News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ