News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սիրիահայերը և թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը և Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» գրքի շնորհանդեսը: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գրքի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համլսարանի ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան: Գրքում նոր դիտանկյունից քննարկվում են սիրիական հակամարտությունը և սիրիահայ համայնքի գոյակերպի առանձնահատկությունները՝ միջգիտակարգային ուսումնասիրության հիման վրա: Ուսումնասիրված է, թե ինչպես է ինքնությունն ու պատկանելիությունը դառնում անդրսահմանային հարվածների թիրախ, իսկ հիշողության վայրերը, քաղաքները՝ անցյալն ու ներկան միահյուսող տարածաշրջանային քաղաքականության ու պատերազմի հանգույցներ՝ վերարտադրելով Ցեղասպանության հիշողությունն ու գոյատևման միևնույն սպառնալիքները՝ թուրքական գործոնի դերակատարմամբ ու մասնակցությամբ:

«Գիրքը ճգնաժամի, պատերազմի մասին է: Երբ մենք պետք է ավարտեինք գիրքը, սիրիական պատերազմը շարունակվում էր, իսկ 2020 թ-ի հուլիսին սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանային բախումները: Հենց այդ բախումների նկարագրությամբ էլ սկսվում է գրքի վերջաբանը», - ասաց Արսեն Հակոբյանը:

Մարչելլո Մոլլիկան նշեց, որ գիտնականի համար ամենակարևորը «հեռվից նայել ամեն ինչին, լինել չեզոք ճիշտ վերլուծություն իրականացնելու համար»:

«Թուրքական գործոնն այսօր ղարաբաղյան հարցում նույնն է, ինչ Սիրիայում էր: Այն մեծ դեր է խաղում, որը ցավոք չեն տեսնում միջազգային ուժերը: Աշխարհը պետք է ավելի լուրջ վերաբերվի թուրքական գործոնին: Օգտագործվում են նույն մոդելները: Ինչպես նախկինում էին օգտագործվում այլազգի փոքրամասնությունները, այսօր էլ թուրքմեններին են ներգրավում հակամարտություններին: Այս աշխատանքն այդ մասին է, այն նաև պատուհան է մասնագետների համար», - ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը: 

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Յուլիա Անտոնյանը նշեց, որ գիրքը շատ կարևոր է հայկական սփյուռքի ուսումնասիրության տեսանկյունից: «Այս աշխատության մեջ խաչվում են մի քանի մարդաբանական խնդիրներ և ոլորտներ: Բացի քաղաքային մարդաբանությունից, այստեղ կան ազգայնականության, ինքնության մասին խորը վերլուծություններ, պատերազմի, միգրացիայի, այն մասին, թե ինչպես են քաղաքական իրադարձություններն անդրադառնում սովորական մարդկանց վրա: Այստեղ շատ կարևոր անդրադարձեր կան, և նմանատիպ հետազոտությունները պետք է շարունակվեն», - ասաց  Յուլիա Անտոնյանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ