News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Գլխավորև դատախազությունը աննախադեպ հայտարարություն տարածեց. նախկինում, իհարկե, դատախազությունը մեզ շատ է զարմացրել, բայց ոչ այս մակարդակի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորների վերաբերյալ ՍԴ որոշմանը հաջորդած Գլխավոր դատախազության գնահատականին:

Նրա խոսքով՝ դատախազությունը, փոխանակ հայցեր «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորների ու նրանց հարազատների ներողամտությունը, վիճահարույց ձևակերպումներով է հանդես գալիս՝ մեկնաբանելով ՍԴ-ի որոշումը:

«Ինչպե՞ս են իրենք փորձելու արդարանալ, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջությունը քայքայել են։ Փոխանակ նման տրամաբանություն իրենք ներկայացնեն, որոշեցին, հերիք չէ, մեկնաբանել ՍԴ որոշումը, դեռ մի բան էլ գնահատական տալ, քննադատություն ներկայացնել»,- ընդգծեց Վարդևանյանը։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց դատախազության հայտարարության մեջ կիրառված արտահայտություններին. «Իրավական անկանխատեսելիություն», «սահմանադրի կամքի խեղաթյուրում»։ Դատախազությունը որոշել է, որ ինքը կարող է բացահայտել սահմանադրի կամքը վերջնական ձևով, նաև որոշել է, որ Սահմանադրական դատարանը խեղաթյուրել է սահմանադրի կամքը։ Սա աբսուրդ չէ, սա շատ ցավալի երևույթ է, սա նշանակում է, որ դատախազությունը չի պատկերացնում իր տեղն ու դերն իրավական համակարգում։ Սա նշանակում է, որ դատախազությունն ուղղակի կտրվել է իրականությունից և իրավունքից, օրենքից, այդ թվում՝ Սահմանադրությունից»,- ընդգծեց Վարդևանյանը։

Նա նկատեց, որ Սահմանադրության մեկնաբանման կանոնների բացառիկ լիազորությունը պատկանում է միայն Սահմանադրական դատարանին, ուստի, դատախազությունը չէր կարող իրեն նման առաքելություն վերապահել. այդ կառույցը սահմանափակված է բացառապես իրեն վերագրված լիազորություններով։

«Այդ լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 176-րդ հոդվածում, որտեղ չեք գտնի գեթ մեկ բառ, որ դատախազությունը կամ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երբևէ կարող է գնահատական տալ Սահմանադրական դատարանի որոշումներին»,- նշեց Վարդևանյանը։

Նա հավելեց՝ պաշտոն ստանձնելիս դատախազը երդվում է ղեկավարվել սահմանադրությամբ, իսկ սահմանադրությամբ ղեկավարվելը նույնն է, ինչ ղեկավարվել Սահմանադրական դատարանի որոշումներով։ Բացի այդ, դատախազները պարտավոր են դրսևորել քաղաքական չեզոքություն։

«Հարց է առաջանում՝ այսօր դատախազության տարածած տեքստն ավելի շատ իրավակա՞ն բնույթի էր, թե՞ քաղաքական բնույթի տեքստ էր։ Ակնհայտ է, որ այն քաղաքական բնույթի տեքստ էր։ Այդ տեքստի հետ ՀՀ-ում կարող էր համաձայն լինել բացառապես իշխանական քաղաքական ուժը՝ մի պարզ պատճառով, որովհետև դա միակ ուժն էր, որն այս 5 ամսվա ընթացքում գտնում էր, որ խնդիր չկա, որ 3 պատգամավոր գտնվում է անազատության մեջ»,-նշեց Վարդևանյանը։

Գլխավոր դատախազության հայտարարությունը պատգամավորը մեծ հարված համարեց իրավական պետությանն ու սահմանադրական կարգին։

«Ես կարող եմ պնդել, որ ՍԴ-ի վրա, փաստորեն, ակնհայտ ճնշումներ են եղել, որովհետև եթե դատախազությունը նման էմոցիաներ է հրապարակային արտահայտում, պատկերացրեք՝ ինչպիսի կուտակված էմոցիա են ունեցել իրենց մոտ։ Այստեղ շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանը դիմադրել է այդ ճնշումներին»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց, որ դատախազության նշված հայտարարությանը պետք է իրավական գնահատականներ հաջորդեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ