News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության  առաջին  նախարար, Հայաստանի «Ազատական»  և  Արցախի «Միասնականան հայրենիք» կուսակցությունների հիմնադիր-նախագահ՝ Սամվել Բաբայանի ուղերձ է հղել։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ.

Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է այս երեք հարցերում մեր և ձեր ընտրությունից և մեր ընտրությունը պաշտպանելու պատրաստակամությունից։

Այսօր իրական օրակարգում 3 հարց կա, որոնք իսկապես կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը.

1.            ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը):

2.            Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային» ձևաչափով՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։ Մեր տարածքով մենք բացում ենք "ճանապարհներ"՝ բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրման նկատմամբ, հայկական կողմի բացարձակ վերահսկողությամբ:

3.            Հայաստանի պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի հետ։

Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով։

Ամեն անգամ, գիտակցելով պահի լրջությունն ու ճակատագրական լինելը, ես դիմել եմ և՛ իմ ժողովրդին, և՛ Հայաստանի առաջին դեմքերին՝ կեղծ օրակարգերից հրաժարվելու պահանջով: Առաջարկել եմ միավորվել իրական սպառնալիքների դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները՝ բանակը հզորացնելու, մեր հայրենիքն ու սահմանները պաշտպանելու համար։ Բայց ամեն անգամ ես բախվել եմ իշխանությունների խլությանն ու իմ ժողովրդի անհիմն անհոգությանը։ Ժամանակ անց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո, շատերը վերջապես հասկացան, որ ես թմբկահարում էի սահմանների անպաշտպան լինելու և բանակի անպատրաստ լինելու մասին՝ ոչ թե անձնական շահերից ելնելով՝ պաշտոններ կորզելու նպատակով, այլ մեր որդիներին պաշտպանելու և նրանց հերթական պատերազմի մսաղացից հեռու պահելու համար։

Ավելի քան քսան տարի ես խոսել եմ Արցախի մանդատային կառավարման և խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության մասին, որոնք իրենց իսկ ներկայությամբ, թույլ չէին տա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիա։

Մեկ անգամ չէ, որ ստիպված էի բացատրել, որ Ադրբեջանը, տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն և մարտական տեխնիկա գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, և մենք միայն 2 ելք ունենք, կամ նույնպես զինվել, որպեսզի համարժեք պատասխան տանք ագրեսիայի դեպքում, կամ եթե չենք ամրապնդում բանակը, ապա գոնե հրավիրենք միջազգային խաղաղապահ առաքելություններ, որոնք ի զորու են պաշտպանել Արցախը պատերազմից։

Ոչ ոք այն ժամանակ չցանկացավ խորամուխ լինել այս ամենի մեջ, ինչ ես ասում եմ․ ավելին՝ ինձ մեղադրում էին գրեթե դավաճանության մեջ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգաց իմ խոսքերի ճշմարտացիությունը, վերջապես բոլորին հասկանալի դարձավ մանդատային ներկայության էությունը և բոլորն արդեն ընդունում են, որ ես ճիշտ էի։

Ցավալիորեն այսօր նույն բանն է տեղի ունենում։ Իմ հարցազրույցներից մեջբերումներ են անում, իմ հարցազրույցներից հատվածներ են ակտիվորեն տարածում, ընդ որում՝ հաճախ դա անում են անհասկանալի ծագման կասկածելի ռեսուրսները, ինձ մեկնաբանում են տարատեսակ «փորձագետները»՝ փորձելով միաբերան բացահայտել իմ հայտարարությունների շարժառիթները, բայց բուն էությունը անտեսվում է։

Նույնիսկ լրագրողները, ովքեր գործունեության բերումով պարտավոր են խորամուխ լինել հիմնարար հարցերի ու առաջարկվող լուծումների մեջ, ծառերի ետևում անտառներ չեն տեսնում, հորինված սենսացիաների հետևից ընկնելով կորցնում են գլխավորը․ ես չեմ ուզում ո՛չ պաշտոններ, ո՛չ կոչումներ, չեմ ընկնում էժանագին փառքի կամ վարկանիշի հետևից, ինձ այդ ամենը վաղուց պետք չէ։ Միակ բանը, ինչին ձգտել եմ և որի համար միշտ պայքարել եմ՝ իմ հայրենիքի և իմ ժողովրդի հզորացումն է։

Ուստի այսօր, հերթական անգամ, բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին՝ իշխանավորներին, կուսակցություններին, քաղաքական ուժերին, լրագրողներին և հասարակ ժողովրդին։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։ Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների։

Հենց այդ մասին եմ խոսել իմ վերջին հարցազրույցներում։ Հենց այդ որոշումներն են, որոնք փորձում էի տեղ հասցնել, որպեսզի բոլորը հասկանան, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը մեզ փակուղի չի մտցրել, հայկական կողմի համար շահավետ լուծումներ կան, և այն ամենը, ինչը հիմա պետք է՝ միավորվել ու պնդել մերը։ Իշխանությունը պետք է լսի մեր ռացիոնալ առաջարկները և հաշվի առնի դրանք։

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Եվ այն արդարացումները, որ մենք չենք սխալ գործողները, որ ոչինչ չենք կարող փոխել, որ մեզանից ոչինչ կախված չէ, այլևս չի աշխատի։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք այս երեք հարցերի հանգուցալուծման համար։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք Հայաստանի և Արցախի ներկայի ու ապագայի համար։

Եվ ժամանակն է, որ խոսքերը գործողություններ դառնան․

Ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել մեր առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ՝ մանրամասն հիմնավորումներով։ Պատրաստ եմ նաև լսել բոլոր առաջարկները, մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս պատասխանատվություն ստանձնել մեր հայրենիքի ճակատագրի համար ու հայ ժողովրդի պատմության նոր էջ սկսել՝ այս երեք հարցերի շուրջ հաղթանակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ