News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։

Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։

Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։

Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը:

Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած  բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային  երաշխիքների ամրապնդման միջոցով: Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով: Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն  ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։

Հ.Գ . Մանկամիտ են,  պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ»,- գրել է Ճշմարիտյանը։

 

Տպել
Ամենաշատ