News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շոստակովիչի ստեղծագործությունների ներկայացմամբ մեկնարկեց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը, որը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը կատարեց կոմպոզիտորի Թիվ 12 սիմֆոնիան։ Հետագա համերգները նվիրված կլինեն Պրոկոֆևի և Խաչատրյանի ստեղծագործություններին։

Ալեքսանդր Ռոմանովսկին բազմիցս է հանդես եկել հայկական բեմում՝ հայ երաժշտասերներին ներկայանալով կատարողական բարձր վարպետությամբ։ Ինքը՝ դաշնակահարը, շեշտում է, որ յուրաքանչյուր երաժշտի համար շատ կարևոր են շփումները, համագործակցությունը տաղանդավոր մարդկանց, համախոհների հետ։ Այս համատեքստում նա գնահատում է համագործակցությունը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և նրա երաժիշտների հետ։ «Այդ շփումները շատ արժեքավոր են ինձ համար, ինչը նաև ոգեշնչում է։ Ամեն անգամ մեծ հետաքրքրությամբ եմ այցելում Հայաստան։ Շոստակովիչի 1-ին և 2-րդ կոնցերտները ես դեռ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ չեմ կատարել, այնպես որ՝ հետաքրքրությամբ եմ սպասում մեր ելույթին, և կարծում եմ՝ երաժշտասերները նույնպես հետաքրքրությամբ կընդունեն այն»,- ասաց Ռոմանովսկին։ Նա նաև նշեց, որ հայ կոմպոզիտորներից կատարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, հույս ունի, որ կանդրադառնա նաև այլ հեղինակների գործերին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանում չէինք կարող չունենալ Խաչատրյանի անունը կրող փառատոն. «Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբն այն ստեղծեց։ Միջազգային հաջողությունները ցույց են տալիս, որ իսկապես լավ աշխատանք ենք կատարել։ Այս տարիների ընթացքում ներկայացված ծրագրերն ու ճանաչված արտիստների մասնակցությունը Խաչատրյանի անվան փառատոնին խոսում է այս կարևոր միջոցառման հեղինակության մասին»։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին և նվիրված կլինի Սերգեյ Պրոկոֆևի արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Վալենտինա Լիսիցան։

Տպել
Ամենաշատ