News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դժվարություններն ակնհայտ են. դրանք բխում են նախ սուր խնդիրներից, այդ թվում՝ պատմական շերտավորումից, որը գոյություն ունի եւ մեծապես, ցավոք, պայմանավորում է հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այդ մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի կառավարության «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դժվարությունների է բախվում Ռուսաստանն իր միջնորդական ու խաղաղապահ առաքելության գործում տարածաշրջանում լուրջ տարածաշրջանային գործընթացների ֆոնին, որոնք պայմանավորված են 44-օրյա պատերազմով:

«Դա կստեղծի ոչ պարզ քաղաքական եւ հուզական ֆոն իրավիճակը կարգավորելու, առկա խնդիրները լուծելու նպատակով փոխադարձ ընդունելի ուղիներ փնտրելու հարցում ցանկացած ջանքերի համար: Պետք է հաշվի առնել նաեւ կողմերի լիովին հակասական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին, ինչպես նաեւ իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների եւ երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ազդեցությունը: Մենք ըմբռնումով ենք վերաբերվում այդ շահերին, սակայն եթե կա Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության եւ զարգացման տարածաշրջան վերածելու հարցում անկեղծ հետաքրքրվածություն, ապա բոլոր ներգրավված կողմերը, իմ կարծիքով, պետք է առաջնորդվեն առնվազն «մի վնասիր» հայտնի սկզբունքով»,-նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ բոլոր եռակողմ մեծանիզմներն ու փաստաթղթերը, որոնք նախաձեռնել է Մոսկվան, կողմերին չեն պարտադրվել, այլ դարձել են Երեւանի ու Բաքվի հետ համաձայնեցնելու ուղղությամբ քրտնաջան աշխատանքի արդյունք, որը հենվել ու հենվում է շահերի ստուգված բալանսի ու ինքնիշխանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի վրա:

Ընդհանուր առմամբ, Կոպիրկինի խոսքով, եթե դիտարկենք այն ողբերգական իրավիճակը, որը տիրել է, երբ ռուս խաղաղապահները դեռեւս սկսում էին տեղակայման գործընթացը, եւ ներկայիս իրավիճակը, ապա էական տարբերությունը դառնում է ակնհայտ: Դեռեւս աշխատանքներ են տարվում ականազերծման ուղղությամբ. արդեն հայտնաբերվել է շուրջ 26 հազար պայթյունավտանգ առարկա, մաքրվել է շուրջ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է շուրջ 2 հազար շինություն եւ 680 կմ ճանապարհային ցանց: Իրականացվել է ծավալուն աշխատանք քաղաքացիական ենթակառուցվածքը վերականգնելու ուղղությամբ, ինչի համար ՌԴ ԱԻՆ-ի ու խաղաղապահների ուժերով մատակարարվել է շուրջ 1,5 տոննա հումանիտար բեռ ու 800 տոննա շինանյութ: Անհրաժեշտ աջակցություն է տրամադրվել տեղաբնակներին ջրով, էլեկտրականությամբ ու հոսանքով ապահովելու հարցերը լուծելու ուղղությամբ: Խաղաղապահները ստանձնել են բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու պարտավորությունը, ինչպես նաեւ առ այսօր աջակցում են բարեգործական կազմակերպությունների կողմից նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխելու հարցում. հասցեական կերպով մատակարարվել ու բաշխվել է ավելի քան 230 տոննա: Ղարաբաղ է վերադարձել շուրջ 53 հազար փախստական: Կյանքն աստիճանաբար կարգավորվում է:

«Իմ կարծիքով՝ տարածաշրջանում եւ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը գնահատելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել այնտեղ ապրող մարդկանց կարծիքով։

Այս ամենով հանդերձ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաջնային խնդիրը՝ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով իրավիճակի կայունացման եւ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Իսկ դրա համար, ընդգծում եմ, գործի են դրվել հսկայական ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական ու տեխնիկական։ Այո, ցավոք սրտի, միջադեպեր լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ իրավիճակի սրումը կանխելու համար, ՌԽԶ հրամանատարության մասնակցությամբ եւ կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ իրականացվում են համապատասխան հետաքննություններ եւ վարույթ։ Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն։ Կարեւոր է կողմերի միջեւ կառուցողական երկխոսությունը, որի կայացման համար Ռուսաստանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը։ Ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ այսօր առկա բոլոր «գրգռող հարցերի» վերացման հարցը։ Ձերբակալվածների հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկվում։ Եվ հավատացեք, սրանք միայն խոսքեր չեն, դրանց հետեւում կան կոնկրետ գործողություններ: Դրանց արդյունքը, ի թիվս այլ բաների, եղավ այս տարվա դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից եւս տասը ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի միջնորդությամբ արդեն հայրենիք է վերադարձել Հայաստանի 115 քաղաքացի», - ասել է դեսպանը։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ աջակցելով բոլոր մակարդակներում կապերի հաստատմանն ու ընդլայնմանը միտված նախաձեռնություններին, ներառյալ հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահություն մթնոլորտ ստեղծելու նպատակով։ «Բացի ազգային կարողություններով միջնորդական ջանքերից, Ռուսաստանը շարունակում է դրանք ձեռնարկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի մաս։ Նրա ներուժը, ինչպես ներկայացվում է, հեռու է սպառվելուց, այդ թվում՝ տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատումը հարցերի մի ամբողջ համալիր է, որի համար անհրաժեշտ է բոլորի համար դրական, ընդունելի «լուծումներ» գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ