News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինչպես ժամանակին նշել եմ, մեր առաջնահերթ խնդիրը կար և մնում է անվտանգության հարցը՝ պայմանավորված նրանով, որ  թշնամին շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին, ինչպես նաև Կապան համայնքին։ Դրա հետ կապված նաև տարբեր խնդիրներ են առաջացել ճանապարհների առումով: Այս մասին, Կապանում լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ամբողջովին փակվել են Մ-2 և Մ-17  մայրուղիները։ Մ-17  մայրուղու փակման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել 6 գյուղական բնակավայրերում, որոնք, մեղմ ասած, հայտնվել են կիսաշրջափակված վիճակում։

«Ներկա դրությամբ ճանապարհը շարունակում է  փակ մնալ, այժմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են արվում հիմնական ճանապարհը կառուցելու համար, բայց բավականին երկար է տևելու այդ աշխատանքը։ Ժամանակավոր տարբերակն էլ է հիմա կառուցվում, բայց այն դժվարանցանելի հատված է»,- հավելեց Գևորգ Փարսյանը։

Նա տեղեկացրեց, որ Ճակատեն համայնքում վերջին անգամ եղել է 3 օր առաջ, սննդի հետ կապված խնդիրներ չկան՝ մատակարարումն իրականացվում է, մարդկանց տեղաշարժի հետ կապված էլ խնդիր չկա,  ուղևորափոխադրման, հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրը մասնակի է լուծված:

«Ճիշտ է՝ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համայնքին տրամադրվել է 2 «Ուազ» մակնիշի մեքենա, մեկը՝ ամբողջովին հարմարեցված մարդատար, մյուսը հարմարեցված չէ, հիմա հարմարեցնում ենք ուղևորափոխադրման համար։ Մտածում ենք նաև՝ ուղևորափոխադրում իրականացնենք  Ծավ-Ճակատեն հատվածում, այսօր դրա վերաբերյալ քննարկում ենք ունեցել Ռոբերտ Ղուկասյանի հետ և եկանք այն պայմանավորվածության, որ ամբողջովին լուծենք գյուղացիների տրանսպորտով փոխադրման խնդիրը»,- շեշտեց Կապանի համայնքապետը։

Անդրադառնալով դեմարկացիային և դելիմիտացիային, դրան առնչվող  հայտարարություններին, թե Հաայստանում գտնվող այս կամ այն տարածքը պատկանում է Ադրբեջանին, Գևորգ Փարսյանն ասաց, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը տեղի ունենա մինչև 1929 թվականի քարտեզները։

«1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկայումս ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը։ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են։

Հիմա մենք պետք է խուսափենք առհասարակ ասել՝ հայկական կամ ադրբեջանական տարածքներ են՝ ցանկացած քարտեզով, ինչո՞ւ, որովհետև քանի դեռ չեն իրականացրել դեմարկացիա և դելիմիտացիա, պարզ չէ՝ դա ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական է։ Նույնը վերաբերում է է Մ-2 և Մ-17-ին, նույնը՝ նաև այն տարածքներին, որոնք կոչվում են, այսպես կոչված, «ադրբեջանական»»,- եզրափակեց Գևորգ Փարսյանը։

Տպել
Ամենաշատ