News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից գալ եւ պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար:

Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:

Ոստիկանները այդ հատվածից դուրս բերեցին բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք այժմ փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը:

Ժամեր առաջ «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանն ու իր խոսքերին, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ՝ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:   Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ