News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրք բանվոր Հասան Սարիքայը ասում է, որ աշխատանք, փող եւ ավելի լավ ապագայի հույս չունի, քանի դեռ նախագահ Թայիփ Էրդողանը՝ առաջնորդը, որին տարիներ շարունակ սատարել է ինքը, մնում է իշխանության ղեկին, գրում է Reuters-ը։

Ինչպես Էրդողանի կառավարման առաջին տարիներին տնտեսական վերելք ապրող Թուրքիայի պահպանողական կենտրոնում գտնվող Կոնիա արդյունաբերական քաղաքի շատ բնակիչներ, Սարիքայը տուժել է լիրայի փլուզումից, ինֆլյացիայի աճից եւ բիզնեսի ակտիվության անկումից:

Նրանց դժբախտությունները կարող են խնդիր լինել Էրդողանի համար, քանի որ տնտեսական ցավը խափանում է Թուրքիայի ամենահաջողակ ժամանակակից քաղաքական գործչի աջակցությունը եւ հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսված են 2023 թվականի կեսերին, դարձնում են վատագույն փորձությունը նրա իշխանության երկու տասնամյակի ընթացքում:

«Ես աշխատանք եմ փնտրում, պարտքերս չեմ կարողանում վճարել... լուծումներ չկան։ Մարդիկ արդեն մինչեւ կոկորդը կուշտ են»,- ասել է Սարիքայը՝ ելույթ ունենալով Կոնիայի աշխույժ փողոցում։ «Ես տարիներ շարունակ քվեարկել եմ (Էրդողանի օգտին)... Հիմա նա ինքն իրեն չի կարող փրկել»։

Ավելի քան մեկ տասնյակ ազգային եւ տեղական ընտրություններում հաղթանակների շնորհիվ Էրդողանի գավչությունը հիմնված էր ռեկորդային տնտեսական աճի եւ աստվածապաշտ պահպանողական արժեքների վրա, որոնք հիացնում էին միլիոնավոր մահմեդական թուրքերի, ովքեր երկար ժամանակ իրենց անտեսված էին զգում աշխարհիկ էլիտայի կողմից:

Կոնիան իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հենակետն էր եւ նրա իշխանության ներքո գյուղատնտեսական կենտրոնից վերածվեց արդյունաբերական կենտրոնի:

2018-ի նախագահական ընտրություններում Էրդողանը Կոնիայում ստացել է ձայների 75%-ը, իսկ ԱԶԿ-ի աջակցությունն ավելի մեծ է եղել, քան Թուրքիայի 81 նահանգներից բոլորում, բացառությամբ մեկի։ Այս տիրակալությանը այժմ աննախադեպ խնդիրների մի հավաքածու է սպառնում:

Կոնիայի մյուս բնակիչները, ներառյալ արդյունաբերության աշխատողները, ֆերմերները եւ ուսանողները, Reuters-ի հետ զրույցում կրկնել են Սարիքայի բողոքները գների աճի եւ աշխատատեղերի կրճատման վերաբերյալ:

Թեեւ շատերը հայտարարել են, որ հաջորդ ընտրություններում կսատարեն Էրդողանի կուսակցությանը, վերջին տարվա համազգային հարցումները ցույց են տալիս, որ Սարիքայի հիասթափությունը ավելի լայն միտումի մաս է կազմում, երբ ընդդիմադիր կուսակցությունները գերազանցում են ԱԶԿ-ին եւ նրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

«Նախկինում երբեք ԱԶԿ-ին նման ցածր աջակցություն մենք չենք տեսել»,- ասել է Տնտեսական եւ արտաքին քաղաքականության հետազոտությունների ստամբուլյան կենտրոնի տնօրեն Սինան Ուլգենը: «Աճում է այն ընկալումը, որ 2023 թվականին քաղաքական փոփոխություններ են լինելու».

Էրդողանը Թուրքիան ղեկավարել է նախ՝ որպես վարչապետ, ապա՝ 2003 թվականից որպես նախագահ։ Երեք տարի առաջ նոր նախագահության օրոք նա իր վրա ավելի լայն լիազորություններ վերցրեց, ինչն, ըստ քննադատների, ստեղծեց հիպերկենտրոնացված համակարգ, որը վատ էր հարմարեցված Թուրքիայի տնտեսական, քաղաքական եւ անվտանգության խնդիրները լուծելու համար:

Իշխանությունը հաստատություններից եւ նախարարություններից տեղափոխվեց Անկարայի նախագահական ընդարձակ պալատ: 2019 թվականից Էրդողանը աշխատանքից ազատել է կենտրոնական բանկի երեք ղեկավարների, իսկ հոկտեմբերին ազատել է երեք բանկերի ղեկավարների։

Էրդողանն ասում է, որ կենտրոնական բանկը մնում է անկախ, սակայն այն ենթարկվում է տոկոսադրույքները ինֆլյացիայից ցածր իջեցնելու իր կոչին, որն այս տարի լիրայի ց 56%-ով իջեցման պատճառ է դարձել եւ բարձրացրել է հասարակ թուրքերի կյանքի արժեքը:

Նրա հակառակորդները, ոգեշնչված աջակցության զանգվածից, անցնում են հարձակման՝ նրան մեղադրելով այն բանում, որ Թուրքիային աղքատության է հասցրել։

Էրդողանի խնդիրները խորանում են հենց նախագահական համակարգի պատճառով, որը նա պաշտպանում էր, որը պահանջում է ձայների բացարձակ մեծամասնություն, ինչը զրկում է թեկնածուներին շեմը հաղթահարելու համար դաշինքներ կազմելու հնարավորությունից:

Հարցումները ցույց են տալիս, որ երեք պոտենցիալ հակառակորդները՝ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետները՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (ԺՀԿ), եւ ազգայնական IYI կուսակցության առաջնորդը կհաղթեն նրան ուղիղ մրցավազքում: «Սա «հաղթողն ամեն ինչ է ստանում» համակարգ է, որը մեծացնում է ռիսկը այն ժամանակ, երբ նրա քաղաքական ժողովրդականությունը նվազում է»,- ասել է Ուլգենը:

Ընտրություններում առաջին անգամ Էրդողանը կբախվի նաեւ երկու պառակտված կուսակցությունների, որոնք ստեղծվել են իր ԱԶԿ-ի հիմնադիր անդամների կողմից:

Դրանցից մեկը «Գելեչեկ» («Ապագա») կուսակցությունն է, որը գլխավորում է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մյուսը՝ Էրդողանի նախկին դաշնակից Ալի Բաբաջանն է։ Երկուսն էլ ԱԶԿ-ի հիասթափված ընտրողներին Էրդողանին մերժելու հնարավորություն են առաջարկում՝ չհրաժարվելով նրա պահպանողական արժեքներից:

Թեեւ նոր կուսակցություններին ազգային աջակցությունը մնում է միանիշ թվերով չափվող ցածր մակարդակի վրա, նույնիսկ նրանց օգտին աննշան տատանումները կարող են բավական վնաս հասցնել Էրդողանին, որպեսզի բեկեն իրավիճակը:

«2018 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները, երբ Թուրքիայում Էրդողանի օրոք առաջին տնտեսական ճգնաժամը տեղի ունեցավ… բոլորը մատնացույց են անում այն փաստը, որ Էրդողանը սուլթան է դարձել իր կարիերայի ավարտին»,- ասել է Մերձավոր եւ հեռավոր արտասահմանի հարցերով վաշինգտոնյան ինստիտուտի թուրքական հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Չագափթայը:

Ակտիվացել են նաեւ 67-ամյա առաջնորդի առողջության հետ կապված մտահոգությունները, որոնք նախագահական պալատը հերքել է։ Իր ջերմեռանդ հռետորությամբ հայտնի Էրդողանը անցյալ տարի երբեմն հոգնած ու գունատ տեսք ուներ, դժվար էր տեղաշարժվում եւ ննջում էր տեսախցիկի առջեւ։

Մի երկրում, որտեղ բնակչության կեսը մինչեւ 31 տարեկան է, շատերն այլ ղեկավարի չեն ճանաչել։ Էրդողանն ասում է, որ երիտասարդ թուրքերը պետք է գնահատեն երկրի առաջընթացը իր ղեկավարության ներքո, նա ամեն ինչ արել է երիտասարդների մեծ մասին գրավելու համար:

Այդուհանդերձ Էրդողանի կուսակցությունը շարունակում է ավելի շատ աջակցություն վայելել, քան ցանկացած այլ կուսակցություն, եւ կարող է ակնկալել հիմնականում իր կողմնակիցներին պատկանող լրատվամիջոցների գրեթե ամբողջական աջակցությունը:

Նրա իշխանության օրոք շինարարական բում է սկսվել ու բարելավվել է բժշկական սպասարկումը, եւ հավատացյալ թուրքերը ողջունել են գլխաշոր կրելու սահմանափակումների վերացումը:

Նրա հակառակորդների թույլ դաշինքը չունի համաձայնեցված քաղաքական հարթակ եւ դեռ պետք է նախագահի թեկնածու ընտրի:

Սակայն Էրդողանի հեռանկարների վերաբերյալ աճող անորոշությունը տարածվում է ամբողջ աշխարհում, որտեղ նա Թուրքիայի որոշ դաշնակիցների եւ մրցակիցների հետ լարված հարաբերությունները վերականգնելու անվստահ փորձեր է կատարում:

Պաշտոնաթող դեսպան Ունալ Չեւիկոզն ասել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը եւ Իսրայելը, որոնք վաղուց թշնամաբար են տրամադրված Էրդողանի հանդեպ, չեն շտապում նրա հետ հաշտվել: «Մարդիկ զգում են, որ հիմա փոփոխությունների քամի է փչում, եւ բոլորը սպասում են իշխանափոխության»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ