News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դա հերթական խուլիգանությունն էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

««Հայաստան» խմբակցությանը հարցրեք, թե ինչ գործ ունեն Ազգային ժողովում խուլգանության մեղադրանքներով անցնող անձինք, ինչ գործ ունեն Արարատ Միրզոյանի մահափորձի գործով անցնող անձինք: 30 հոգով մեկի վրա հարձակվելու մասնագետներն իրենք են, նորից եմ հիշեցնում Արարատ Միրզոյանի մահափորձը»,-ասաց նա:

Հարցին, թե որն էր, ի վերջո, տեղի ունեցածի պատճառը, ինչի՞ց էր այն սկսվել, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ պատճառը, ես դուրս եկա միջանցք, տեսա այդ խուլիգանները կռիվ են անում թե աշխատակազմի աշխատակիցներն էին, թե օգնականներն էին, հստակ չեմ կարող ասել: Լկտի պահվածք էին դրսեւորում, փորձեցինք կարգի հրավիրել, էլ ավելի լկտիացան: Միանշանակ ծեծկռտուք էր եւ ԱԺ միջանցքում հայհոյանքներ էին հնչում նրանց բերանից:

Երբ մենք դուրս եկանք, արդեն իսկ կռիվ էր այդ օգնականների եւ եթե չեմ սխալվում աշխատակազմի աշխատակիցների կամ օգնականների ու փորձագետների միջեւ: Այսինքն պատգամավոր չկար այդ կռվի մեջ:

Արամ Վարդեւանյանն ասում է՝ 40 հոգով ծեծել են, էդ դաշնակ երիտասարդը ասում է՝ 40 հոգի են եղել, բայց չեն ծեծել, ես եմ ծեծել: Խելագարություն է, շիզոֆրենիա:

Ծեծկռտտուքը եղել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ աշխատակազմի աշխատակիցների միջեւ: Պատգամավորները փորձել են վերջ տալ կռվին, ինչը չհաջողվեց, որովհետեւ լկտիությունն ու խուլիգանությունը խորը արմատներ ունի յդ անձանց մոտ»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ՔՊ-ի պատգամավորները եւս մասնակցել են ծեծկռտուքին, այդ թվում ինքը, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե ես մասնակցեմ մի ծեծկռտուքի, դրա հետեւանքներն այդքան փափուկ չեն լինի, որքան որ այդտեղ էր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

Տպել
Ամենաշատ