News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին Վանաձորի «Ուսանողական» հասցեում գտնվող փայտե տնակը՝ ինքնաշեն կառույցներով, բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է՝ մոխրակույտի վերածվելով: Ամուսիններ, 84-ամյա Նորիկ Մխիթարյանը, Ալլա Մխիթարյանն ու վերջինի քույրը՝ 69-ամյա Զելմա Աբրամիդին, տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել. կանայք այս պահին բուժում են ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Նորիկ Մխիթարյանը, որը գլխի եւ ձեռքերի հատվածում է այրվածքներ ստացել, ստանում է ամբուլատոր բուժում:

Տուժածների բարեկամուհին՝ Սուսաննա Եսայանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, խոշոր հրդեհը բռնկվել է էլ. հոսանքի կարճ միացման հետեւանքով, բայց ոչ թե տնակի ներսում, այլ դրանից որոշակի հեռավորության վրա՝ դրսում:

«Պապիկը տատիկներին դուրս է հանել տնակից՝ տարբեր աստիճանի այրվածքներով: Տնակը, որտեղ արդեն 32 տարի տատիկն ու պապիկն ապրում էին, մոխրի է վերածվել: Հիմա պապիկը բարեկամների տանն է գտնվում: Տեղեկացանք, որ տատիկների բուժման համար հիվանդանոցում թանկարժեք դեղորայք են պահանջել՝ մոտ 40-50 հազար դրամ արժողությամբ, բայց մարդիկ բառի բուն իմաստով գիշերանոցներով դրսում են մնացել»,- հայտնեց բարեկամուհին՝ նշելով, որ տարեցները ծանր իրավիճակում են հայտնվել:

«Ոչ մի տեղից չեն արձագանքում՝ պետական կառույցներից առայժմ արձագանք չենք ստացել, ոչ ոք չի հետաքրքրվում այս մարդկանց ճակատագրով: Դիմել ենք քաղաքապետարան, եկել նայել, գնացել են, երկուշաբթի նաեւ գրավոր դիմում կներկայացնենք: Պապիկին Վանաձորում հանրակացարանում են սենյակ առաջարկել, որը կենցաղային որեւէ պայման չունի. 85 տարեկան մարդիկ են ախր, թոշակառու, վատառողջ, չեն կարող տարրական կենցաղային պայմաններ չունեցող սենյակում ապրել: Այդ այրված տնակում կենցաղային բոլոր հարմարությունները պապիկը ստեղծել էր: Ուզում ենք վարչապետին արդեն նամակ ուղարկել: ՀԷՑ-ից եկան, նայեցին տնակի տարածքը, գնացին, բայց, փաստացի, իրենց մոտից է եղել խնդիրը՝ հրդեհը մինչեւ տնակ հասնելն է բռնկվել՝ դրսում: Տնակը սեփականաշնորհված չի եղել, բայց պապիկը հաշվառված է այդ հասցեում»,- հայտնեց բարեկամուհին:

Լրացուցիչ տեղեկությունների եւ տուժածներին աջակցելու համար կարող եք զանգահարել 098 111 373 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ