«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:

«Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։

#Ապագա_կա_Վեդի

Եվ այդ ապագան միասին ենք կերտելու», - գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Վեդի համայնքում առավել մեծ քանակով ձայներ ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 44 %, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որ ստացել է 39 տոկոս, իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 17 %-ով։

«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։