News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք,  որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում «Հայաստան» հիմնադրամին փոխանցված գումարները Կառավարությանը տալու հարցով քննիչ հանձնաժողովի նիստում հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։  Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ  վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև  ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։

Մինասյանն ընդգծեց, որ պետք է փարատվեն հանրության մեջ առկա կասկածանքները. «Եթե չկան մեղավորներ, ի՞նչն է կաշկանդում մեզ հայտարարել դրա մասին։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի կարևորագույն հաստատության մասին։ Կարծում եմ, որ մենք, այդ թվում իշխանական պատգամավորները, որևէ կաշկանդվածություն չունեն ցանկացած պաշտոնատար անձի, ով առնչվում է հիմնադրամի միջոցների օգտագործման հետ, հրավիրել այստեղ և հարցեր տալ` Հանրապետության նախագահից և Կառավարության ղեկավարից սկսած: Իսկ եթե բացահայտվեն, դուք պատրա՞ստ եք որ հրապարակային ամենաճշմարիտ ձեւով ներկայացնել, թե ինչ սխալներ ու թերություններ են եղել»,–ասաց նա։

Թունյանն արձագանքեց, որ իրենցից ավելի շահագրգիռ կողմ չկա, որ խոշորացույցի տակով անցկացնեն եւ եթե կան չարաշահումներ, դրանք համապատասխան հետեւանքներ ունենան:

Տպել
Ամենաշատ