News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Գերագույն դատարանի երկու դատավորներ որոշում են կայացրել, որ Ջուլիան Ասանժը կարող է արտահանձնվել ԱՄՆ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Մեծ Բրիտանիային երաշխիքներ տրամադրեց ԱՄՆ-ում նրա նախնական եւ հետդատական ​​կալանքի անվտանգության մասով, հայտնում է BBC-ն։

Դեռ հասկանալի չէ` արդյոք Ասանժը կկարողանա վիճարկել արտահանձնումը, թեեւ դատավորներից Թիմոթի Հոլրոյդը, ով վճիռ է կայացրել հօգուտ Միացյալ Նահանգների, նշել է, որ Wikileaks-ի հիմնադիրը կարող է նոր բողոք ներկայացնել։

Եթե ​​Ասանժը չկարողանա միջոց գտնել Մեծ Բրիտանիայից իր արտահանձնումը հետաձգելու համար, նա մի քանի շաբաթից կարող է հայտնվել ԱՄՆ-ում։

50-ամյա Ջուլիան Ասանժը 2012 թվականից ԱՄՆ-ում մեղադրվում է ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու եւ հրապարակելու դավադրության մեջ այն բանից հետո, երբ WikiLeaks-ում հրապարակվեցին ԱՄՆ կառավարության հազարավոր գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ դիվանագիտական ​​նամակագրություններ եւ ռազմական տեղեկատվություն:

2019 թվականից Ասանժը գտնվում է բրիտանական բանտում, նրան ձերբակալել են գրավի դիմաց կալանքից ազատվելու պայմաններւ խախտման համար։

2012-ից 2019 թվականներին WikiLeaks-ի հիմնադիրն ապրում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Նա այնտեղ պաշտպանված էր՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանք էր առաջադրվել։ Նա միշտ հերքում էր այդ մեղադրանքները, ինչի արդյունքում նրա դեմ շվեդական գործը կարճվեց։

Այս տարվա հունվարին Լոնդոնի դատարանը մերժեց Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին, ինչից հետո ԱՄՆ իշխանությունները բողոքարկեցին որոշումը Գերագույն դատարանում:

Այնուհետեւ Ասանժի փաստաբաններն ասացին, որ իրենց պաշտպանյալը գտնվում է այնպիսի վիճակում, որը կարող է ինքնասպանության ցանկության հանգեցնել, եւ ԱՄՆ իշխանությունները որեւէ երաշխիք չեն տվել, որ Ասանժի պահման պայմանները կարող են պաշտպանել նրան դրանից։

Ամերիկյան կողմի ներկայացուցիչ Ջեյմս Լյուիսը հայտարարել է, որ դատավորը ենթարկվել է Ասանժի մանիպուլյացիաներին, ով խղճահարություն է առաջացրել դատարանում ինքնասպանության սպառնալիքներով, եւ նման նախադեպը, ի վերջո, կարող է օգտագործել յուրաքանչյուրը, ով ցանկանում է խուսափել արտահանձնումից։

Ջեյմս Լյուիսը նաեւ հիշեցրել է, որ հոկտեմբերին կայացած լսումների ժամանակ նա դատարանին Ջուլիան Ասանժին բանտում անվտանգ կալանքի տակ պահելու երաշխիքներ էր ներկայացրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ