել:

Այժմ նա ոչ միայն ASSO-ի, այլեւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, ինչը մեզ համար՝ որպես մալթական կազմակերպության, շատ հաճելի է: Համագործակցությունը Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի հետ զարգացավ օրգանական ձեւով։ Մինչ միասին աշխատելը ես արդեն որոշակի պատկերացում ունեի Հայաստանում երաժշտության մասին՝ շնորհիվ իմ ընտանիքի հայկական արմատների։ Ինչ վերաբերում է այսօր Հայաստանում մշակութային կյանքին, ապա կարծում եմ, որ այն առանձնանում է իր դինամիկայով։ Հայաստանում շատ ֆանտաստիկ երաժիշտներ են ապրում։ Օրինակ՝ անհավանական ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ 2005 թվականին նա հաղթեց Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում եւ այս տարի ելույթ ունեցավ Դուբայի մեր InClassica փառատոնի ժամանակ։ Հայ երաժիշտները շարունակում են համբավ ձեռք բերել ամբողջ աշխարհում, ինչը մեծապես պայմանավորված է այս երկրում ապրող տաղանդավոր մարդկանց մեծ թվով։ Մեծ հաճույքով մեր հիմնադրամը համագործակցում է այնպիսի թիմի հետ, ինչպիսին է ASSO-ն, եւ մենք անհամբերությամբ ավելի շատ համատեղ ծրագրեր ենք ակնկալում ապագայում: Ինչ վերաբերում է հայ երաժիշտների հեռանկարներին միջազգային ասպարեզում, ապա դա ցույց կտա ժամանակը։ Սակայն, դատելով վերջին իրադարձություններից, վստահ եմ, որ երաժիշտների վառ ապագան է սպասվում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ