News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Նախօրեին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում են անցել՝ ոչ մի բնակիչ չի գնացել քվեարկության` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման եւ Սեւան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշման նկատմամբ։

Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում են՝ իրենք մեկ մարդու պես որոշել են ու չեն գնացել ընտրության՝ իրենց կամքով։

«Ոչ ոք չի ասել՝ մի գնացեք, մենք ենք որոշել չգնալ ընտրությանԺողովրդի կամքն է, չկամեցավ, չգնաց ընտրության, որովհետեւ խոշորացում չենք ուզում։ Որ խոշորացում լինի, պետք է գնանք Սեւան հասնենք մի հասարակ թղթի համար, գնաս, չստացվի, պետք ա հետ գաս, հաջորդ օրը նորից պետք է գնանք նորից Սեւան հասնենք։ Մեր գյուղապետից շատ գոհ ենք, Աստծու չափ գոհ ենք, էսքան ասֆալտ ա արել, չունեւորներին հասնում ա, տենց բան չկա՝ մի բան չանի, էդ մարդն ամեն ձեւի հասնում ա, ո՞ր մի գյուղն ա մերինից լավը։ Մենք Սեւանին միանալուց մենակ տուժելու ենք, ինչքան իմքայլական կա, պետք ա հարստանա՞ն, որ միացում լինի, մենակ 40 աշխատող ա գյուղից դուրս գալու»,- նշեց բնակիչներից մեկը։

Մեկ այլ ծովագյուղցի էլ նկատեց՝ այնքան գոհ են իրենց գյուղից ու գյուղապետից, որ թող մնացած բնակավայերը Ծովագյուղի հետ միավորեն։

«Սեւանի ռայոնում ինչքան գյուղ կա, որ չի կարողանում ապրի, թող գան, մեզ միանան, մենք ուզում ենք ապրենք նենց, ոնց հիմա, անկախ ենք, մեզ սենց ձեռ ա տալիս, շատ ենք սիրում մեր գյուղապետին, ով մեզ լավ տեր ա կանգնում, չենք ուզում ուրիշին միանանք, թող իրանք միանան։Ինչի՞ համար են խոշորացում անում, որ ստեղ կրճատեն աշխատողներին, բայց էդ կրճատվողն ու՞ր գնա։ Փողոցները լուսավորվում են, ճանապարհները մաքրվում են, կիլոմետրներով ջրագծեր են սարքել։ Եթե առաջ գյուղի ճանապարհներով ռեզինե սապոգներով չէիր կարա անցնեիր, հիմա հողափաթերով կարաս ման գաս։ Մենք մեզնով շատ էլ լավ կարանք ապրենք։ Մենք Արցախից ենք եղել, Արցախի ջուրը ոչ մի ջրի չի խառնվում։ Մենք ասել ենք՝ չենք միանալու Սեւանին, վերջ, ուրեմն չենք միանալու»,- նկատեց մեկ այլ բնակիչ։

Ծովագյուղցիները խոշորացման ծրագրում որեւէ տրամաբանություն չեն տեսնում ու համոզված են՝ միայն տուժելու են այդ դեպքում։

«Քաղաքի ա գյուղը նմանվում, քաղաք կա՝ սենց սիրուն ասֆալտ էլ չունի։ Հիմա մի հարց տամ՝ ես իմ 100 մանեթը տամ ձեզ, հետո գամ դրանից 25 մանեթ խնդրեմ, ասեմ՝ ի՜նչ կլինի, տվեք, տանեմ գյուղի համար օգտագործեմ։ Դա խելոք բան ա՞, Նիկոլը դա գիտակցում ա՞, թե չէ, թող իրա ուղեղին ֆիքսի։ Որ էդ օրենքը հանել ա, իր գլխում անալիզ արել ա՞, թող լոգիկայով մտածի։ Գյուղ կա՝ 7 մանեթ ա բյուջեն, էթա, դրա հետ կռվի՞, ինչի՞ համար։ Բա աշխատատեղ ես ուզում բացես, Նիկո՛լ, 15 մարդ ստեղ աշխատում ա, ինչի՞ ես կրճատում, էդ մարդիկ ու՞ր գնան աշխատեն, ընտանիքներն ի՞նչ անեն։ Թող իրա ուղեղը տաքացնի ու մտածի, էս ի՞նչ խաղեր ա տալիս։ Ես իմ գյուղապետի ցավը տանեմ, թող Հայաստանում մեր գյուղապետի պես գյուղապետեր լինեն, Հայաստանը կծաղկի, կբարգավաճի»,- նկատեց մեկ այլ ծովագյուղցի։ Իսկ հարցին, թե այդ ինչպես է ստացվել, որ համայնքի բոլոր բնակիչները միասնական են գտնվել ու մեկ մարդու պես որոշել չգնալ ընտրությունների, արձագանքեց․ «Որովհետեւ ծովագյուղցիք խելք ունեն, խելք, էդքան բան»։

Տպել