News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով քլիրինգի եւ հաշվարկի մեխանիզմ է գործարկվել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է իրանա-ռուսական գործարար խորհրդի նախագահ Վլադիմիր Օբիդենովը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Հրատարակությանը տված հարցազրույցում նա ազգային արժույթներով քլիրինգի եւ հաշվարկի մեխանիզմն անվանել է երկու երկրների միջեւ առեւտուրն ուժեղացնելու նոր նախաձեռնություն: «Իրանցի գնորդն այս մեխանիզմի օգնությամբ ռուսական ապրանքների համար ազգային արժույթով (ռիալ) կարող է վճարել, իսկ ռուս գնորդը կարող է վճարել ռուբլով»,- ասել է Օբիդենովը:

Նրա խոսքով՝ այս կերպ առեւտրաշրջանառությունը մինչ այժմ կազմել է ավելի քան 10 մլն դոլար։

Ռուսաստանցի պաշտոնյան կարգավորման այս մեխանիզմը շատ կարեւոր է անվանել Իրանի եւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում։

Մատնանշելով այս տարի Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների աճի դրական տեմպերը՝ Օբիդենովն ընդգծել է, որ առաջին անգամ Իրանից Ռուսաստան արտահանման ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալն անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, աճել է 40 տոկոսով՝ հասնելով 2,5 միլիարդ դոլարի՝ չնայած պատժամիջոցների, SWIFT-ից իրանական բանկերի անջատման եւ Covid-19 համավարակի պատճառով առաջացած խնդիրներին»,- հավելել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ Իրանի եւ Ռուսաստանի Համաշխարհային առեւտրի կենտրոնը ստեղծվել է Համատեղ տնտեսական հանձնաժողովի, իրանա-ռուսական գործարար խորհրդի եւ երկու երկրների Առեւտրի պալատի որոշման հիման վրա՝ երկու երկրների գործարարների միջեւ առեւտրի անվտանգությունն ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ