News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: 

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ: «2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ,  մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդանա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև   միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:  Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը: Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:

Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Horison Europe ծրագրի շրջանակում առկա հնարավորությունները և գիտական կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերի կյանքի կոչման նպատակով ռեսուրսների ներգրավման աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ և առաջարկություններ՝ միտված գիտության ոլորտի շարունակական զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կառավարության նպատակադրվածությունը՝ նպաստելու գիտության բնագավառի առաջընթացին և կարևորել մասնավոր հատվածի հետ հետևողական համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ