
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընթացող ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց՝ Գլխավոր դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին հրավիրել դատարան՝ որպես վկա հարցաքննելու համար։
Պաշտպանն ասաց, որ դատախազը Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներում որպես հարակից պատասխանող կողմ անդրադարձել է նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի եւ բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին.
«Վերջինս իր ելույթում նշել էհետեւյալը. «Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առերեւույթ ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել եւ կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը։ Դատախազությունը գտնում է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքն արտահայտողի անձից, դիտավորությունից, խոսքի բովանդակությունից եւ ձեւից, վնասի հնարավորությունից, այդ չափանիշներով պետք է գնահատել բռնության կոչի եւ բռնության սպառնալիքի հանրային վտանգավորությունը եւ քրեական հետապնդման մարմինները ստացված հաղորդագրությունները հենց այս չափանիշներով էլ գնահատման են ենթարկել»։ Բիշարյանը նաեւ ասել է. «Պետք է փաստել, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների եւ քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների առաջնորդների ելույթները իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող , բռնությունը հրապարակայնորեն արդադացնող կոչեր պարունակող»։ Ուզում եմ հասկանալ, պարոն Բիշարյանը ՍԴ-ում երբ այս դիրքորոշումը հայտնել է, հանդես է եկել որպես Կարեն Բիշարյան դատախա՞զ, թե՞ ամբողջ դատախազության դիրքորոշումն է դա։ Եթե ենթադրենք, որ Բիշարյանն այնտեղ հայտնել է դատախազության դիրքորոշումը, ապա ինչ է անում այստեղ մեր դատախազը։ Այս նույն դիրքորոշումը պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է ունենա նաեւ մեր դատախազը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Գործով մեղադրող դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, պնդելով, որ այն ամբողջությամբ անհիմն է եւ ենթակա է մերժման։ Նա պնդեց, որ դատախազ Բիշարյանն այդ հայտարարությունն արել է այլ գործով եւ այս գործը, ըստ նրա, ՍԴ-ում քննվող գործի հետ որեւէ կապ չունի։
Էրիկ Ալեքսանյանն էլ հիշեցրեց 2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասում էր՝մուրճը վերցնելու ենք, տալու ենք սաղի գլխներին, եւ խոսում էր ժողովրդի հետ։ Հիմա այս հայտարարության տիրույթում Բիշարյանն ասում է՝ հանցագործության հատկանիշ չկա»։
Դատարանը մերժեց Ալեքսանյանի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։