News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Լուսինե Ավետյանը ցուցմունք տվեց, որով արձանագրեց, որ նախաքննության ընթացքում Առուշ Առուշանյանի դեմ մեղադրական բնույթի տրված ցուցմունքներն ամբողջությամբ սուտ են, եւ չեն համապատասխանում իրականությանը, որ սուտ ցուցմունք է տվել` մտածելով, որ, գուցե, իրեն կալանքից ազատ արձակեն, եւ, փաստացի, չի սխալվել: Այս մասին Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Ավետյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Երբ նախաքննության ժամանակ Լուսինե Ավետյանի եւ Առուշ Առուշանյանի միջեւ առերես հարցաքննություն է կատարվել, տիկին Ավետյանը բանավոր կարգով հայտարարել է` երբ կինը քրեակատարողական հիմնարկում է հայտնվում, մոռանում է Աստծո գոյության մասին: Այս հայտարարությունը պարոն Առուշանյանի պաշտպանների կողմից արձանագրվել է, այսինքն, այդ ժամանակ դեռ նա ասել է, որ ՔԿՀ-ում հայտնվելու պատճառով է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տվել: Տիկին Ավետյանը շատ մանրամասն նկարագեց, թե «Աբովյան» ՔԿՀ-ում իրեն ինչ մեկուսարան են տարել, եւ հետագայում հեռուստատեսությամբ տեսել է, որ բավական բարվոք պայմաններ ունեցող մեկուսարաններ կան նույն ՔԿՀ-ում, այնինչ իրեն տարել էին տարրական պայմաններ չունեցող մեկուսարան, որտեղ անգամ ջուր էր կաթում: Կարծում ենք` ի սկզբանե դիտավորյալ են դա արել, որպեսզի, որպես իգական սեռի ներկայացուցիչ, հոգեբանական ճնշման ենթարկվելով` կեղծ ցուցմունք տա, եւ այդպես էլ եղել է: Նախաքննության ժամանակ նա երկու անգամ ցուցմունք է տվել, բայց դրանք մեղադրանք բնույթի չեն եղել, իսկ մեղադրական բնույթի տվել է` արդեն մտածելով, որ դրա շնորհիվ կալանքից ազատ կարձակեն»,- նշեց պաշտպանը:

Հարցին` արդյոք պաշտպանական կողմը չունի մտավախություն, որ իր տված մեղադրական ցուցմունքները հերքելու պատճառով Լուսինե Ավետյանը կարող է հետապնդման ենթարկվել, պաշտպանը նկատեց. «Այդ հարցին տիկին Ավետյանը եւս պատասխանեց` ասելով, որ հիմա չի վախենում, որովհետեւ արդեն կոփվել է: Տիկին Ավետյանը նաեւ ծանր հիվանդություն ունի, ավելին` մեղադրական բնույթի ցուցմունքները տվել է «Երեբունի» ԲԿ-ում, այսինքն, այնքան վատ է եղել, որ ՔԿՀ-ից հիվանդանոց են տեղափոխել: Սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն նրան սպառնում է, բայց տիկին Ավետյանը նշեց, որ ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել, եւ այդ պատճառով է հիմա իրականությունը հայտնում: Պետք է սպասենք, տեսնենք` դատարանն ինչպես է գնահատում Ավետյանի ցուցմունքները»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ