News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Երկրի «սեւ արկղը»՝ ձայնագրիչ է, որը կգրանցի մարդկային քաղաքակրթության վերջին տասնամյակների տվյալները համաշխարհային կլիմայական աղետի դեպքում, այն մինչեւ 2022 թվականի վերջը կտեղադրվի Ավստրալիայի Թասմանիա կղզու արեւմտյան ափին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC-ին։

Ինչպես նշում են օբյեկտը ստեղծողները՝ Թասմանիայի համալսարանի գիտնականները, «Երկրի անխախտ «սեւ արկղի» առաքելությունը էկոլոգիական աղետին մոտենալու համար մարդկության ձեռնարկած բոլոր քայլերը փաստաթղթավորելն է», որպեսզի մեր մոլորակի ապագա բնակիչները, տարիներ անց հայտնաբերելով այն, կարողանան հասկանալ, թե կոնկրետ ինչն է քաղաքակրթության անհետացման պատճառ դարձել:

«Այս կառույցը, որը պատրաստված է 3 դյույմ [7,62 սմ] հաստությամբ պողպատե թիթեղներից, իր չափերով համեմատելի կլինի քաղաքային ավտոբուսի հետ։ Ներսում կլինեն տվյալների պահպանման սարքեր՝ կլիմայական փոփոխությունների մասին տեղեկություններով, ինչպիսիք են մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը եւ մոլորակի տարբեր շրջաններում միջին տարեկան ջերմաստիճանը, իսկ դրսում կլինեն արեւային մարտկոցներ, որոնք էներգիա կմատակարարեն «սեւ արկղին»։ Առցանց ռեժիմով այն կհավաքի ինտերնետում գլոբալ տաքացման վերաբերյալ առկա բոլոր տվյալները եւ կգրանցի դրանք»,- հայտնում է ABC-ն։

«Եթե Երկիրը գլոբալ տաքացման հետեւանքով իսկապես անդառնալիորեն փոխվի, ապա այս անխախտ ձայնագրող սարքը թույլ կտա նրանց, ովքեր կմնան, դասեր քաղել տեղի ունեցածից: Բացի այդ, այն [«սեւ արկղը»] կդառնա կատարվածի համար համաշխարհային առաջնորդների պատասխանատվության ապացույցը, նրանց գործողությունները կամ անգործությունը կարձանագրվեն»,- ասել է նախագծի հեղինակներից Ջիմ Քերթիսը:

«Սեւ արկղի» կառուցումը կսկսվի 2022 թվականի կեսերին, սակայն ձայնագրություններն արդեն ընթանում են, եւ դրանց մեկնարկային կետը ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսն է, որը տեղի ունեցավ նոյեմբերի սկզբին՝ Գլազգոյում։ Ակնկալվում է, որ պահեստը առաջիկա 50 տարիների ընթացքում կլցվի տեղեկատվությամբ, սակայն մինչ այս ժամկետի ավարտը նախագծի հեղինակները հույս ունեն լուծումներ գտնել դրա հզորությունը մեծացնելու համար, ինչպես նաեւ հասկանալ՝ արդյոք մեր սերունդները կկարողանան վերծանել դրանում կուտակված տվյալները։ «Մենք նախատեսում ենք օգտագործել կոդավորման մի քանի ձեւաչափեր եւ ուսումնասիրում ենք հատուկ հաշվարկողի ինտեգրման հնարավորությունը, որը կարելի է ակտիվացնել՝ տեղադրելով այն արեւի լույսի տակ», - նշել են կազմկոմիտեում:

Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսում, որն ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 13-ին, մասնակից երկրները պայմանավորվածությունն են ձեռք բերել՝ գլոբալ խնդիրները լուծելու եւ երրորդ աշխարհի երկրների էներգետիկ անցման պայմաններ ստեղծելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին: Համաձայնեցվել է նաեւ Կլիմայի մասին պայմանագիրը, որով երկրները ցանկություն են հայտնել համաշխարհային միջին տարեկան ջերմաստիճանի աճը պահպանել մոտ 1,5 աստիճանի մակարդակի վրա, 30%-ով նվազեցնել մեթանի արտանետումները եւ մինչեւ 2030 թվականը դադարեցնել անտառահատումները։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ստանձնած պարտավորությունները անբավարար է համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ