News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին ժամեր առաջ ելույթով է հանդես եկել: Հիմնականում խոսելով ժողովրդավարությանը վերաբերող հարցերից՝ Փաշինյանը չի անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային սպառնալիքներին, նշել է միայն հետեւյալը. «Ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են»: Հայաստանի վարչապետն այս համատեքստում որեւէ հիշատակում չի արել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային կայունության խաթարմանն ուղղված գործողությունների մասին:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա, թերեւս, պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ըստ Հակոբյանի, ամեն գնով հարաբերություններ հաստատելու մտադրությամբ:

«Ես կարծում եմ, որ արդեն սովորական է դարձել, որ ներկայիս իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք միշտ ականատես ենք լինում նույնիսկ ոչ թե կրկնակի, այլ բազմաթիվ ստանդարտների, այսինքն, կան ճշմարտություններ և հայտարարություններ, որոնք ուղղված են ներքին լսարանին, եւ կան իրական գործողություններ, իրական ելույթներ, հայտարարություններ և մեսիջներ, որոնք ուղղված են արտաքին լսարանին, և դրանք որևէ աղերս շատ դեպքերում չեն ունենում մինչ այդ հայտարարվածի հետ, այսինքն, այն հայտարարությունների հետ, որոնք պետք է, այսպես ասենք, շոյեն ներքին լսարանի ականջը:

Այն հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն անում էր թեկուզ իր, այսպես կոչված, ասուլիսի ժամանակ՝ խոսելով, որ ամենուրեք պետք է բարձրացվի Ադրբեջանի գործողությունների և վարած քաղաքականության շուրջ հարցերը, ինչպես տեսանք, Ժողովրդավարության ֆորումում նման հարցեր առհասարակ չբարձրացվեցին: Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի համար առաջնային է, այսպես կոչված, իբր խաղաղության դարաշրջան բացելը, որի առանցքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով, այսպես ասած, բարիդրացիական հարաբերություններ հաստատելն է:

Այդ պարագայում, ըստ Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի պատկերացումների, առհասարակ չպետք է բարձրացնել հարցեր, որոնք զգայուն են թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի համար: Սա արտահայտվում է ոչ միայն այս ֆորումում հնչած ելույթում, այլ նաև ԱԳՆ-ի կողմից ցեղասպանությունների վերաբերյալ տարածված հայտարարությունում, որում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ոչ այնքան Հայաստան պետության դիրքորոշում էր, այլ, կարծես, երրորդ չեզոք երկրի, որտեղ չկա Հայոց ցեղասպանության հարցը:

Ամեն ինչ մի շղթա է՝ կա գերագույն նպատակ՝ ցանկացած գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել, այդ թվում՝ նախ եւ առաջ նաև Հայաստանի ու ժողովրդի համար արժեհամակարգային և, նույնիսկ, տարածքային հարցերում հստակ զիջումներ գնալով: Նորից եմ ասում՝ կան կրկնակի ստանդարտներ՝ մի բան է ասվում ներքին լսարանի համար՝ երկրում սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, և բացարձակապես այլ գործողություններ են արվում բառացիորեն մի քանի օր հետո՝ արդեն բուն այն հարթակներում, որտեղ, իբր, պետք է բարձրացվեին այն հարցերը, որոնք ազդարարվում էին ներքին լսարանի համար:

Տպել
Ամենաշատ