News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 1970-ից մինչեւ 2020 թվականը 84 միլիոնից հասել է 281 միլիոնի։ Այս տվյալները բերված են Ժնեւում հրապարակված Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) զեկույցում։

«Ընթացիկ համաշխարհային գնահատականների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում եղել է շուրջ 281 միլիոն միջազգային միգրանտ, ինչը կազմում է աշխարհի բնակչության 3,6 տոկոսը»,- ասվում է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ 1970 թվականին Երկրի վրա եղել է 84 միլիոն միգրանտ։

Կորոնավիրուսը զսպող ազդեցություն է ունեցել միգրացիայի վրա։ Փորձագետների կողմից իրականացված մոդելավորման համաձայն՝ եթե համավարակ չլիներ, աշխարհում մոտ 2 միլիոն միգրանտով ավելի շատ կլիներ։

Զեկույցում ուշադրություն է դարձվել վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում միջազգային դրամական փոխանցումների աճին՝ 2000 թվականին 126 միլիարդ դոլարից մինչեւ 2020 թվականին 702 միլիարդ դոլար: Թեեւ փորձագետները կանխատեսում էին կորոնավիրուսի պատճառով տրանսֆերտների ծավալի կտրուկ անկում, 2020 թվականին գրանցվել է միայն աննշան նվազում՝ 2019 թվականի համեմատ 2,4%-ով։

Ինչպես պարզաբանել են ՄՄԿ-ում, միգրանտները միջոցներ են փոխանցում անմիջապես իրենց ընտանիքներին կամ իրենց հայրենի երկրներում գտնվող համայնքներին: Համաշխարհային բանկի փոխանցումների մասին վկայությունները, ինչպես ընդգծում է կազմակերպությունը, «չեն ընդգրկում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ուղիներով դրամական միջոցների չհաշվառված հոսքերը, ուստի փոխանցումների ծավալը, հավանաբար, ավելի մեծ կլինի, քան առկա գնահատականները»:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, «բարձր եկամուտ ունեցող երկրները գրեթե միշտ տրանսֆերտների հիմնական աղբյուրն են»։ Այս առումով առաջին տեղը 2020 թվականին զբաղեցրել է ԱՄՆ-ը, որտեղից մեկ տարվա ընթացքում 68 միլիարդ դոլար է փոխանցվել այլ երկրներ, նրան հաջորդում են ԱՄԷ-ն (43 միլիարդ դոլար), Սաուդյան Արաբիան (34,6 միլիարդ դոլար), Շվեյցարիան (28 միլիարդ դոլար) եւ Գերմանիան (22 միլիարդ դոլար)... Ռուսաստանը յոթերորդ տեղում է (16,9 միլիարդ դոլար)՝ Չինաստանի (18,1 միլիարդ դոլար) եւ Ֆրանսիայի (15 միլիարդ դոլար) միջեւ: Միջազգային փոխանցումներ ստացող երկրների թվում 2020 թվականին առաջին տեղում Հնդկաստանն է (83,2 միլիարդ դոլար) եղել։ Նրան հաջորդում են Չինաստանը (59,5 միլիարդ դոլար), Մեքսիկան (42,9 միլիարդ դոլար), Ֆիլիպինները (34,9 միլիարդ դոլար) եւ Եգիպտոսը (29,6 միլիարդ դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ