News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան, այս մարդիկ կալանավայրում են: Ասյ մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում -կառավարության հետ հարցուպատսախանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգևել, հարյուրավոր զինվորների վիրահատել, այս Ազգային ժողովի պատգամավոր է: Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել, բանտում էլ է հաղթել, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես պատգամավոր են, նույնպես Սյունիքի քաղաքապետներ, Մանվել Փարամազյան՝ Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան՝ Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ «Սիսական ջոկատի» հրամանատար, երեք պատերազի մասնակից: Պարզ հարց՝ ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ իրենց տեղում լինեի՞ն, թե՞ բանտում», - հետաքրքրվեց Վարդանյանը:

Նա հարցրեց, թե ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլինի, եթե նրանք իրենց տեղում՝ Սյունիքում լինեի՞ն, թե՞ բանտում. «Պարզ հարցիս հստակ, պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»,-ասաց Վարդանյանը։

Հարցին պատասխանող Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և նշեց. «Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, այնուամենայնիվ, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ Պաշտպանության նախարարի որ իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատաիրավական համակարգի կատարած աշխատանքի մասին: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրանքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում, նաև քիչ թալաներ»:

Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց. «Երբ որ ես ասում էի պարկեշտ նախարար, իմ տեղեկացվածությունը այդպիսին է ձեր մասին, ես ձեզ հարց չէի տալիս դատական համակարգի մասին, պարզ հարց էի տալիս ու կարծում էի՝ պարկեշտությունն այնքան կարևոր հատկություն է, որ այդ պարզ հարցին պատասխանելու համար ուրիշ մեկի հուշարարության կարիք չպիտի ունենաք: Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս հարցին չպատասխանեց, թե որ դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ»,-ասաց նա։

Նշենք՝ մինչ Պապիկյանը կպատասխաներ Աղվան Վարդանյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան հուշում էր, թե ինչ պատասխանի:

Սուրեն Պապիկյան էլ հայտարարեց, թե Սյունիքն ավելի պաշտպանված կլինի ու կդառնա, երբ կատարեն իրենց պարտականությունները. «Ես պատրաստվում եմ իմ հնարավորությունների ու պարտականությունների շրջանակում անել ամեն ինչ Սյունիքն ամեն օր ավելի պաշտպանված դարձնելու համար», - ասաց Պաշտպանության նախարարը:

Տպել
Ամենաշատ