News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կար քաղաքական հրահանգ՝ օգտագործելով Վանո Սիրադեղյանի բացակայությունները՝ զրկեին անձենմխելիությունից և կալանավորեին, սակայն, պետաիրավական հանձնաժողովի բացարձակ մեծամասնությունը թույլ չտվեց դա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով 2000թ․ Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այդ շրջանում ծավալված իրադարձություններին։

«Ես Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էի, և քաղաքական հրահանգ էր իջեցված, որ օգտագործեին նրա բացակայությունները,  զրկեին անձեռնմխելիությունից ու կալանավորեին։ Պետաիրավական հանձնաժողովը հանդես բերեց սկզբունքային մոտեցում և կուլ չգնաց օրվա իշխանություններին․ հանձաժողովի 32 անդամների բացարձակ մեծամասնությունը, անկախ քաղաքական հայացքներից, թույլ չտվեցին, որ պետաիրավական հանձնաժողովին դարձնեն գործիք և քաղաքական հաշվեհարդար տեսնեին Վանո Սիրադեղյանի հետ։ Վանո Սիրադեղյանի քաղաքական երդվյալ հակառակորդները՝ Վազգեն Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Արշակ Սադոյանը, դեմ էին, որ հանձնաժողովին, որպես գործիք, օգտագործեին Սիրադեղյանի դեմ։ Եվ հանձնաժողովը Սիրադեղյանի հանդիպումները համարում է հարգելի։ Մեր դիրքորոշումն այն էր, որ եթե Սիրադեղյանը որևէ հանցագործություն է կատարել, թող գային Ազգային ժողով, նրան կալանավորեին, ոչ թե օգտագործեին բացակայությունների հարցը»,- պատմեց Դալլաքյանը։

Վիկտոր Դալլաքյանը պատմեց, որ Սիրադեղյանի հետ այդ ժամանակ երկու հանդիպում է ունեցել։

«Առաջին հանդիպումը եղել է 2000թ․ մարտի 23-ին, Վանո Սիրադեղյանն ինձ նվիրեց իր հեղինակային գիրքը՝ «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»։ Մենք զրուցեցինք երկու ժամ։ Եվ այդ ընթացքում նա մի մարդու առջև, որի հետ երբևէ ընկերական հարաբերություններ չի ունեցել, իր սիրտը բացում է։ Նա գնահատում էր իր այդ քաղաքական ժամանակահատվածը, ընդունում էր նաև իր սխալները և թերությունները։ Եվ կարելի է ասել, որ դա ինքնախոստովանություն էր, ըստ էության մի մարդու առջև, որն իր համար օտար է»,- նշեց նա։

Դալլաքյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանն իրեն հանդիպման վերջում հարցրել է, թե ինչու իր նկատմամբ այդպիսի մարդկային վերաբերմունք ցուցաբերեց։

«Պատասխանեցի՝ ես նեղության մեջ հայտնված մարդուն, անկախ այն բանից, թե ինչու է այդ վիճակում, կարեկցում եմ և փորձում օգտակար լինել։ Սիրադեղյանը պատասխանեց՝ կան մարդիկ, որոնց ես մեծ լավություններ եմ արել, այսօր այդ մարդիկ ուզում են ինձ կալանավորել, հետապնդումների ենթարկել։ Երբ արդեն ճանապարհում էի Սիրադեղյանին պետաիրավական հանձնաժողովի նախագահի սենյակից, ինքը կանգնեց միջանցքի ծայրին, ես մյուս ծայրին, և այդպես մենք իրար հրաժեշտ տվեցինք։

Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հինգ օր անց։

«Ներկայացնել, թե ինչ ենք խոսել, չեմ կարող, սակայն հանդիպման վերջում ես հասկացա, որ Սիրադեղյանը գնահատում էր իրավիճակը և որոշում կայացնում Հայաստանից հեռանալու մասին։ Ամենակարևորն ինձ համար այն էր, որ Սիրադեղյանը վերագնահատել էր իր անցած հակասական ճանապարհը։ Եվ նա հասկացել էր, որ այն մարդիկ, որոնք ուզում էին նրա ծխախոտը վառել, վերարկուն պահել, փորձում էին նրան պատժել։ Բայց մարդիկ, որոնք իր հետ քաղաքական լուրջ տարաձայնություններ էին ունեցել, փորձում էին օգտակար լինել նրան։ Նա նաև հասկանում էր, որ պետության համար շատ բացասկաան երևույթ է ուժային կառույցների օգտագործումը քաղաքական հետապնդումների համար։ Ընդունում էր, որ ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը խիստ անընդունելի է պետության համար։ Եվ անգամ ես ասել եմ՝ հիշիր բումերանգի օրենքը։ Վանո Սիրադեղյանը շատ հակասական կերպար էր։ Նա մեծ ավանդ ունի մեր երկրի կառուցման գործում և, միաժամանակ, որոշակի սխալներ ու բացթողնումներ եղել են»,- ասաց Դալլաքյանը։

Տպել
Ամենաշատ