News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Այս որոշման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»,- գրել է նա։

Նշենք, որ դիմումի նպատակը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելն էր։

Դիմումատու Արամ Վարդևանյանը բազմիցս հայտարարել է, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք պետք է կալանքից ազատ արձակվեին պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելու շնորհիվ։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ