News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը միմյանց հետ առնչություն չունեն, հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ՍԱՏՄ-ն եզրահանգել է, որ պարզապես չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, առկա է մարդկային գործոն, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ընդհանրացված խնդիր, որպես այդպիսին, չկա: Այսինքն, աղբյուրը նույնը չէ: Երկու դեպքում էլ ունեցել ենք երկրորդային վարակման հարց: Երբ ստուգեցինք սնունդը, կիսաֆաբրիկատները, մենք գտանք հարուցիչներ, բայց հումքի մեջ այդ հարուցիչները չկային: Մենք եկանք այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների խախտման պատճառով է եղել դա»,- ասել է Ավետիսյանը:

ՍԱՏՄ-ն, նրա խոսքով, ևս մտահոգություն, կասկած է ունեցել, որ Հայաստան է մուտք գործել արդեն իսկ թունավորված թռչնամիս, սակայն այդ կասկածները հերքվել են: Երրորդ երկրներից ներմուծվող թռչնամիսը Հայաստան է ներմուծվում միայն սահմանին լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո, սակայն ԵԱՏՄ-ից եկող թռչնամիսը չի անցնում այդ հետազոտությունը սահմանին: Քանի որ ապրանքը տեղաշարժվում է նույն մաքսային տարածքի շրջանակում, զննվում են միայն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:

«Մենք սկզբում այդ կասկածն ունեինք, դրա համար հետագծելիությամբ մատակարարի և ներմուծված հումքի լաբորատոր հետազոտություն էլ արեցինք, և պարզվեց, որ հումքի մեջ այդ հարուցիչները չկան: Դա մեզ թույլ տվեց եզրակացնել, որ խնդիրը հումքի մեջ չի եղել, խնդիրն ավելի շատ մարդկային գործոնն է եղել: Բոլոր կազմակերպությունները տարբեր թռչնամիս էին օգտագործել»,-ասել է տեսչական մարմնի ղեկավարը:

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում՝ ըստ պլանի, նաև բողոքների հիման վրա: Ավետիսյանը նշել է, որ տարվա ընթացքում հայտնաբերել են ընդհանուր 18 թունավորման դեպք, որոնցից մի մասի պատճառը եղել է մարդկային գործոնը, մի մասի պատճառն էլ սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի հետ սխալ վարվելակերպը։

«Թունավորման պահին սննդի օբյեկտներում եղած ամբողջ սննդամթերքը ոչնչացվել է, և ախտահանման աշխատանքներ են իրականացվել, որից հետո միայն թույլ ենք տվել, որ շարունակեն գործունեությունը»,-ասել է Ավետիսյանը:

Տպել
Ամենաշատ