News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում՝ սա լուրջ թեմա է՝ ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական խնդիրներ է դա լուծում, եւ խիստ կասկածում եմ, որ ինչ-որ գազ ինչ-որ տեղ հոսի։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Աշխաբադում կայացած 15-րդ գագաթաժողովի շրջանում Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրված պայմանագրին, ըստ որի՝ Իրանի տարածքով տարեկան 1․5-2 միլիարդ խ․մ․ թուրքմենական գազ պետք է արտահանվի Ադրբեջան։

«Խնդիրն այն է, որ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան ոչ մեծ ծավալի գազ կարող է հոսել, որն Ադրբեջան կարող է, օրինակ, ներքին սպառման համար օգտագործել։ Ադրբեջանը տարեկան 1 մլրդ խ․մ․ գազ ներքին սպառման համար նախկինում Ռուսաստանից էր գնում, շատ հնարավոր է՝ ներքին սպառման համար ներմուծվող գազի այդ քանակն Ադրբեջանը հիմա փորձում է փոխարինել թուրքմենականով։ Բայց արդյո՞ք այս տարբերակը կաշխատի՝ ես խիստ կասկածում եմ։ Առաջինը՝ թուրքմենական գազը խիստ կերպով վերահսկվում է չինական կապիտալի կողմից, որը Թուրքմենստանի տնտեսությունում հիմնական ներդնողն ու թուրքմենական գազի հիմնական սպառողն է։ Երկրորդը՝ Թուրքմենստան-Իրան հարաբերությունները գազային ոլորտում շատ բարդ են, անգամ գազի սակագնի շուրջ ունեցած խնդրով բանակցությունները ձախողվել են, եւ Թուրքմենստանն Իրանին դատի է տվել։ Երրորդը՝ նախկինում նմանատիպ պայմանագիր էր կնքվել Թուրքմենստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որը թղթի վրա մնաց ու չաշխատեց։ Հետեւաբար, չեմ կարծում՝ սա աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող թեմա է»,- նկատեց փորձագետը։

Իսկ եթե թուրքմենական գազի նախանշված ծավալն Իրանի տարածքով, այնուամենայնիվ, արտահանվի Ադրբեջան, կարո՞ղ է այն Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ապա՝ Տրանս-Անատոլիական եւ Տրանս-Ադրիատիկ գազատարներով արտահանվել Եվրոպա՝ մեծացնելով Ադրբեջանից եվրոպական շուկա արտահանվող գազի ծավալները։ Մանվելյանի համոզմամբ՝ դրա մասին խոսք լինել չի կարող։

«Դա ընդհանրապես բացառվում է։ Ադրբեջանը ինչու՞ պետք է թուրքմենական գազը Եվրոպային վաճառի, եթե իր գազն ունի, որի ծավալները գնալով աճում են։ Խնդիրն այն է, որ «TANAP» գազամուղը (Տրանս-Անատոլիական գազատար, որով Ադրբեջանի Շահ-Դենիզ 2 հանքավայրից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա գազ է արտահանվում՝ մինչեւ Հունաստանի հետ սահման, որտեղից սկիզբ առնող Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP) ադրբեջանական գազը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայի տարածքով եւ Ադրիատիկ ծովի հատակով հասնում է Իտալիա – NEWS.am), որը կառուցել է, շատ թանկ է արժեցել, եւ առաջիկա 10 տարում իր գազը պետք է վաճառի, որ կարողանա այդ ծախսերը հետ բերել, գազի շուկան փոքր-ինչ այլ կերպ է աշխատում։ Այդ պատճառով էլ ես գազային այդ պայմանագրի ապագային չեմ հավատում եւ չեմ կարծում, որ դրանից լուրջ բան դուրս կգա։ Ներքին սպառման համար՝ կարող է լինել, բայց Եվրոպա արտահանելը բացառվում է։

Գազի արտահանման հարցում թե՛ Թուրքմենստանը, թե՛ Իրանը միայն տնտեսական նպատակներ են հետապնդում, ոչ թե աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան չեն, որ ահռելի գումարներ ներդնեն գազամուղների կառուցման համար, գազ արտահանեն ու հույս էլ չունենան, որ առաջիկա տասնամյակում հնարավոր կլինի ծախսերը հանել՝ ոչ աշխարհաքաղաքական այդ ամբիցիաներն ունեն, ոչ էլ դրա հնարավորությունները։ Հետեւաբար, միայն կոմերցիոն նպատակներ կարող են հետապնդվել, իսկ Իրանը, գուցե, նաեւ որոշակի քաղաքական լծակներ ունենա, որոնցով կվերահսկի դեպի Ադրբեջան թուրքմենական գազի արտահանումը»,- եզրափակեց փորձագետը։

Տպել
Ամենաշատ