News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Եվրամիությունը ստիպված կլինեն լավ հարաբերություններ պահպանել ոչ ժողովրդավարական երկրների հետ, անհրաժեշտ է երաշխավորել խաղաղ գոյակցությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք բարձր ենք գնահատում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները։ Շատերն են այդպես անում, բայց ոչ բոլորը: Եվ երբ մենք աշխատում ենք նման աշխարհում, պետք է լավ հարաբերություններ ունենանք այն երկրների հետ, որոնք դեռ չեն որոշել գնալ այս ճանապարհով. նրանց որոշելիքն է, թե որ ճանապարհով են ցանկանում գնալ: Սակայն մենք պետք է երաշխավորենք, որ կարողանանք ապրել խաղաղության մեջ, եւ դա հեշտ չի լինի, սակայն սա մարտահրավեր է, որի հետ բախվում ենք եւ պետք է հաղթահարենք այն», - ասել է կանցլերը Չինաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների համատեքստում:

Շոլցը նշել է, որ «ուժեղ Եվրամիությունը չափազանց կարեւոր է աշխարհի համար, որտեղ ապրում եւ ապրելու ենք»։ «Այն (աշխարհը) երկբեւեռ չի լինի, ինչպես ենթադրում են ոմանք, այն կլինի բազմաբեւեռ՝ բազմաթիվ ուժեղ տերություններով: Բավականին երկար ժամանակ է՝ կան ոչ միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, այլեւ Չինաստանը եւ ասիական այլ երկրներ, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան, Հնդկաստանը, ուժեղ, զարգացող երկրներ, սակայն կլինեն նաեւ ուժեղ աֆրիկյան եւ հարավամերիկյան երկրներ։

Այս բազմաբեւեռ աշխարհը բազմակողմանի ձեւաչափով համատեղ աշխատանքի շուրջ համախմբելն այն է, ինչը մեզ միավորում է»,-հայտարարել է Շոլցը, որն իրականացնում է կանցլերի պաշտոնում իր առաջին արտերկյա ուղեւորությունը:

Նա նաեւ պատասխանել է հարցին, թե ով է որոշելու Գերմանիայի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը՝ ի՞նքը, թե՞ ԱԳ նոր նախարար Անալենա Բերբոքը:

«Գերմանիայի կառավարությունը գործում է համատեղ եւ միասնական, եւ այդպես պետք է շարունակվի: Դա ճիշտ ուղի է, ու մենք այդկերպ էլ գործելու ենք. մենք քննարկելու ենք քաղաքական ընթացքն ու գործելու ենք դրա հիման վրա: Կարեւոր ազդակ է, որ կառավարությունը ձեւավորված է երեք կուսակցություններից, որոնցից յուրաքանչյուրը եվրոպամետ է: Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում եւ պատասխանատվություն կրում: Մեր երկիրը չի կարող հետեւել իրադարձություններին ու պարզապես մեկնաբանել տեղի ունեցածը. ո՛չ, մենք պետք է լինենք դրա կենտրոնում եւ ներդրում կատարենք գործընթացը երաշխավորելու համար»,-հայտարարել է Շոլցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ