News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնություն ունեցող պատգամավորների ջանքերով դեկտեմբերի 7-ի քննարկումների արդյունքներով հրաժարվեց  խորհրդարանի նիստերի օրակարգում ներառել ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատրաստել եւ ներկայացրել էր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասաց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Ղարաբաղի տարածքների օկուպացիան, Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, սահմանազատման եւ սահմանագծման միակողմանի գործընթացը լուրջ սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության եւ իր պատմական տարածքում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կորստի տեսանկյունից։

Նա նաեւ ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները չեն շոշափում այդքան կարեւոր եւ զգայուն հարցերը՝ ամեն բան անելով, որպեսզի քննարկումներն անցնեն փակ ռեժիմով։

Նշենք, որ ԱԺ հայտարարության նախագիծը ավելի վաղ ստացել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը։

Ազգային ժողովը, նախագծի համաձայն, պետք է քննարկեր.

- Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան,

- Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաեւ ուժի հետեւողական կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը Բաքվի կողմից,

- ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց իրավունքների կոպտագույն խախտումները, այդ թվում եւ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաեւ նրանց վերադարձը հայրենիք ապահովելուց հրաժարվելը՝ շինծու դատական քննությունների պատրվակով,

- Ադրբեջանի գործողությունները, որոնք համարվում են ռազմական հանցագործություններ եւ այլն։

Ազգային ժողովը պետք է փաստեր, որ.

- Ադրբեջանի կողմից իրականացվող  վերոնշյալ հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ տարածքային պահանջներով, այդ տարածքների բնակչության հանդեպ ահաբեկչությամբ, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների կրոնական ժառանգության ոչնչացմամբ,

- սահմանների որոշումը ոլորտ է, որը մտնում է բացառապես հարեւան հանդիսացող երկրների լիազորությունների մեջ. դրանք որոշվում են կողմերի համաձայնության ձեռքբերմամբ, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա եւ 1969թ. միջազգային պայմանագրերի իրավունքների մասին ՄԱԿ Վիեննայի կոնվենցիային համապատասխան, որի 52-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանագիրն անվավեր է, եթե դրա կնքումը ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արդյունք է՝ ի խախտումն միջազգային իրավունքի սկզբունքների, որոնք արտացոլված են Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունում»,

- Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների ապաօկուպացման իրավունքի երաշխավորված իրականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է,

- Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցած Թուրքիան շարունակում է ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ միաժամանակ անպատիժ մնալով,

- Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից ստորագրված ռազմաքաղաքական նշանակության միջազգային փաստաթղթերը դե-ֆակտո հանգեցնում են իրավաբանական հետեւանքների, ինչի արդյունքում չեն պահպանվում Հայաստանի Սահմանադրության 117 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները։ Հիմնական օրենքի համաձայն՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է համարի, որ.

- Ադրբեջանական ԽՍՀ-ին բռնի կցված Ղարաբաղը չի կարող դիտարկվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակում։ Մանավանդ որ Ադրբեջանի Սահմանադրությունում ամրագրված չէ, որ ժամանակակից Ադրբեջանը իրեն համարում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդը,

- Հայաստանի Հանրապետությունը ոչ մի միջազգային իրավական պարտավորություն չունի հիմք ընդունելու այն սահմանները, որոնք ամրագրված են ինչ-որ քարտեզով։ Մանավանդ, երբ դա չի համապատասխանում լավագույն միջազգային փորձին,

- Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող անձինք, այդ թվում եւ կառավարության ղեկավարը կամ գործադիր իշխանության որեւէ այլ ներկայացուցիչ, իրավունք չունեն բանավոր կամ գրավոր համաձայնություն տալ՝ ի խախտումն վերոնշյալ հիմնարար իրավական նորմերի, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը,

- ցանկացած նման համաձայնություն ի սկզբանե անվավեր է,

- ցանկացած վեճ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է պահանջեր.

-  ձեռնպահ մնալ բանակցություններից, բանավոր կամ գրավոր համաձայնությունից այն դրույթների վերաբերյալ, որոնք խախտում են Սահմանադրության պահանջները եւ հայ ժողովրդի հավաքական կամքը, որն արտացոլված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում,

- որեւէ ձեւով չտարանջատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը իր պատմական հողում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրականացումից։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է կոչ աներ միջազգային հանրությանը եւ բարեկամական պետությունների խորհրդարաններին.

- դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակվող հանցագործությունները,

- քայլեր ձեռնարկել վերոնշյալ երկրներին կատարած հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գա եւ աշխատի. Անդրանիկ Քոչարյան
Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե  մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները...
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ձերբակալվածներին հասանելի են գրքերը եւ տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաեւ նրանց հնարավորություն է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ