News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկինում տեղեկացրել էինք, որ 15․11․2021թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ հրատապ դատական նիստ էր անցկացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի դեմ դատախազի Վերաքննիչ բողոքը քննության առնելու համար և բեկանել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14․10․2021թ․-ի որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Նա, նշել է. «Տեղեկացնում ենք, որ այսօր համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Բողոք ենք ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։

Իմ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել,  սակայն սա այն դեպքն է, երբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված նման ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են մեր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպես նաև, վերը նշված որոշմամբ, խախտվել են քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքները։

Ինչպես Արթուր Սարգսյանի պաշտպաններ, այնպես էլ որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ, մեզ համար անընդունելի է դատավորի նման գործելակերպը։

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարն իր տարբեր ելույթներում շատ է խոսել անարդար և արդարադատություն չիրականացնող դատավորներին վեթինգի ենթարկելու մասին։ Ըստ իս, այս միջնորդությունը լավ առիթ է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարն ապացուցի իր խոսքերի անկեղծությունը»։

Տպել
Ամենաշատ