Այսուհետ կիբեռ հարձակումներին հնարավոր կլինի առավել արագ արձագանքել, քանի որ կիբեռ հարձակման ենթարկված կայքերի տերերն ավելի արագ կտեղեկանան իրենց կոտրված կայքի մասին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կիբեռ հարձակումների մոնիտորինգի հայկական թիմի նախաձեռնող, բլոգեր Վարդան Գրիգորյանը։ Նրա խոսքով, նորաստեղծ թիմը մոնիտորինգ է իրականացնելու .am տիրույթում եւ կոտրված կայքերի ադմինիստրատորներին հնարավորինս արագ տեղեկացնելու է այդ մասին։

«Հաճախ.am տիրույթում կոտրվում են կայքեր, որոնց ադմինիստրատորներն այդ մասին տեղեկանում են մի քանի օր ուշացումով: Մեր թիմի նպատակն է արագ տեղեկացնել այդ մասին, ինչի արդյունքում արձագանքն առավել արագ կլինի եւ կոտրված կայքերն առավել արագ կվերականգնվեն»,-ասաց Վ. Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրենք ոչ թե կներկայացնեն տվյալ կայքում առկա խնդիրները, այլ պարզապես մոնիտորինգ կանեն ու կայքերի տերերին տեղյակ կպահեն նման դեպքերի եւ կայքի անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ։

Հարձակումների մոնիտորինգի հայկական թիմն աշխատելու է կամավորական սկզբունքով։ Թիմը ստեղծել է նաեւ իր բլոգը, որում պարբերաբար կներկայացվեն վիճակագրական տվյալներ հայկական կայքերի վերաբերյալ, այդպիսով՝ փորձելով լուծել կոտրված հայկական կայքերի արագ վերականգնման խնդիրը։ Բլոգում սակայն կոտրված կայքերի հասցեները չեն տեղադրվի՝ ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար:

Կիբեռ հարձակումների մոնիտորինգի հայկական թիմի բլոգը տես այստեղ. http://cam-am.blogspot.com։